Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի պատիվ մեր գեներալիտետի, նրանք չանցան թույլատրելիության սահմանը»

Մարտ 15,2021 15:00

Զոռբայության, հակասահմանադրական որեւէ եղանակով իշխանության զավթումն անընդունելի է

«Նոյեմբերի 10-ին, երբ մենք դեռ կուսակցություն չէինք, այլ «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնություն, եւ երբ հայտնի դարձավ Արցախի հարցով ակնհայտ պարտվողական հայտարարության ստորագրման մասին, հենց հաջորդ օրը մենք եղել ենք առաջին կազմակերպությունը, որը տարածեց հաղորդագրությունգ խորացող քաղաքական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բացառապես քաղաքական գործիքակազմով եւ քաղաքական տրամաբանության շրջանակում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին, թե իր քաղաքական կառույցն արդյոք պահանջո՞ւմ է վարչապետի հրաժարականը եւ ներքաղաքական ինչպիսի՞ օրակարգ է սահմանել։

Մեր զրուցակիցը նշեց. «Մենք առաջարկել ենք, որ անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Մարտի 1-ի հանրահավաքի ելույթում վարչապետ Փաշինյանը խոսում էր մեր կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեզի ընդունելի լինելու մասին առ այն, որ նախագահական համակարգին վերադառնալու հնարավորությունը հանրաքվեի միջոցով չի բացառվում, ինչից հետո կլինեն խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Մենք, ըստ էության, առաջինն ենք արձանագրել, որ երկրի քաղաքական ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դա նշանակում է, որ գործող սահմանադրության կարգավորումների շրջանակում վարչապետ Փաշինյանը պետք է ներկայացնի հրաժարական, որից հետո այլ վարչապետ չպետք է ընտրվի, եւ երկիրը պետք է բերվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Մենք գործող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում առաջարկել ենք տրամաբանական, իրավական, քաղաքական տեսանկյունից ընդունելի տարբերակը։ Խորապես անընդունելի է զոռբայության, հակասահմանադրական որեւէ եղանակով որեւէ խմբավորման կողմից իշխանության յուրացումն ու զավթումը։ Մենք դեմ ենք նաեւ զինված հեղաշրջումների միջոցով կամ անօրինական այլ մեթոդներով որեւէ քաղաքական խմբի՝ իշխանության գալու հնարավորությանը՝ անկախ նրանից՝ ներկա՞ կլինեն, թե նախկին։ Ով ուզում է լինի, մենք գտնում ենք, որ եթե իսկապես ուզում են կառուցել արդար Հայաստան, իրավական պետություն եւ արդար հասարակություն, հանրային կյանքի ողջ կարգավորումը պետք է իրականացվի օրինականության շրջանակում»։

Հետաքրքրվեցինք՝ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը համարո՞ւմ եք ռազմական հեղաշրջման փորձ։ Նորայր Նորիկյանը նշեց. «Նախ, այդ հայտարարությունն ակնհայտ քաղաքական բնույթի էր, բայց անգամ եթե նրանք նման նպատակ չեն ունեցել եւ չունեն, միայն այն հանգամանքը, որ զինվորականները ներքաշվում են կամ նրանց ներքաշում են քաղաքական գործընթացների մեջ, հանրային ընկալումը ենթագիտակցական մակարդակում կարող է այդպիսի տպավորություն ստանալ։ Բայց ի պատիվ մեր գեներալիտետի, նրանք չանցան թույլատրելիության սահմանը, ապահովեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը եւ զբաղված են իրենց թիվ մեկ առաքելությամբ։ Իմ խնդրանքն է նրանց՝ զբաղվել իրենց գործով, զորքը չհանել զորանոցներից եւ պահպանել մեր երկրի անդորրը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031