Զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելը անխուսափելիորեն կանդրադառնա մամուլի ազատության վրա, իսկ Նախագծով սահմանված տուգանքի չափերի և ազատազրկման պայմաններում անգամ կասկածի տակ կդրվի զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը և խոսքի ազատությունը։
ՀՔԱՎ-ը դիրքորոշում է ներկայացրել e-draft.am-ում հանրային քննարկման դրված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3171 հոդվածով․
«Հոդված 3171. Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը.
Կարդացեք նաև
1․Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2․Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»
ՀՔԱՎ-ը գնահատել է Նախագծի համապատասխանությունը՝ համաչափության, իրավական որոշակիության, օրենքի առջև բոլորի հավասարության, հետապնդվող նպատակի իրավաչափության և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության միջազգային իրավական սկզբունքներին, և դիրքորոշում հայտնել, որ Նախագիծը հակասում է վերոնշյալ սկզբունքներին։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Դիրքորոշումը ներկայացված է նաև e-draft.am-ում։