Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության «միտումնավոր անգործության» հետեւանքով գերիները դարձել են Հայաստանի վրա քաղաքական ճնշման գործիք. Խոսրով Հարությունյան

Մարտ 15,2021 14:42

«Ճգնաժամը, մեր երկրում սոցիալական, տնտեսական ոլորտների տապալումների հետեւանք չէ: Նույնիսկ ճգնաժամը հետեւանք չէ COVID-ի դեմ անհաջող պայքարի: Ճգնաժամը, որում հիմա մենք հայտնվել ենք, ուղիղ պայմանավորված է պատերազմով եւ պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում իշխանությունների գործողություններով: Այստեղ խոսքը սոցիալ-տնտեսական ձախողումների մասին չէ, որ փորձենք ընտրություններով հանգուցալուծել: Մենք կանգնած ենք պետականության գահավիժման վտանգի առջեւ: Սա ճգնաժամ ասելը, նշանակում է` ոչինչ չասել»,- «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը`չկիսելով իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության տեսակետը, թե արտահերթ ընտրությունները երկիրը կարող են հանել ստեղծված ճգնաժամից։

Խոսրով Հարությունյան

«Այն քաղաքական ուժը, այն լիդերը, որ երկիրը բերել է այս վիճակին, նա որեւէ մի կերպ չի կարող հավակնել անգամ ընտրողի վստահությանը»,- կարծում է նախկին վարչապետը՝ հիշեցնելով, որ Հայաստանի պարտությունները շարունակվում են նաեւ պատերազմի ավարտից հետո`ցայսօր։ Իր գնահատմամբ, գործող իշխանության «միտումնավոր անգործության» հետեւանքով գերիները դարձել են Հայաստանի վրա քաղաքական ճնշման գործիք, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն կար՝ բոլորը բոլորի դիմաց. «Առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ ունենալ ասելու`դուք մեր բոլոր գերիներին եք վերադարձնում, մենք՝ ձեր։ Բայց մենք ոչ միայն գերիներին, այլ ահաբեկիչներին վերադարձրինք: Մեկն ասում է`տհասություն, մյուսը`տգիտություն, բայց ես ասում եմ`ոչ. այս ամենը ծրագրի տրամաբանական կոնցեպտի մեջ է տեղավորվում: Այսինքն, Ադրբեջանի ձեռքին թողնել հաղթաթղթեր, որոնց ազդեցության տակ մենք հետագայում պետք է քայլեր անենք`ասելով, որ այլ տարբերակ չունենք: Ճիշտ այնպես, ինչպես ասվեց, որ եթե Գորիս-Կապան ճանապարհը չզիջեինք ադրբեջանցիներին` բանավոր ըմբռնմամբ, շատ հնարավոր է ռազմական գործողությունները տեղափոխվեին Սյունիք»: Նրա համոզմամբ, նման կեղծ մեկնաբանությունները միշտ էլ հնարավոր է կապել գերիների վերադարձի հարցի հետ`նկատելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան Սյունիքով միջանցքի մասն խոսում են իբրեւ պայմանավորված փաստ եւ իրենք կստիպեն, որ մենք կատարենք այդ պայմանավորվածությունը:

Սա ևս, նախկին վարչապետը դիտարկում է պատերազմի տրամաբանական պարտության ծրագրի շրջանակում, որը հետեւողականորեն եւ քայլ առ քայլ կատարում է այսօրվա իշխանությունը: Ուստի, այս իրավիճակում, ըստ Խոսրով Հարությունյանի, իշխանությունը պետք է ոչ թե ընտրությունների հետեւանքով անվստահություն ստանա, այլ հեռացվի իշխանությունից եւ կանգնի օրենքի առաջ պատասխանատվության. «Սա են պահանջում թե բարոյական, թե քաղաքական, թե քաղաքագիտական, թե անվտանգային բոլոր պայմանները։ Հետեւաբար, երբ ինձ ասում են, արտահերթ ընտրությունները միջոց են հաղթահարելու ճգնաժամը, ես պատասխանում եմ՝ դա ուղղակի խաբկանք է»:

Նա չի բացառում, որ գերիների հարցը Ադրբեջանն ու Թուրքիան պահում են Սյունիքի նկատմամբ իրենց նկրտումները կյանքի կոչելու համար: Բանախոսը հիշեցնում է Ալիեւի վերջին հայտարարություններից մեկը, թե Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարության պայմանները: Սա, ըստ Խոսրով Հարությունյանի, շատ նման է սեպտեմբերի 27-ից առաջ`բանակցային գործընթացի ձախողման մասին հայտարարություններին: Իր գնահատմամբ, այսպիսով Ալիեւը սպառնում է ռազմական քայլերի դիմել`ի կատարումն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերել գործող իշխանության հետ:

Խոսելով Ադրբեջանում այսօր մեկնարկած Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների մասին եւ նկատելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սրանք արդեն երրորդ խոշոր զորավարժություններն են, Խոսրով Հարությունյանը հարցնում է`պատերազմում հաղթած բանակները ինչո՞ւ են նման մասշտաբի զորավարժություններ անցկացնում:

Խոսրով Հարությունյանը նաեւ նկատում է, որ Հայաստանում խոսվում է բանակի բյուջեի կրճատման մասին, մինչդեռ Ադրբեջանը, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, 50 տոկոսով ավելացրել է իր ռազմական բյուջեն ու նորից հարց է հնչեցնում`ինչո՞ւ: Ինքը ենթադրում է, որ եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը պատրաստվում են տարածաշրջանում իրենց ազդեցությունն էականորեն բարձրացնել, իսկ դա կարող են անել ռազմական գործողությունների միջոցով եւ եթե անգամ նպատակը Հայաստանը չէ, միեւնույն է, այդ նպատակին հասնելու համար իրենք չեն կարող շրջանցել Հայաստանը: Խոսքը Հարավային Կովկասում ՌԴ ռազմաքաղաքական ազդեցությունը նվազեցնելու մասին է, ինչի միակ ճանապարհը Սյունիքն է եւ ՀՀ իշխանություններն այդ հնարավորությունն ընձեռել են Ադրբեջանին եւ Թուրքիային:

«Փաշինյանը որ գործոնը կարեւորվում է, այդ գործոնը տալու է»,- ասում է ՀՀ նախկին վարչապետը`հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի`«Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը, որը բերեց Արցախի կորստի, այսօր փաստացի Արցախ-ՀՀ կապ էլ գոյություն չունի եւ վաղը`Արցախ մեկնելու համար, ստիպված ենք լինելու ստանալ Ադրբեջանի իշխանության համաձայնությունը: «Հիմա, եթե ինքը ասում է` Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, նշանակում է` Սյունիքի վրա էլ են ամպեր կուտակված: «Նոր Հայաստան կկառուցենք»՝ արդեն Հայաստանի գլխին էլ են ամպեր կուտակվում»:

Եվ այս պայմաններում, բանախոսը միամտություն է համարում Նիկոլ Փաշինյանի ձեռքին թողնելով լուրջ ուժային կառույցները`արտահերթ ընտրություններ կազմակերպել: Ավելին, Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, այդ ընտրությունները Փաշինյանին պետք էլ չեն, դա հանրային կարծիքը մանիպուլացնելու քայլ է համարում: Ավելին, Խոսրով Հարությունյանը գտնում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի «տերերը» թույլ չեն տա արտահերթ ընտրություններ, քանի որ անկախ տարբեր խոսափողների գնահատականներից՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է: Իսկ եթե արտահերթ ընտրություններ կայանան էլ, իր գնահատմամբ, Հայաստանը դրանցից դուրս կգա ավելի ջլատված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031