Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացվել է նորագույն լաբորատորիա ճանապարհաշինության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար

Մարտ 15,2021 14:51

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից համակարգվող Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «ՇԻՆ-ԼԱԲ» ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնվել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրին միտված ուսումնագիտափորձարարական ժամանակակից լաբորատորիա‚ որտեղ հետազոտություններ կիրականացնեն և իրենց գիտելիքները կկատարելագործեն ճանապարհաշինության ոլորտում մասնագիտացող ուսանողները։

«ՇԻՆ-ԼԱԲ» ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը նշեց, որ թեև բուհը պարբերաբար թարմացնում է իր լաբորատոր բազան‚ սակայն տրանսպորտային ուղիների շինարարությանն ու շահագործմանն ուղղված բազմաֆունկցիոնալ նման լաբորատորիա բացվում է առաջին անգամ։ Պարոն Հովհաննիսյանը նկատեց‚ որ այս նախագծի նպատակը «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև բուհի կարողությունների հզորացումը։ Ծրագրի արժեքը մոտ 350 հազար դոլար է։ Նորագույն փորձասարքերը թույլ են տալիս կրթության գործընթացը կազմակերպել՝ առավել կարևորելով պրակտիկ‚ հետազոտական կողմը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը‚ խոսելով լաբորատորիայի մասին‚ նշում է‚ որ այն հագեցվել է գերժամանակակից, որակյալ, հիմնականում իտալական արտադրության սարքավորումներով։ Դրանց թվում են‚ օրինակ‚ բիտումի փորձարկման սարքավորումները՝ մածուցիկության չափման վիսկոզիմետր‚ փափկեցման կետի որոշման գունդ և օղակ սարք, պենետրոմետր, ասֆալտբետոնային խառնուրդների նախագծման Մարշալի թեստի ամբողջ ցիկլի սարքավորումներ, գրունտների առաձգականության մոդուլի և խտության որոշման սարքավորումներ, ջերմաչափեր‚ մուֆելային վառարան‚ վիբրոմաղեր և այլն։

Պարոն Գյուլզադյանը նշում է‚ որ լաբորատորիայի փորձերի գործընթացին կներգրավվեն եւ բակալավրիատի‚ եւ մագիստրատուրայի ուսանողները։ Նա նաև տեղեկացնում է‚ որ պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն ուսումնական ծրագրերում՝ համապատասխանեցնելով դրանք լաբորատորիային։ Ըստ պարոն Գյուլզադյանի՝ լաբորատորիայի աշխատանքներին երիտասարդ, որակյալ կադրերի ներգրավումն ամբիոնի գործունեության համար սահմանված առաջնահերթություններից է‚ և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ տարվում են։

Ամբիոնի վարիչը նկատեց որ ճանապարհաշինության որակը մեծապես պայմանավորված է նաև լաբորատոր փորձաքննությունների որակով‚ ուստի խիստ կարևորում է նման լաբորատորիաների‚ փորձաքննող մասնագետների աշխատանքն ու ճիշտ կառավարումը։

Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031