Մայոր Մեսրոպ Վարդանյանը, որ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացել է Շուշիում իր զինվորներին փրկելիս, այս տարվա մարտի 13-ին դարձավ 31 տարեկան; Հերոսի կինը՝ Վարսուհի Շամխալյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը ամուսնու ծննդավայր Լոռու մարզի Լեռնանցք գյուղի դպրոցում, որի լավագույն աշակերտներից մեկն է եղել Մեսրոպը, իրենց է հանձնվել նրա Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանը եւ Արիության մեդալը:
«Դպրոցում միջոցառում էր կազմակերպված, դասարան էր անվանակոչվել Մեսրոպի անունով, դրա համար որոշեցի, որ հենց այդ օրը հանձնվի շքանշանը: Եկել էին զորամասի բարոյահոգեբանական գծով տեղակալը, Մեսրոպիս մի քանի ընկեր: Ներկա էր գյուղապետ Լեւիկ Աբգարյանը… Երեխաներն էլ լավ միջոցառում էին կազմակերպել»,-նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ սկեսրայրը, որ երկար տարիներ աշխատել է Լեռնանցքի դպրոցում, պատրաստվում է դիմել մարզպետարան՝ դպրոցը որդու անունով անվանակոչելու համար:
Վարսուհին մեր զրույցի ժամանակ անդրադարձավ նաեւ ամուսնու ծառայակիցների ու զինվորների հուշերին: Նշեց, որ բոլորը շեշտում են, որ որպես զինվորական եւ որպես մարդ, Մեսրոպ Վարդանյանը եզակի է եղել: Ամուսնու զինվորներից գյումրեցի մի տղայի էլ անդրադարձավ՝ Սեյրան Յայլախանյանին, որ բլոգեր է. «Մեսրոպը միշտ գովում էր իր զինվորներին, հատկապես, որ կիրթ ու զարգացած երեխաներ էին, ասում էր՝ զինվորս շատ խելացի է: Մեսրոպի մահից հետո Սեյրանը կապվեց մեզ հետ, կապը պահում ենք»
Կարդացեք նաև
Վարսուհին հիշում է, որ ամուսինը առողջ ապրելակերպի կողմնակից էր, սակայն պատերազմի օրերին սկսել էր ծխել, Ապրիլյանի ժամանակ էլ էր ծխում, բայց դրանից հետո դադարեցրել էր:
«Այս պատերազմից մի քանի օր անց զանգեց, ասաց՝ Վարսիկ, գիտես սկսել եմ ծխել, կատակով ասացի՝ ծխի, ինչ ուզում ես արա, թեկուզ ինձ ուրիշի հետ դավաճանի, միայն թե պատերազմն ավարտեք, հաղթեք ու տուն արի…
Տղաներն ամուսնուս հիշում են որպես շատ բարի, բայց խիստ զինվորական, զինվորներին սիրում էր հարազատ երեխաների նման: Ինքը ժամերով կարող էր խոսել զինվորների հետ, ինչպես ժամերով իր անձնական երեխաների հետ էր խոսում»,-ասում է Վարսուհին:
Լեռնանցքի դպրոցում կայացած միջոցառմանը իրենց ավագ որդին էլ է մասնակցել, որը հունիսին 6 տարեկան կդառնա: «Ասում էր՝ մամ տուր, պապայի մեդալը ես պահեմ, այդ օրը ինքն առաջին անգամ նաեւ խնկարկեց»,-նշում է հերոսի կինը:
Հիշում է, թե ինչպես էր ամուսինը կռվի դաշտից ամեն օր հետաքրքրվում՝ արդյոք սկսե՞լ է խոսել կրտսեր որդին՝ փոքրիկ Աբելը: Հիմա բալիկն արդեն խոսում է, բառեր է արտասանում, բայց ցավոք, հայրն այլեւս չի լսի թոթովախոս փոքրիկի ձայնը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ