«Զորավարժություններն ունեն կոնկրետ նպատակներ։ Այս պահին էլ ՊՆ-ն եւ ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը, եւ խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության ամրապնդմանը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, Ադրբեջանն էլ իր հերթին է զորավարժություններ անում։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ովքեր են բանակի մարտունակությունը կասկածի տակ դնում։ Արման Սարգսյանը պատասխանեց՝ սոցիալական ցանցերը․ «Խնդիր բարձրաձայնելը եւ սուտ տեղեկատվություն տարածելը տարբեր բաներ են։ Խնդիրների մասին բոլորն էլ խոսում են։ Օբյեկտիվ իրականությունում շատ խնդիրներ կան, որոնք ամեն օր լուծվում են»։
Ինչ վերաբերում է նոր պատերազմի հավանականությանը, նա նշեց․ «Կարծում եմ՝ նոր պատերազմի մասին այս պահին որեւէ մեկ հստակ չի կարող ասել։ Եթե նման խնդիր լինի, պետությունն ամեն քայլ կձեռնարկի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ