Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ տրամադրության քիմիան

Մարտ 14,2021 23:00

Ուրախությունը տարբեր է լինում․ այն կարող է լինել մեղմ ու լուսավոր՝ թափանցիկ երջանկություն պարգևող, կարող է և լինել բուռն ու անզուսպ՝ լի հաճույքներով ու էյֆորիայով։

Այդպիսի տարբեր ուրախությունների համար պատասխանատու են 2 տարբեր հորմոններ։ Անզուսպ ուրախությունն ու էյֆորիան դոֆամին հորմոնն է մեզ պարգևում, իսկ հանգիստ ու լուսավոր ուրախության համար մենք պարտական ենք սերոտոնին հորմոնին։

Մի ճշգրտում անենք՝ սերոտոնինը ոչ թե հորմոն է, այլ օրգանիզմի հիմնական նեյրոմեդիատորներից մեկը. նյութ, որը նյարդային բջիջների միջև իմպուլսներ է փոխանցում։ Վերածվում է հորմոնի, երբ հայտնվում է արյան մեջ։

Որտե՞ղ է պարունակվում սերոտոնինը։

Սերոտոնինն արտադրվում է օրգանիզմի կողմից և պարունակվում է աղիներում, գլխուղեղում, որտեղ, ազդելով բջիջների աշխատանքի վրա, ինֆորմացիա է փոխանցում գլխի մի հատվածից մյուսին։

Պարզ ասած՝ սերոտոնինը կարգավորում է այն բջիջների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության, հիշողության, սոցիալական պահվածքի, սեռական ցանկությունների, աշխատունակության, հիշողության կենտրոնացման և այլնի համար։

Եթե գլխուղեղում սերոտոնինի քանակն անբավարար է, ապա դրա մասին կարող է վկայել վատ տրամադրությունը, տագնապի, անհանգստության զգացումը, ուժի անկումը, ցրվածությունը, հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրության կորուստը, սեռական անկարողությունը, դեպրեսիան, որը կարող է բարդ դրսևորումներ ստանալ։

Սերոտոնինի անբավարարության մասին կարող են վկայել նաև այն դեպքերը, երբ հնարավոր չի լինում ազատվել կպչուն կամ անհանգստացնող մտքերից, գլխից հանել պաշտամունքի առարկան։

Հոգեբանները գիտեն, որ հոգեբանական ոչ բոլոր խնդիրներն է պետք լուծել հոգեվերլուծության, զրույցների միջոցով, երբեմն պարզապես անհրաժեշտ է շտկել մարդու ներքին քիմիան։

Օրգանիզմում սերոտոնինի մակարդակի բարելավումը նպաստում է դեպրեսիայի, տհաճ զգացողությունների անհետացմանը, խնդիրներն իրենց տեղը զիջում են լավ տրամադրությանը, կենսախնդությանը, ուժի ու առույգության ավելացմանը, սեռական ակտիվությանը։

Այսպիսով, կարող ենք նշել, որ սերոտոնինը հակադեպրեսանտ է, որն օգնում է մարդուն դառնալ ավելի անհոգ ու երջանիկ։

Ինչպե՞ս բարձրացնել օրգանիզմում սերոտոնինի մակարդակը

Ամենապարզ ու մատչելի տարբերակը արևի տակ ավելի շատ ժամանակ անցկացնելն է, իսկ եթե չկա նման հնարավորություն, ապա տանը փորձել ստանալ ավելի վառ լուսավորություն։

Եվս մեկ պարզ տարբերակ՝ հետևել կեցվածքին։ Կորացած մեջքն ու կուզիկությունը սերոտոնինի մակարդակի անկում են առաջացնում, ինչպես նաև հանգեցնում են մեղքի, ամոթի զգացման առաջացման։ Ուղիղ մեջքը նպաստում է սերոտոնինի կայուն մակարդակի ձևավորմանը, բարձրացնում տրամադրությունն ու ինքնագնահատականը։

Սերոտոնինի մակարդակի բարձրացման երրորդ տարբերակը՝ սնվել այնպիսի մթերքներով, որոնք նպաստում են այդ նեյրոմեդիատորի առաջացմանը։ Նշենք, որ որպես այդպիսին սերոտոնինով հարուստ մթերքներ չկան, սակայն կան մթերքներ, որոնք հարուստ են տրիպտոֆան ամինաթթվով, որն էլ օրգանիզմում մասնակցում է սերոտոնինի արտադրությանը։

Տրիպտոֆանով շատ հարուստ է կոշտ պանիրը, մի փոքր ավելի քիչ քանակությամբ այն պարունակվում է հալած պանիրի կազմում։ Անյուղ միսը, հավկիթը, ոսպը նույնպես տրիպտոֆանի վստահելի աղբյուր են։ Այս ամինաթթուն առկա է նաև որոշ սնկատեսակների, լոբու, կաթնաշոռի, կորեկի, հնդկացորենի բաղադրությունում։

Եթե օրգանիզմում սերոտոնինի մակարդակը ցածր է, ուրեմն անհրաժեշտ են B խմբի վիտամիններ, որոնք պարունակվում են լյարդի, հնդկացորենի, վարսակի, լոբու, հազարի և այլ մթերքների կազմում։ Մագնեզիումով հարուստ մթերքները նույնպես նպաստում են սերոտոնինի արտադրությանը։ Այդպիսի մթերքներ են բրինձը, սև սալորը, ծիրանի չիրը, հատիկեղենը, ծովակաղամբը, շոկոլադը, ընդեղենը և այլն։ Սերոտոնինի մակարդակի բարձրացմանը նպաստում են նաև բանանը, դդումը, արմավը, սեխը, նարինջը։

Օրգանիզմում սերոտոնինի մակարդակի բարձրացմանն օգնում է ֆիզիկական ակտիվությունը։ Օրական գոնե 20 րոպե հատկացնելով որևէ սպորտաձևի (մարմնամարզություն, լող, վազք, պար)՝ կարելի է բավականին լավ արդյունք ստանալ, իսկ եթե սպորտով զբաղվելու հնարավորություն չկա, ապա քայլելը ֆիզիկական ակտիվության դրսևորման հարմար տարբերակ կարող է լինել։

Ֆիզիկական ակտիվությանը զուգահեռ նույնքան կարևոր է հանգիստը, առողջ քունը․ սերոտոնինի արտադրության համար անհրաժեշտ է նորմալ քնել։

Մաքուր օդը, հաճելի մարդկանց հետ շփումները, սիրած աշխատանքով և նախասիրությամբ զբաղվելը, երաժշտությունը նույնպես նպաստում են այս հորմոնի մակարդակի բարձրացմանը։

Հետաքրքիր է իմանալ, որ օրգանիզմում այս հորմոնի և տրամադրության միջև կապը երկկողմանի է․ եթե բարձրանում է սերոտոնինի մակարդակը, բարձրանում է տրամադրությունը, երբ լավանում է տրամադրությունը, օրգանիզմում սկսում է սերոտոնին արտադրվել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031