Այսօր Գյումրու Մուշ թաղամասում ժամը 14.00֊ի սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել. 1987 թվականին ծնված Հ.Թ֊ն իր բնակարանի մուտքի մոտ զրույցի է հրավիրել իր հարևանին` 1984 թվականին ծնված Ռ.Մ֊ին։ Զրույցի ընթացքում իր մոտ եղած դանակով ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել հարևանի մարմնի տարբեր մասերին` կոկորդին, աչքի տակ, որովայնին, թևերի հատվածում։ Նա տեղում մահացել է։ Դեպքին միջամտել է Ռ.Մ֊ի կինը և հորաքրոջ տղան, որոնց ևս Է.Թ.ն մարմնական վնասվածքներ է հասցրել։
Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանից։ Դատախազն ասաց, որ տուժողի կնոջը` պարանոցի աջ կողմի կտրած֊ծակած վերքով, և հորաքրոջ որդուն` ձախ նախաբազկի կտրած֊ ծակած վերքով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Դատախազի տեղեկացմամբ՝ հարուցվել է քրգործ ՀՀ Քր. օրենսգրքի 34-104 հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով, այն է` երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելը։
Հ.Թ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Դատախազը նաև ասաց, որ Հ.Թ.֊ն 2007 թվականից հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում շիզոֆրենիա֊պարանոիդ ախտորոշմամբ։
Կարդացեք նաև
Նշենք, որ սպանվածը տաքսու վարորդ է, որն այս տարվա հունվարի 30֊ին Արագածոտնի մարզում բախվել էր մի մեքենայի, ավտովթարի հետևանքով մահացել էին նրա երկու ուղևորները, որոնք Հ.Թ֊ի հայրն ու եղբայրն են։ Արագածոտնի վարչությունում կա հարուցված քրգործ։
Չի բացառվում, որ Հ.Թ.֊ն հարևանից այս պատճառով վրեժ է լուծել։
Գյումրի Բ/Կ֊ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ կնոջ պարանոցը վիրահատել են, հիվանդանոց տեղափոխված տղամարդուն այս պահին վիրահատում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի