Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ազգովի ուխտ պիտի անենք, որ իմաստավորենք մեր 5000 նահատակների զոհողությունը»․ Ժիրայր Սեֆիլյան

Մարտ 13,2021 22:23

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը այլընտրանքն է հներին ու ներկաներին։

Ըստ նրա, նոյեմբերի 9-ից հետո «ռևանշիստները» օրումեջ երազում են վերադառնալ իրենց կորցրած կառավարման ղեկին, իսկ ներկաները, չգիտակցելով կորստի խորությունն ու մեծությունը, աղետի չափը, աթոռապաշտական, իշխանապաշտական, հիվանդագին մոլուցքով են տառապում՝ իշխանությանը կառչած մնալու։

«Նյութապաշտական նյութին հազիվ հասել են, կլպելու, թալանելու, լափելու հնարավորություն է ստեղծվել իրենց համար, որը, հավանաբար, մանկուց երազել են, չեն ուզում հեռանալ այդ հնարավորություններից։ Դժբախտաբար տեղի ունեցած աղետը ոչ մի կողմի վրա չի ազդել։ Մենք համբերատար շարունակել ենք՝ ասելով, որ սեղանի շուրջ պետք է լուծումը գտնվի և այս վիճակից պիտի դուրս գանք։ Գիտենք երկիրն անվտանգային ինչ վիճակում է գտնվում, գիտենք, որ հները չպիտի վերադառնան, որովհետև, վերջին հաշվով, ինչ տեղի ունեցավ հների գործունեության հետևանքն էր։ Ներկաներն էլ, ըստ էության, հների հետևանքն են։
Մենք շատ լավ գիտենք, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մերժելով հներին, մերժում է ներկաներին և օր առաջ լուծում է փնտրում, որի շնորհիվ պետք է լինեն ո՛չ հները, ո՛չ ներկաները, պիտի լինի ազգայինը», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին ինչքան մարդ միանա իրենց փողոցում, այնքան շուտ կհասնեն իրենց նպատակին։

«Անդառնալի կորուստը մարդկային կյանքի, 5000-ից ավելի, բառերով հեշտ է ասել 5000, անդառնալի կորուստը մենք իմաստավորելու խնդիր ունենք միասին, կամ հաջողում ենք միասին, կամ ձախողում ենք միասին, ժողովո՛ւրդ ընտրությունը ձերն է»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նաև նշեց՝ իրենք այն կարծիքին էին, որ ստեղծված աղետալի վիճակից դուրս պիտի գալ երկխոսությամբ և այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր են կատարել։ Սակայն իրենց այս գաղափարն անարձագանք է մնացել երկու կողմերից էլ, իրենք փողոց դուրս չեն եկել մինչև փետրվարի 26-ը։

«Փետրվարի 26-ից հետո ստիպված ենք փողոց դուրս եկել, երբ մեր բանակի ղեկավարությունը, չնայած վերջին ամիսներին կամ պատերազմի ընթացքում թույլ տված բազմաթիվ սխալներին, դիրքավորվել է, և ճշգրիտ է այն։ Եվ այս դիրքավորման շնորհիվ մեզ բոլորիս հնարավորություն է ստեղծվել, մասնավորապես ազգային մտածողության շերտին, ազգային ուժերին համախմբվելու և վերջապես կերտելու երկար տարիների երազած մեր ազգային պետությունը։
Այսօր ստեղծված է այսպիսի վիճակ և փետրվարի 26-ից հետո, բնականաբար, մենք դաշտը չէինք թողնելու միայն հներին, որ հասնեին իրենց նպատակին։ Մենք անպայման պետք է մեր ժողովրդին այլընտրանքը ցույց տայինք, և փետրվարի 26-ից հետո մենք ամեն օր փողոցում ենք և մնալու ենք այնքան, մինչև հասնենք մեր նպատակին»։

Ժիրայր Սեֆիլյանը որպես գլխավոր նպատակ համարեց հների վերադարձը չթույլատրելը, նրանց նոր՝ ազգային որակով փոխարինելը, որպեսզի 30 տարվա պատմությունը չկրկնվի ու նույն կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։

«Մեր քաղաքական անցյալը բոլորին հուշում է, որ մենք հետքայլ չունենք, հանձնվել չկա, մենք մեր նպատակին հասնելու ենք, առավել ևս տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Մենք ուխտ պիտի անենք ազգովի, որպեսզի իմաստավորենք մեր 5000 նահատակների զոհողությունը»,-ամփոփեց բանախոսը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031