Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին». բացականչել է «Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը՝ հարձակվելով աշխատակիցների վրա

Մարտ 14,2021 17:31

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 25-ամյա դատապարտյալ Արման Ջանջուղազյանի դատավարությունը։

Հերթական նիստը ապրիլի 1-ին է նշանակված։ Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ։ Ըստ մեղադրանքի,  Արմանը, լինելով, «Արթիկ» ՔԿՀ-ի  դատապարտյալ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 16:35-ին, ներքին կանոնակարգի խախտման պատճառով տեղափոխվել ու տեղաբաշխվել է պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի թիվ 01 խցում։ Գործող կարգի համաձայն,  նրան առաջարկվել է ստանալ իրեն հասանելիք անկողնային պարագաները: Արմանն առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել է ընդունել դրանք, ապա որոշ ժամանակ անց ցանկացել է ստանալ անկողնային պարագաները։

Նույն օրը երեկոյան, ժամը 20:25-ին, պատժախցային եւ կարանտինային բաժանմունքում ծառայություն իրականացնող ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ Կոլյա Կարապետյանը, Ռոբերտ Գալստյանը, նույն հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնական Հովսեփ Մինասյանի ներկայությամբ բացել են պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի թիվ 01 խցի մուտքի դուռն ու առաջարկել են դատապարտյալ Արման Ջանջուղազյանին վերցնել դռան դիմաց դրված անկողնային պարագաներն ու հագուստները:

Սակայն դատապարտյալը  նպատակ ունենալով նվաստացնել հայ ազգի՝ որպես «Քրիստոնյա» դավանանքի դերն ու արժանապատվությունը, ընդգծելով իր թշնամական վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, այսինքն՝ կրոնական մոլեռանդության շարժառիթով մոտեցել է նշված խցի մուտքի դռանը եւ իր մոտ պահված մեկանգամյա օգտագործման սափրվելու ածելիով վնասել է երկու անձանց՝ ապօրինաբար ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով։

Արման Ջանջուղազյանը նախ վնասել է Ռոբերտ Գալստյանին՝ պատճառելով ձախ բազկի կտրած վերքի ձեւով առողջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնասվածք, ապա փաթաթվելով Հովսեփ Մինասյանին՝ նույն ածելիով պատճառել է ձախ այտի, պարանոցի շրջանների կտրած վերքերի ձեւերով առողջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնասվածքներ: Հովսեփ Մինասյանը դատապարտյալ Արման Ջանջուղազյանին հրելով մտցրել է խուց, իսկ Ռոբերտ Գալստյանը եւ Կոլյա Կարապետյանը փակել են խցի մուտքի դուռը, որի ընթացքում դատապարտյալը բացականչել է՝ «Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին, քրիստոնյանների արյունն եմ թափելու, բոլորդ մեռնելու եք» արտահայտությունը:

ՔԿՀ ծառայողների ակտիվ դիմադրության եւ նրան խուց մտցնելու հետեւանքով Արման Ջանջուղազյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: Գործը քննվում է։

Հիշեցնենք, Արման Ջանջուղազյանը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝  2017 թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ին, կրոնական մոլեռանդության շարժառիթով դանակի մի քանի հարվածով Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւին սպանելու համար։ Արման Ջանջուղազյանը այդ ժամանակ ներկայացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր,  իրեն հայտարարել էր իսլամի հետեւորդ, սակայն դատարանում այդ մասին հրաժարվել է ցուցմունքներ տալ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031