Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեռնող սլաքներ»-ից մինչեւ  խորհրդավոր Ան-Րիա

Մարտ 15,2021 12:30

Քսանհինգամյա Թադեւոս Ծպնեցյանը Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում է սովորում, ապագա բժիշկ է։ Բացի ընտրած մասնագիտությունից, սիրում է արվեստն իր բոլոր դրսեւորումներով, բայց ինչպես ինքն է ասում` իրեն ավելի ազատ է զգում գրականության հետ առերեսվելիս։ Նա նաեւ ստեղծագործում է։

«Երբեք չեմ նստել հատուկ գրելու համար, գրում եմ անսպասելի, չկանխատեսված վայրերում ու անգամ այն ամենի վրա, ինչ կարող է փոխարինել թղթին»,-ասում է զրուցակիցս, շեշտելով,- հեռախոսում աշխատում եմ չգրել, արվեստը թուղթ ու գրիչ է սիրում»։

Թադեւոսը տեսակով շատ սկզբունքային է, նույնն էլ արվեստում։ Նա անկեղծ է գրչի եւ ընթերցողի հետ, պարզ ու հասկանալի է գրում, բայց մեծն Թումանյանի ասած` պարզը պարզունակի հետ խառնել ամենեւին պետք չէ…

Իմ հարցին, թե անծանոթի աչքերում ի՞նչ է ուզում տեսնել, նա պատասխանեց այսպես. «Ուզում եմ տեսնել մաքրություն, երջանկության փայլ, գալիքի հանդեպ հավատ ու վստահություն. ցավոք անմաքուր ժամանակներ ենք ապրում»։

Իսկ ո՞ւմ է կարոտում` երիտասարդ գրողն ու ապագա բժիշկը։ Անկեղծացավ մեզ հետ զրույցում։

«Ինքս ինձ եմ կարոտում մինչեւ չարաբաստիկ պատերազմը, կյանքս ամբողջովին փոխվեց այս կռվից հետո, կորուստներն անդառնալի են, ցավ, հիասթափություններ, բայց դրականն էլ քաղեցի այս ամենից` վերաարժեւորեցի ամեն ինչ ու հիմա փորձում եմ հառնել մոխիրներից։ Չափազանց դժվարին օրեր ենք ապրում, հուսահատությունը խժռել է ամեն բան..»,-ասում է նա։

Չկարողացանք շրջանցել պատերազմի թեման։ Հիշեցինք Թադեւոսի հեղինակային առաջին գիրքը, որն արդեն մեկ տարուց ավելի է, որ ընթերցողի սեղանին է։ «Մեռնող սլաքներ» գրքում բոլոր հերոսներն ու կերպարներն իրական են։ Նա գրքում խոսել է բանակային կյանքի, նիստ ու կացի, ապրելակերպի ու մանրուքների մասին, որոնք միայն ներսից կարելի է նկատել։ Վեպի վերջնամասը, ինչպես գլխավոր հերոսի ծառայության վերջնամասը, համընկնում է Ապրիլյան պատերազմի հետ, այդ հատվածն էլ ավելի մանրամասն է նկարագրված։ Կարելի է ասել, որ վեպը փոքրիկ ուղեցույց է դեպի հայոց բանակ։

Ըստ Թադեւոսի` երազանքները միայն մեզ են սպասում, Աստված մեզ տալիս է բազմաթիվ հնարավորություններ ու ընտրություն կատարելու հնարավորություն, այնպես որ անկոտրում պայքարի շնորհիվ միայն կարող ենք իրական դարձնել մեր ցանկացած երազանք։
Նա գրում է սիրո իր բանաձեւերն ու թեորեմները, գրում է, քանի որ շատ բան կա բարձրաձայնելու, բայց հնարավորություն եւ կարիք չկա։ «Ասում են որքան շատ մարդիկ իմանան սրտիդ տեղն ու սրտումդ փայփայածի մասին, այնքան վտանգված կլինի այն, դրա համար էլ գրում եմ»,-ժպտում է ու շարունակում,-Ամենաշատը գրում եմ Ան-Րիայի մասին, նա իմ կանացի չափանիշն է, իմ սերը, անունն իմ մտացածինն է` իր խորհրդով։ Իսկ համանուն վերնագրով գիրքն ամպերի հետեւում չէ»։

Վերջին հարցիս, որն այսպիսին էր` եթե ունենաս երեք ձեռք, երրորդով ի՞նչ կանես, Թադեւոսը այսպես պատասխանեց. «Սիրուն հարցադրում էր, երրորդ ձեռքով էլ ավելի ամուր կգրկեի Ան-Րիային…»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԸՄԹԵՐՑՈՂ says:

    Այսպիսի ազգանունով գրականություն չեն մտնում, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե Դանիելը Վարուժան ծածկանունը չվերցներ և որպես բանաստեղծ հանդես գար Չպուքյարյան հայրական ազգանունով․․․ Գրականության պատմությունն ապացուցում է, որ գրողը ստեղծում է ծածկանուն, ծածկանունն էլ ժամանակի հետ ստեղծում է գրող․․․ Այնպես որ, Թադևոս, լրջորեն մտածիր քանի դեռ ուշ չէ․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031