Ermenihaber. Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է հայկական գերեզմանոցի վրա շինարարական աշխատանքների հարցը:
Նա գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին` պահանջելով պարզաբանել, թե ինչու չի դադարեցվել նշյալ տարածքում բետոնապատման աշխատանքները:
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել թուրք նախարարին.
Կարդացեք նաև
1.Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը:
2.Նկատո՞ւմ եք, որ «TOKİ»-ն ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:
3.Ինչո՞ւ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների և մշակութային արժեքների վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ էր արել դադարեցնել շինարարական աշխատանքները։
Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։
Շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել էին «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին»։