Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած պարագայում ելքը այս իրավիճակից` տնօրենի թափուր տեղի նոր ընտրություններն են»․ Մետաքսյա Բաբայան

Մարտ 15,2021 20:05

Դեռևս լարված են կրքերը քաղաք Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։ Մինչ օրս շարունակվող գործադուլ, դասադուլ, ուսուցիչների և դպրոցի ղեկավար կազմի աշխատակիցների ապօրինի կերպով աշխատանքից ազատում, աշակերտների դասապրոցեսների տապալում։

Փլուզման առաջ կանգնած այս դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին պարզաբանումներ ու լուծումներ տալու համար մարտի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրվել էր ասուլիս, որի հյուրերն էին դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և տնօրենի տեղակալներ Մարիա Հանիսյանն ու Արմեն Ավագյանը։

Ըստ Մետաքսյա Բաբայանի՝ այս խնդիրը քաղաքականացված էր ի սկզբանե։ Տնօրենի թափուր տեղի համար իր թեկնածությունը նախարարի կողմից մերժվելու հիմնական պատճառը եղել էր իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ լինելն ու դպրոցում կուսակցական գործունեություն ծավալելը, որը Մետաքսյան հերքեց, հայտարարելով, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ երբևէ չի եղել՝ չնայած հարգում ու գնահատում է Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը։ Նա նաև նմանատիպ պնդում առաջ քաշեց նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի մասին։ Համաձայն Մետաքսյայի պնդման՝ Քարմիլե Առաքելյանը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։

Իր աշխատանքից ոչ միայն զրկվել է նախկին տնօրենը, այլ տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը։ Նա իր աշխատանքից ազատումը անօրինական է համարում։

«Ծրարը ստացել եմ մարտի 13-ին, կարդացել և տեսել եմ, որ ինձնից բացատրագիր են պահանջում։ Մինչև չորեքշաբթի ես ժամանակ ունեի բացատրագիր գրելու։ Մտածեցի կգրեմ չորեքշաբթի օրը, փոստով կուղարկեմ։ Հետո իմացա, որ մարտի 12-ին հրաման է տվել ինձ ազատեն։ Սա «անօրինականություն է», ասաց Արմենը ու հավելեց, որ այսպես են աշխատանքից ազատվել նաև փոխտնօրեն Մարիա Ավանեսյանը և տնտեսվար Նունե Քավարյանը»։

Դպրոցում տիրող այսպիսի մթնոլորտից ամենաշատը տուժում են երեխանները։ Այժմ Աբովյանի Թիվ 1 դպրոցում դասավանդում են նոր ուսուցիչներ։ Մետաքսյա Բաբայանը այս հանգամանքով բացատրեց այն փաստը, որ այս պահին շատ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխում են այլ դպրոցներ։

Հիշեցնենք, որ դպրոցում դասապրոցեսների վերականգմամբ մտահոգված է նաև նորանշանակ տնօրենը։

Այս լարված վիճակից դուրս գալու իրենց տարբերակն առաջարկեց նաև նախկին տնօրենը․

«Հաշվի առնելով այս բոլոր իրավախախտումները, ուսուցչական կոլեկտիվը դիմել էր նախարարություն, որպեսզի նախարարությունը հեռացնի տիկին Առաքելյանին տնօրենի պաշտոնից և նշանակի տնօրենի թափուր տեղի նոր ընտրություններ։ Ցանկացած պարագայում ելքը այս իրավիճակից տնօրենի թափուր տեղի նոր ընտրություններն են»։

Հռիփսիմե Վարդերեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031