Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողի չօգտագործած արձակուրդը պետք է փոխհատուցվի՝ անկախ ծառայությունից արձակման տարեթվից»․ պատգամավոր

Մարտ 15,2021 12:09

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի (լուսանկարում) հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել առկա կարգավորումը։

«2018թ․-ին այդ կարգավորումը, որը ճանաչվել է հակասահմանադրական, նախատեսում է՝ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է վերջին երկու տարվա համար միայն։ Մինչեւ այսօր մեծաքանակ դատական որոշումներ կան, որոնցով կիրառվում է մեր առաջարկած կարգավորումը, որովհետեւ գործող կարգավորումը հակասահմանադրական է։ Առաջարկում ենք սահմանել, որ անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից՝ չօգտագործված արձակուրդ ունեցողներին տրվում է փոխհատուցում։ Կառավարությունը 2018թ․-ից առաջ էլ էր նախատեսում փոփոխություն, որն այդպես էլ չկատարվեց»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ խնդրի շուրջ թվային որեւէ տվյալ կա՞․ «Ճիշտ է, երբ մարդն ամեն տարի օգտվում է արձակուրդից, այլապես պետության վրա բեռ է կուտակվում։ Զինվորականներն ըստ իրավիճակի կարող են եւ արձակուրդ չգնալ, բեռն ինչպե՞ս է բաշխվելու, եթե գործ ունենանք աստղաբաշխական թվերի հետ»։

Տարոն Սիմոնյանը պատասխանեց․ «Խտրական վերաբերմունք կա միայն զինծառայողների հանդեպ, ինչը չենք կարող ասել հանրային մյուս ծառայողների համար։ Իսկ թվերը, կարծում եմ, կառավարությունը կասի։ Ճիշտ եք, որ արձակուրդը չի կարելի կուտակել, դա բացասական հետեւանք է ունենում կազմակերպության համար, բայց պետական մարմնի դեպքում խնդիր առաջացնողը պետությունն է, որը պետք է հասկանա՝ երկու տարուց ավելի արձակուրդ չի կարելի կուտակել, բայց կուտակելու դեպքում էլ փոխհատուցումը պետք է տրվի»։ Տարոն Սիմոնյանը նաեւ հայտնեց, որ առաջարկվող կարգավորումը հետադարձ ուժ չունի:

Արման Սարգսյան

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ շեշտեց՝ Տարոն Սիմոնյանի նախաձեռնությունը ողջունելի է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սակայն այս պահին վերջնական որոշում չկա՝ նկատի ունենալով, որ այս օրենքում առհասարակ փոփոխություններ են կատարվում․ «Այս հարցին եւս պարտադիր կերպով անդրադառնալու ենք համապարփակ փոփոխությունների տեսքով։ Ինչ վերաբերում է թվերին, այս պահին չեմ ներկայացնի, բայց այն մեծ է լինելու՝ անգամ այն դեպքում, երբ վճարվի միայն 2018թ․-ից հետո։ Վստահաբար, բոլորը կցանկանան իրենց իրավունքից օգտվել։ Վերջնական որոշում կայացնելու համար վերլուծություն պետք է ունենանք։ Առաջարկում ենք այս պահին սպասել օրենքի համապարփակ փոփոխություններին, Տարոն Սիմոնյանի առաջարկներն էլ կքննարկենք եւ, կարծում եմ, կընդունենք»։

Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ եթե կառավարությունը հեռատես լինի, հիմա կանի այս փոփոխությունը, որովհետեւ զինծառայողները դատարան դիմելու դեպքում շատ ավելի մեծ չափով գումարի փոխհատուցում են ստանալու․ «Առարկությունն անհասկանալի է եւ անընդունելի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031