ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «ՀՀ-ում ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին» նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը որպես նախագծի հիմնավորում զեկուցեց, որ 2020թ․-ի պատերազմի հետեւանքով արցախյան հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցման մասին հայտարարվել է նոյեմբերի տասին, եւ հաշվի առնելով դրանից բխող գործողությունները՝ առաջարկում են ռազմական դրության ռեժիմը հանել։ Արման Աբովյանի խոսքով․ «Ռազմական դրության ռեժիմի պահպանումը լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումների համար, որոնք բավականին ծանր են։ Առաջարկում եմ ընդունել նախագիծը, քննարկել լիագումար նիստում»։
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ եթե ընդդիմադիր խմբակցությունները կարծում եմ, որ սա կարեւոր է իրենց համար, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հիմա իրենց պատգամավորները քվորում չեն ապահովում, որ նախագիծն անցնի։
Կարդացեք նաև
Արման Աբովյանը պատասխանեց․ «Փորձում եք մանիպուլացնել։ Մեր պատգամավորներից Վարդան Վարդանյանը հիվանդանոցում է, Սողոմոն Սողոմոնյանն էլ այստեղ է։ Սա ձեզ պետք է բավարարեր»։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց՝ նշեցիք, որ ռազմական դրությունը քաղաքական զարգացումներին խանգարում է․ «Որքան տեսնում եմ՝ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները փակ են, ինչքան ուզում եք՝ «միտինգ» արեք, խոչընդոտ կա՞։ Ռազմական դրության նորմերը մեղմացված են այսպես թե այնպես, ի՞նչ խոչընդոտ կա»։
Արման Աբովյանը պնդեց, որ խոչընդոտ կա․ «Դրա պահպանումը միայն քաղաքական բնույթ ունի։ Խոսքը ոչ միայն կարծիք արտահայտելու մասին է։ Կան իրավական որոշակի քայլեր, օրինակ՝ վարչապետի հրաժարական, որը ռազմական դրության ժամանակ ուղղակի հնարավոր չէ, օրենքն արգելում է։ Միաժամանակ՝ այո, մենք հասկանում ենք, որ իրավական մասով ռազմական դրությունը խոչընդոտում է բոլոր իրավունքների իրացմանը»։
Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ «17+» ուժերը ողջունեցին ԳՇ-ի հայտարարությունը՝ ասելով, որ կարող են հրամաններ իջեցնել ներքին զորքերին, այսինքն, որ բանակն անպայման մասնակցի քաղաքական զարգացումներին․ «Վտանգավոր տեսակետներ են դրանք։ Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է»։
Արման Աբովյանը պատասխանեց․ «Զերծ մնացեք ընդդիմության ներկայացուցիչների հասցեին որակումներ տալուց։ Իսկ ԳՇ հայտարարությունը փաստում է, որ ռազմական դրությունն իր գործառույթը չի կատարում։ ԳՇ-ն շատ լավ հասկանում է ռազմական դրության քաղաքական նպատակը»։ Արման Աբովյանը շեշտեց, որ քանիցս ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են ռազմական դրությունը վերացնելու համար արտահերթ նիստ անել, իսկ «Իմ քայլը» բոյկոտել է, սակայն հիմա դանակը հասել է ոսկորին։
Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ ընդդիմության համար ռազմական դրություն խոչընդոտներ չունի, բացի այդ՝ տարածաշրջանում զորավարժություններ են, անվտանգային խնդիրներ կա, սակայն այս մասին ընդդիմադիրները չեն խոսում․ «Հիմա ընդունելի չէ ռազմական դրության չեղարկումը»։
Նախագծի հեղինակներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց՝ ռազմական դրության ժամանակ ընդդիմությունը չի կարող վարչապետի դեմ անվստահության գործընթաց սկսել․ «Այսինքն, սահմանափակված է ժողովրդավարությունը խորհրդարանական մակարդակով։ Ինչ վերաբերում է զորավարժություններին, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է ռազմական դրություն մտցվում։ Ոչ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ոչ էլ որեւէ զորավարժության ժամանակ ռազմական դրություն չի մտցվել։ Ապրիլյանի ժամանակ էլ չի եղել։ Հիմա ռազմական դրությունը պահպանվում է միայն քաղաքական նպատակով»։
Հավելենք, որ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ