Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են իրենց ռազմական կարողությունները խոշոր գնումների հաշվին: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում:
«2016-2020թթ. ընթացքում Ռուսաստանն ապահովել է Հայաստանի սպառազինությունների ներմուծման 94 տոկոսը, այն դեպքում, երբ Ադրբեջանի ներմուծումների 69 տոկոսն ապահովել է Իսրայելը»,- ասվում է զեկույցում:
Ընդհանուր առմամբ աշխարհում 2016-2020թթ. խոշոր սպառազինությունների միջազգային փոխադրումները նախորդ հնգամյա ժամանակահատվածի (2011-2015թթ.) համեմատությամբ մնացել են նույն մակարդակի վրա: Սպառազինության 5 խոշոր արտահանողներից 3-ի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից մատակարարումների ավելացումը հավասարակշռվում է մյուս երկուսի՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառազինության արտահանման ծավալների կրճատմամբ:
Սպառազինության վաճառքի համաշխարհային առաջատարը մնում է ԱՄՆ-ը: Ռուսաստանը, թեև զբաղեցնում է երկրորդ տեղը, բայց վերջին 10 տարիներին զգալիորեն նվազեցրել է արտահանման ծավալները: Սպառազինության երրորդ խոշոր արտահանողը Ֆրանսիան է, չորրորդը Գերմանիան, իսկ հինգերորդը՝ Չինաստանը:
Կարդացեք նաև
Սպառազինության ամենամեծ ծավալներն ուղղվում են Մերձավոր Արևելք, գնումների ծավալներով առաջին տեղում Սաուդյան Արաբիան է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ