Ըստ իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի՝ չեն բացառում, որ Եվրոպական դատարանը եւս հասկանալով հարցի գերքաղաքականացումը եւ նաեւ Ադրբեջանի՝ չհամագործակցող վարքագիծը, հայ գերիների խնդիրը կներկայացնի իր քաղաքական մարմնի ուշադրությանը, եւ այդ քաղաքական մարմինը կարող է անհրաժեշտ ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանը տեղաշարժ ապահովի գերիների վերադարձի հարցում:
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց՝ իրատեսական չի համարում կարճ ժամանակահատվածում գերիների նոր խմբի վերադարձը:
Մեր հարցին՝ Մարալ Նաջարյանի վերադարձից հետո այլ կին գերիներ կա՞ն Ադրբեջանում, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց՝ իրենց տեղեկություններով այնտեղ կան եւս երեք հայ կին գերիներ: Հետաքրքրվեցինք՝ նրանք ի՞նչ տարիքի են, ե՞րբ են գերեվարվել, Սիրանույշ Սահակյանն ասաց. «Մեր տեղեկություններով՝ եւս երեք հայ կին գերիներ այժմ գտնվում են գերեվարման մեջ, ուղղակի Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր միայն Մարալի գերեվարման հանգամանքը, մինչդեռ մյուս երեք կանանց մասին ժխտողական մոտեցում է ցուցաբերում: Նրանցից երկուսը հենց տեղաբնակներ են, մեկ անձնավորություն տեղափոխվելիս է եղել. միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո: Մյուս երկուսը հայտնվել են Ադրբեջանի հսկողության տարածքներում՝ այդ տարածքների օկուպացիայից հետո: Նրանք բնակիչներ են եղել: Քանի որ դեպքեր գիտենք, որ բնակիչները ոչ թե գերեվարվել են, այլ առանձին դեպքերում նրանց սպանել են, չենք բացառում, որ առնվազն այդ երկու կանանց մասով սպանել են եւ դրա համար նաեւ հերքում են գերեվարման հանգամանքը: Նրանք ավագ տարիքային խմբին են պատկանում: Մյուս կինը եւս ավագ տարիքային խմբի ներկայացուցիչ է»:
Մեր հարցին՝ հիմնավո՞ր են ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող հայտարարությունները, թե ներքաղաքական դաշտում քննադատություններն իշխանության հասցեին խոչընդոտում են գերիների վերադարձի գործընթացին, իրավապաշտպանն այսպես պատասխանեց. «Ներքին քաղաքական գործընթացների արդյունքում շահարկումներ են լինում, որոնք իրականության հետ աղերսներ չունեն: Միջպետական հարթության հարց է, որտեղ արտաքին գործոններն են ազդում, եւ ներքաղաքական խնդիրներն անմիջական, որոշիչ գործոն չեն կարող լինել: Մեծ հաշվով՝ թույլ պետություն ունենալը գլոբալ գործոն է, որպեսզի միջպետական խնդիրներ պետությունը, իշխանությունը ունակ չլինի լուծել: Այս առումով վատ դրության մեջ ենք, քանի որ պարտվող կողմ ենք, դեռեւս երկրում առողջացման գործընթացներ չեն ընթանում, թուլանում ենք թե՚ տնտեսապես, թե՚ բանակաշինության եւ թե՚ այլ ոլորտներում:
Կարդացեք նաև
Թույլ պետությունը չունի ուժեղ բանակցային ուժ միջպետական խնդիրները լուծելիս: Այս առումով եմ ես խնդիր տեսնում, որ վատ կառավարումը եւ թույլ պետություն ունենալը զրկում են այս խնդիրը միջազգային հարթությունում արդյունավետ լուծելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է, թե ներքին ինչ զարգացումներ են լինում, որ քաղաքական ուժն ինչ հայտարարություն կատարեց, դրանք գործոններ չեն»:
Մեր դիտարկմանը՝ Ձեր խոսքից ելնելով հասկանալի է դառնում, որ առանձնապես հուսադրող իրավիճակ չունենք, Սիրանույշ Սահակյանն այսպես արձագանքեց. «Եթե դիտարկենք ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերությունները, ապա հուսադրող իրավիճակ չունենք, բայց եթե քննարկենք, որ այս խնդիրները կարող են լուծում ստանալ այլ դերակատարների ներգրավվածության արդյունքում, դրանք կլինեն դատական ատյաններ, միջազգային կառույցներ, այլ ազդեցիկ պետություններ, այդ առումով մենք իրավիճակը փակուղային չենք գնահատում եւ որոշակի դրական ակնկալիքներ ունենք»:
Մեր հստակեցմանը՝ ՄԻԵԴ-ում ունենք գործեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար, այդ առումո՞վ դրական ակնկալիքներ ունեք, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «ՄԻԵԴ-ը իրավական գործընթաց է վարում, որոշ դեպքերում կարող է ներգրավել նաեւ քաղաքական գործընթացներ իրականացնող՝ ԵԽ-ի կառույցների. խոսքը նախարարների կոմիտեի մասին է: Մենք չենք բացառում, որ դատարանը եւս հասկանալով հարցի գերքաղաքականացումը եւ նաեւ Ադրբեջանի՝ չհամագործակցող վարքագիծը, խնդիրը կներկայացնի իր քաղաքական մարմնի ուշադրությանը, եւ այդ քաղաքական մարմինը կարող է անհրաժեշտ ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանը տեղաշարժ ապահովի գերիների վերադարձի հարցում: Մենք դա առնվազն տեսանք Նավալնիի դեպքերով, երբ Նախարարների կոմիտեն ներգրավվածություն ունեցավ: Այս պահին այդ տրամադրվածությունը տեսնում եմ: Մենք բազում նամակներ գրել ենք, համանման նամակներ գրել է նաեւ լիազոր ներկայացուցչի գրասենյակը, իրատեսական ենք համարում այդ ուղղությունը, որ շուտով դատարանը հարցը կծանուցի նաեւ Նախարարների կոմիտեին»:
Սիրանույշ Սահակյանը նշեց՝ գերիների եւս մեկ խմբի վերադարձի ակնկալիք կարելի է ունենալ միայն որոշակի արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու դեպքում՝ մասնավորապես միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2021