Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» նպատակահարմար է համարում ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը

Մարտ 15,2021 10:00

15 մարտի 2021թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ՝ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ, հանրապետության մայրաքաղաքում անցկացրեց համապետական քաղաքական խորհրդի նիստ:

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 50 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասին բռնագրավման ժամանակ զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:

Լսելով բազմաթիվ զեկուցումները եւ ընդունելով կուսակցության վարչության հերթափոխ նախագահներ Անդրանիկ Գրիգորյանի եւ Նարինե Դիլբարյանի հաշվետվությունները, քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում եւ տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով:

Այս իրադրությունում Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը եւ քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական չափանիշները:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշեց.

ա) արձանագրել, որ 2020թ. նոյեմբերին եւ 2021թ. հունվարին ստորագրված եռակողմ հայտարարությունները օրենսդրական վավերացում եւ դատական վերահսկողություն պահանջող վերջնական պարտադիր խաղաղության համաձայնագրեր չեն, այլ ռազմականորեն պարտադրված զինադադարի պայմանավորվածություններ.

բ) նպատակահարմար համարել ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը, որը կփոխարինի այդ հայտարարությունները ստորագրած կառավարությանը՝ մինչեւ երկրի համապարփակ կայունացում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում.

գ) պահանջել այդ կառավարությունից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում (Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքի ապաբռնագրավում).

դ) նույնպես պահանջել Արցախի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության առնվազն դե ֆակտո ճանաչում.

ե) Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարեդարձի նախօրեին հորդորել Ռուսաստանի Դաշնությանը՝ բարի կամքով եւ, որպես ռազմավարական գործընկերոջ, չեղարկել, ոչ թե ընդլայնել կամ խորացնել այդ պայմանագրի հակահայկական դրույթների կիրառումը:

«Ժառանգություն» կուսակցության լրավտական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031