Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ին օտարերկրյա ներդրումները զգալիորեն նվազել են

Մարտ 15,2021 14:00

Նվազել են ե՛ւ ընդամենը ներդրումները, ե՛ւ ուղղակի ներդրումները

Հայաստանում 2020 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը զգալիորեն նվազել է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, սակայն առայժմ միայն հունվար-սեպտեմբերի տվյալները։ Տարեկան ցուցանիշներն ավելի ուշ կհրապարակվեն։ Սակայն անգամ առանց դրա էլ պարզ է, որ 2020 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանում օտարերկրյա ներդրումներ չէին հոսի, պատերազմական իրավիճակում գտնվող երկրում դժվար թե օտարերկրյա քաղաքացիները ներդրումներ կատարեին։

Անցյալ տարի մեր երկրում օտարերկրյա ներդրումները բավականին նվազել են։ Ենթադրվում է, որ օտարերկրյա ներդրումների բացասական ցուցանիշի հիմնական պատճառ կարող է լինել կորոնավիրուսի համավարակը, որը համաշխարհային տնտեսությունում զգալի կորուստների պատճառ է։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, նախորդ տարվա ինը ամիսներին մեր երկրում օտարերկրյա ընդամենը ներդրումների ծավալը կազմել է 52 միլիարդ 633 միլիոն դրամ, ուղղակի ներդրումները՝ 311 միլիոն դրամ։ Իսկ 2019-ին օտարերկրյա ընդամենը ներդրումները կազմել են 137 միլիարդ 836 միլիոն դրամ։ Այսինքն, 2020 թվականի ինը ամիսներին օտարերկրյա ընդամենը ներդրումները 2019 թվականի ամբողջ տարվա համեմատ 85 միլիարդ 203 միլիոն դրամով պակաս են եղել։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա ինը ամիսներին 38 միլիարդ 73 միլիոն դրամով պակաս են եղել 2019 թվականի համեմատ։ Իհարկե, երբ հրապարակեն 2020 թվականի ամբողջ ցուցանիշը, բացասական համեմատական ցուցանիշն ավելի մեծ է լինելու։

Օտարերկրյա ներդրումներն ըստ երկրների աղյուսակում առաջին եռյակում ՌԴ-ն, Գերմանիան եւ Իտալիան են։ Ցանկում մյուս երկրներից եկող ներդրումների ծավալը կտրուկ նվազում է, ընդ որում շատ դեպքերում բացասական ցուցանիշով, այսինքն, ավելի շատ մարումներ են եղել, քան երկիր գումարի մուտք է եղել:

Օտարերկրյա ներդրումների մեջ Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում սովորաբար առաջատարն է։ Սակայն նախորդ տարի նշված ժամանակահատվածում ՌԴ-ից եկող օտարերկրյա ընդամենը ներդրումները նվազել են 97 միլիարդ 126 միլիոն դրամով, իսկ ուղղակի ներդրումները նվազել են 28 միլիարդ 32 միլիոն դրամով։ 2019-ին մեր երկում ռուսական ներդրումների ծավալը կազմել է 61 միլիարդ 670 միլիոն դրամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 4 միլիարդ 892 միլիոն դրամ։ Նախորդ տարի ՌԴ-ից եկող ընդամենը ներդրումները -35 միլիարդ 456 միլիոն դրամ է, իսկ ուղղակի ներդրումը՝ -23 միլիարդ 140 միլիոն դրամ։ Նշենք, որ բացասական այս ցուցանիշը նշանակում է, որ մարումները գերազանցում են ստացումները, այսինքն՝ դուրս եկող կապիտալը գերազանցում է մուտք եկող գումարներին՝ ստացումներին՝ այն ներդրումը, որը եկել է երկիր։

Օտարերկրյա ներդրումներում ՌԴ-ից հետո հաջորդը Գերմանիան է։ 2020 թվականի ինը ամիսներին այս երկրից եկող ուղղակի ներդրումները նվազել են 14 միլիարդ 416 միլիոն դրամով, իսկ ընդամենը ներդրումները 4 միլիարդ 87 միլիոն դրամով ավելի են 2019 թվականի համեմատ։ 2019-ին գերմանական ընդամենը ներդրումների ծավալը կազմել է 40 միլիարդ 985 միլիոն դրամ, իսկ նախորդ տարի՝ 45 միլիարդ 72 միլիոն դրամ։ Գերմանական ուղղակի ներդրումները 2019-ին կազմել են 12 միլիարդ 583 միլիոն դրամ, իսկ նախորդ տարի՝ -1 միլիարդ 832 միլիոն դրամ, այսինքն՝ այս դեպքում մարումները գերազանցել են ստացումները։

Գերմանիայից հետո Իտալիան է, որը մեր երկրում համեմատաբար ավելի շատ ներդրում է կատարել։ 2019-ին Իտալիայից մեր երկրում կատարած ընդամենը ներդրումների ծավալը կազմել է 25 միլիարդ 955 միլիոն դրամ, իսկ 2020 թվականի իննը ամսիներին իտալական ընդամենը ներդրումները կազմել են 18 միլիոն 502 միլիոն դրամ։ 2019-ին այս երկրի ուղղակի ներդրումները կազմել են 9 միլիարդ 852 միլիոն դրամ, նախորդ տարի՝ 6 միլիարդ 405 միլիոն դրամ։ 2020-2019 թվականների համեմատությամբ իտալական ընդամենը ներդրումները նվազել են 7 միլիարդ 452 միլիոն դրամով, ուղղակի ներդրումները նվազել են 3 միլիարդ 447 միլիոն դրամով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031