«Արդեն որերորդ վկայի ցուցմունքը տարբերվում է մյուսից: Ես համոզմունք ունեմ, որ նախաքննական մարմնում կա ճնշում եւ մենք ակնհայտ տեսնում ենք, որ դատախազի կողմից անուղղակի ճնշում է գործադրվում»,-այսպիսի կարծիք հայտնեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ: Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ ՊՎԾ նախկին ղեկավարի գործով դատական նիստը: Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ՝ այս գործով ճնշում կա. «Որովհետեւ, եթե դատարանում, լրատվամիջոցների ներկայությամբ նման ճնշում է գործադրվում, պատկերացրեք՝ քննչական մարմնում ինչ է տեղի ունենում»:
Թե ինչու է նրա նկատմամբ այդպիսի գործ հարուցվել՝ լրագրողների հարցին Դավիթ Սանասարյանը պատասխանեց, թե այն համոզմանն է, որ նպատակը եղել է իրեն մեկուսացնելը. «Բայց հիմա այնպիսի գործունեություն եմ ծավալելու, որ ավելի շատ եմ խանգարելու»:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։
Այս նիստում դատարանը լսեց վկա առողջապահության նախկին նախարարի նախկին գլխավոր քարտուղար Հարություն Հարությունյանին: Վկան ասաց, որ ի սկզբանե «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացրած սերտիֆիկատի իսկությունը որոշակի կասկածներ է հարուցել, որից հետո ընկերությանը նամակ է գրել՝ նոր սերտիֆիկատ ուղարկելու հորդորով: Ըստ նրա՝ նոր ուղարկածը նույնպես կասկած է հարուցել: Բայց «Զորաշեն» ՍՊԸ-ն, ամեն դեպքում, մրցույթում հաղթող է ճանաչվել:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազ պարոն Սարգսյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքով է հաղթող ճանաչվել «Զորաշեն» ՍՊԸ-ն, երբ անգամ չեն պարզել՝ որակյա՞լ ապրանք է մատակարարում, թե՞ ոչ: Վկան ասաց, որ չէին կարող սերտիֆիկատի պատճառով հաղթող չճանաչել: Ասաց, որ սերտիֆիկատը պետք է ներկայացվի մատակարարման պահին: Ապա վկան հայտնեց, որ իր աշխատասենյակում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ քննարկել են «Զորաշենի» հարցը, ինչպես նաեւ դիալեզին առնչվող հարցեր: Ներկաների թվում եղել է նաեւ ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանը, որի անվան հետ էլ կապվում է «Զորաշեն» ՍՊԸ-ն:
Դատախազի հարցին՝ նորմա՞լ է, երբ վերահսկողական գործառույթ ունեցող մարմնի ներկայացուցիչը գնում է մեկ այլ պետական մարմնում քննարկելու կոնկրետ առեւտրային կազմակերպության սերտիֆիկատների հետ կապված խնդիրներ, վկան Հարություն Հարությունյանն ասաց, որ երբեւէ նման բան չի եղել, որ դա առաջին դեպքն էր:
Դատախազի հարցին՝ ձեր մոտ ի՞նչ առաջացրեց այդպիսի քայլը, վկան պատասխանեց, որ Ադյանի ներկայությունն իրեն մտածելու տեղիք է տվել, որ կարող է նրա կողմից որոշակի շահագրգռվածություն լինել: Վկան նաեւ հայտնեց, որ այդ մասին տեղյակ է պահել առողջապահության փոխնախարարին եւ նախարարին: Ասել է, որ այդ գործով ՊՎԾ աշխատակիցների կողմից որոշակի հետաքրքրվածություն կա:
Դատախազը հետաքրքրվեց՝ ՊՎԾ պաշտոնյայի շահագրգռվածությունը ճնշե՞լ է նրան, որպեսզի «Զորաշեն» ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի, վկան ասաց, որ ոչ՝ գնային առաջարկով է «Զորաշենը» մրցույթում հաղթել, բայց ասաց, որ անուղղակի կաշկանդվել է նրանց շահագրգռված լինելու փաստից:
Վկան նաեւ դատարանում պատասխանեց դատախազի հարցին՝ նշելով, որ նախաքննական մարմնում իր վրա որեւէ ճնշում չի եղել եւ ինչ ցուցմունք որ տվել է՝ ճիշտ է: Վկա Հարությունյանը հայտնեց, որ մրցույթում բոլոր ընկերությունների համար հավասար պայմաններ են եղել: Վկան սակայն մի շարք հարցերի չէր կարողանում հստակ պատասխանել՝ նշելով, որ վաղուց է եղել, մանրամասներ չի հիշում:
Դատախազ Սարգսյանն ընթերցեց Հարություն Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա մտահոգություն էր հայտնում ՊՎԾ աշխատակցի շահագրգռված լինելու վերաբերյալ, ապա դատարանի դահլիճում դատախազը հարց հնչեցրեց. «Ամփոփելով ձեր նախաքննական, դատաքննական ցուցմունքները, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ այո, մրցույթում հաղթող ճանաչվելու հարցում դեր են խաղացել ձեր եւ հանձնաժողովի աշխատակիցների, առողջապահության նախարարության մյուս աշխատակիցների կողմից Սամվել Ադյանի եւ Գեւորգ Խաչատրյանի կողմից գործադրված անուղղակի ճնշումները: Եվ նրանց հետ հարաբերությունները չփչացնելու, ինչպես նաև հետագայում ՊՎԾ-ի հետ խնդիրներ չունենալու նկատառումներից ելնելով է այդպես եղել»:
Վկան դատախազին ուղղեց՝ չափանիշների փոփոխման հարցում: Ապա մտորելուց հետո ասաց՝ ընդհանուր առմամբ, այո: Ասաց, որ մրցույթի պայմաններն իջեցրել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ