ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը
Դեռ քննարկո՞ւմ են
Ընտրությո՞ւն…
Այս մղձավանջո՞ւմ…
Այս վարչակարգի օրո՞ք…
Առանց իրավիճակի կայունացմա՞ն…
Առանց հարյուր հազարավոր ընտրողների մասնակցությա՞ն…
Առանց զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների մասնակցությա՞ն…
Դուք նորմա՞լ եք…
Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է, անհեթեթություն, իսկ գործնականում` անարդյունավետ և ապակայունացնող գործոն:
Մի կողմ թողնենք այս շինծու օրակարգի հեղինակների և ջատագովների բարոյական ու քաղաքական կերպն ու շարժառիթները:
Մի քանի պարզունակ այլ հարցադրումներ ու հանգամանքներ կան, որոնք անհնար է անտեսել:
Նախ` եթե պատկերավոր ներկայացնենք, ապա իրավիճակը հետևյալն է:
Կարդացեք նաև
Դարավոր ու պատմական թշնամին մտել է քո քաղաք (նշում եմ քաղաք, որովհետև ցավոք` շատերի մոտ երկրի ընկալումը լիարժեք չէ): Ստացվել է այնպես, որ քո քաղաքի քաղաքապետ էր կարգվել քո դարավոր ու պատմական թշնամու վաղեմի գաղափարակից հպատակը: Հիմա թշնամին բռնազավթել է քաղաքի մի զգալի մասը, ամեն ինչ խառնել է իրար, սպանել է քո երեխաներին, մյուսներին` դարձրել հաշմանդամ, անհետ կորցրել, գերեվարել, ընտանիքիդ պատանդ վերցրել, իսկ դու այդ հոգեվիճակով և այդ պայմաններում պետք է ինչ-որ նախընտրական ծրագրեր քննարկե՞ս` ծրագրերի լավ ու վատ անե՞ս:
Դուք նորմա՞լ եք, տիկնայք և պարոնայք…
Սա նորմա՞լ է…
Ասացեք խնդրեմ` այդ ինչպե՞ս են այսօր, կամ թեկուզ երկու ամիս անց նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու հազարավոր զոհվածների, տասնյակ հազարավոր վիրավորների, առավել ևս` անհետ կորածներիկամ գերեվարվածների հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ընկերները:
Այդ ինչպե՞ս, կամ ի՞նչ ակնկալիքով են նախընտրական ծրագրեր ուսումնասիրելու և քննարկելու մի քանի տասնյակ հազար անտուն և անգործ մնացածներն ու նրանց հարազատները:
Եվ վերջապես, այդ ինչպե՞ս են նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու դաժանորեն խաբված, ամեն ինչից հիասթափված, հուսալքված և արտագաղթի ճամփան բռնած հարյուր հազարավոր ընտրողները:
Վերը նշված մարդիկ ինչպե՞ս են մասնակցելու, կամ մասնակցելո՞ւ են, կասե՞ք… Կասե՞ք, թե այդ ընտրությունների արդյունքներին ո՞վ է հավատալու:
Իսկ մի գուցե այս օրակարգի հեղինակներն ու ջատագովները ձգտում են, որպեսզի նրանք չմասնակցե՞ն: Կամ մի գուցե կրկին հույսեր են փայփայում, որ կգործադրվի 2018 թվականի զանգվածային հոգեխանգարմունքի պահին կատարված «ընտրության» սցենա՞րը: Այն է` ծայրահեղ էյֆորիա (որին այժմ փոխարինել է համազգային ողբն ու հիասթափությունը), անծրագիր, սուտ խոստումներով հագեցած դատարկաբանություն, զրպարտություն ու բամբասանք` համեմված հիստերիկ բղավոցներով,
և…
Ահավասիկ` իբր լեգիտիմ ընտրությո՞ւն…
Հեղինակների և նրանց կից անհատների շարժառիթները պարզ են, իսկ սատարողներն ու ջատագովները` պատկերացնո՞ւմ են, թե ինչ են առաջարկում… Թե՞ կրկին պատգամավոր կարգվելու մարմաջն ու վերջին հույսը շատ ավելին են իրենց համար, քան հայրենիքի և պետության անվերադարձ կորուստը:
Եթե մի պահ նույնիսկ անվտանգության ու սոցիալական տարրերը մի կողմ թողնենք, ապա համոզված կարելի է պնդել, որ սա երկիրն ու պետությունը վերջնական գժանոցի վերածելու սցենար է` ուրիշ ոչինչ:
Ադրենալինի պակաս ունե՞ք, ժողովուրդ…
Առանց գործող վարչակարգի լիարժեք հեռացման, առանց առնվազն վեց ամսվա ընթացքում իրավիճակը շտկելու և կայունացնելու` ընտրության կազմակերպումը ոչ մի կերպ չի կարող լիցքաթափել և լուծել խնդիրը, դա սին պատրանք է:
ՀԳ
Լավ, հասկացանք, պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնության մնացած 80 հոգու մեջ ազգությամբ Հայ չկա, իսկ մի 40 հոգի բանական մարդ էլ չկա՞…
80-ից` ընդամենը 40 հոգի բանական մարդիկ, ուրիշ ոչինչ, որպեսզի անհապաղ վերջ դրվի այս համազգային մղձավանջին: