Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայաստան՝ առանց կերակրատաշտի համար պայքարող նախկինների ու ներկաների․ այլընտրանքային ուժ է ձևավորվել

Մարտ 13,2021 21:17

Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հավաք-հանդիպում անցկացրեց Գյումրու Թատերական հրապարակում:

Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց, որ այն վերկուսակցական քաղաքական ուժ է, որը ստեղծել են իրենց գաղափարակիցներով։ Ժողովրդին համախմբելու, երկիրը  փոսից հանելու, փրկելու միակ միջոցը վերկուսակցական միավորումն է։

Նա խոսեց անցումային արդարադատություն ստեղծելու մասին, որի միջոցով երկիրը թալանածներին ունեզրկելու են, զրկելու են նաև քաղաքականությամբ զբաղվելու, պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, խոսեց նաև ազգային կառավարություն ունենալու և դրա միջոցով  ազգային պետություն կառուցելու, նոր Սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք ունենալու, անվտանգային պաշտպանական ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու, երկիրն ամրոցի վերածելու մասին։

Ըստ նրա, ազգային պետությունն ունենալն անխուսափելի է, որպեսզի երկիրը չդառնա գերեզմանոց, վերագտնենք արժանապատվությունը, իրավունքի գերակայությունը։ Երբ այս ամենը իրագործեն, այն ժամանակ էլ՝ մոտ 1-1,5 տարի հետո կանցկացնեն արտահերթ ընտրություններ՝ առանց նախկին ու ներկա «սրիկաների», որոնք կործանել  ու կործանում են Հայաստանը։

«Կա՛մ Հայաստանը, կա՛մ  նրանք, ուրիշ լուծում չկա, մենք ընտրում ենք Հայաստանը»,- ասաց բանախոսը։

Վարուժան Ավետիսյանը, քննադատելով թե՛ ներկա իշխանություններին և թե՛ նախկիններին, որոնք փորձում են վերստին գալ  իշխանության,  պարզաբանեց, թե ինչու է իրենց ուժը վերկուսակցական։

«Ինչո՞ւ վերկուսակցական, նախ կուսակցությունների ջախջախիչ մեծամասնությունն  այս համակարգի ստեղծած գործիքներն են, այս համակարգի հակահայ, հակապետական նպատակներն իրականցնելու համար։ Նրանց ղեկավարների մեծ մասը  ուղղակի գործակալներ են կամ  քաղաքական առևտրականներ, ուստի շատ դժվար է կուսակցություններով միանալ, իսկ որտեղ կան առողջ ուժեր, որոշ առողջ կուսակցության շրջանակներ, ցավոք սրտի, ինչ-որ պահից սկսած՝ գլուխ է  բարձրացնում կուսակցական շահը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նա  նշեց, որ  10 տարի է՝ պայքարում են, ունեցել են փոքր հաղթանակներ, նաև ձախողումներ, սակայն  դեռ չեն լուծել ազգային կառավարություն ունենալու և դրա միջոցով ազգային պետություն կառուցելու խնդիրը։

«Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը պետք է մերժի և՛ նախկիններին, և՛ ներկաներին, որովհետև երկուսն էլ  նույն համակարգի ծառաներն են։ Նրանք պայքարում են իրար դեմ՝ կերակրատաշտի համար, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի, մենք պայքարում ենք այս առկա հակապետական, հակահայկական, համակամարդկային, անարդար համակարգը մարդկային, հայկական, ազգային, արդար,  իրավական, ժողովրդավարական համակարգով փոխարինելու համար։

Իսկ իրենք ուզում են նույնը մնա, բայց իրենք սրանից հետո կկեղեքեն մեզ, հերթով փոխանցում են իրար՝  նախկիններ, ներկաներ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և այսպես շարունակ։ Սա է մեր տարբերությունը, այնպես որ մենք իրենց գզվռտոցի մեջ չենք մտնում և մեր ժողովրդին էլ առաջարկում ենք չմտնել ո՛չ 17 պլյուս, մինուսի առաջարկած կեղծ, ժամանակավոր, անցումային կառավարության մոտեցմամբ,  որ իրականում մեզանից գրագողությամբ վերցրած և մեր գաղափարը պղծելու նպատակ ունեցող մոտեցում է, և ո՛չ ներկաների աթոռին կառչած մնալու։ Իսկ դրա հնարավորությունը կորցնելու դեպքում արտահերթ ընտրությունների  այս մուկուչյանական համակարգով գնալու մոտեցումները մեզ  չեն կարող  ընդունելի լինել։ Որևէ ընտրություն այս համակարգում չի կարող արդյունք ապահովել»,-ասաց բանախոսը։

Վարուժան Ավետիսյանը, մանրամասնելով անցումային արդարադատություն ունենալու անհրաժեշտությունն, ասաց, որ իրենք այն կստեղծեն 1-1,5 տարվա ընթացքում, բոլոր գործակալներին կբացահայտեն, նրանց կզրկեն  պետական պաշտոն զբաղեցնելու, քաղաքականությամբ զբաղվելու ու հանրային գործունեություն ծավալելու իրավունքից։ Ըստ նրա, կեղծ քաղաքական ուժերի պարագլուխներն ու Հայաստանը ղեկավարած չորս ղեկավարները  պետք է իսպառ զրկվեն հանրային գործունեություն իրականացնելու իրավունքից։

Ժողովրդին կեղեքածները պետք է ունեզրկվեն ու այդ ունեզրկված կապիտալի միջոցով պիտի կարողանան զարգացնել երկրի տնտեսությունը  ու ամրապնդել երկրի պաշտպանական համակարգը։

Անդրադառնալով  նոր Սահմանադրության անհրաժեշտությանը՝ ասաց․ «Գործող Սահմանադրությունները մեկ անձի իշխանության համակարգ են ձևավորել, կապ չունի՝ ով է այդ մեկ անձը, խանական կառավարման համակարգ է, անունը կփոխեն, կդնեն նախագահ, վարչապետ, թե մեկ ուրիշ բան, մեկ նախագահական, մեկ կիսանախագահական, մեկ նորից խորհրդարանական։ Իրականում դրանք ո՛չ նախագահական են, ո՛չ խորհրդարանական»։

Նա նաև խոսեց երկու արհեստածին փակուղիների մասին, որոնցից մեկը ռուս -թուրքական, մյուսը նախկինների և ներկաների փակուղին  է։

«Մենք երկու փակուղու մեջ ենք, ամենուրեք և ամեն առիթով սա ասելու եմ․ մեկը ռուս-թուրքական փակուղին է, մյուսը՝ նախկինների և ներկաների փակուղին։ Իրականում այս երկու փակուղիներն էլ կեղծիք են, իրականում նման փակուղիներ գոյություն չունեն։ Այդ փակուղիները մեր մոլորված գիտակցության մեջ են։ Մենք ենք ստեղծել մեր ներսում, մեր ներաշխարհում ստեղծել ենք  այդ փակուղիները և տառապում ենք  դրա ձեռքը։

Ռուս-թուրքական փակուղին շատ հեշտությամբ կարող ենք հաղթահարել  իրական դաշնակիցներ ձեռք բերելու միջոցով, որոնք ունեն հայ ազգի, հայկական պետականության հետ համընկնող ռազմավարական շահեր՝ ի տարբերություն Ռուսաստանի և Թուրքիայի, որոնց նպատակը Հայաստանը խժռելն է՝ իրար պաս տալով և փոխանցելով ֆուտբոլի գնդակի նման։

Կան հզոր տերություններ, որոնք մեր հետ ունեն ռազմավարական համընկնող շահեր, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, մենք տեսնում ենք Հնդկաստանի լուրջ հետաքրքրությունը մեր նկատմամբ, Չինաստանի հետ լուրջ համագործակցության հնարավորություններ ունենք, մեր հարևանին՝ Իրանին չմոռանանք, որի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարներ կբացվեն, եթե մենք ռուս-թուրքական փակուղուց դուրս գանք։

Եվ մեր հարևան Վրաստանի հետ շատ կարևոր հարցեր ունենք լուծելու այս տարածաշրջանում, որովհետև մենակ մենք հետաքրքիր չենք աշխարհի ուժեղներին։ Վրաստանի հետ միասին մենք մեծ կարևորություն ենք ձեռք բերում, որովհետև մասնավորապես Գյումրիիի և Կարսի տրանասպորտի միասնական հանգույցը Նախիջևանի երկաթուղու հետ միասին, գիտեք չէ՞ բոլորը գալիս, Կարսում ենք հավաքվում։ Եվ Վրաստանի տարածքով անցնող ուղիները  բոլորը միասին մեկ ամբողջություն են կազմում և դրանով հնարավոր է այս տարածաշրջանի բանալի ստեղծել ու բացել, փակել, վերահսկել։

Այնպես որ Հայաստանը և Վրաստանը միասին կարող են մի ամբողջություն  ձևավորել և մեծ կարևորություն ունենալ այն եվրասիական հսկայական ծրագրերի մեջ, որոնցից մեզ ամբողջությամբ դուրս են դնում, դարձնում են անպիտան մի զոնա, որն այսօր սպասարկում է  ռուսական կայսրության շահը, բայց քանի որ Ռուսաստանը հեռանում է այստեղից, մեզ չի հարցնում, չի ասում, որ վայ՝ եթե ես գնամ, ինչպես կլինեք դուք, սիրելի հայեր, ձեզ թուրքերը կգան, կկոտորեն և այլն, չի հարցնում։ Ավելին հեռանում է՝ մեզ եփելով, մարսելի դարձնելով Թուրքիայի համար»։

Ըստ բանախոսի,  այդ նպատակով Սյունիքն է դարձնում տարանցիկ միջանցք, բզբզում են Տավուշի հատվածում, մի փոքր ավելի ուշ հերթը կհասնի Շիրակին։

Նրա համոզմամբ, Թուրքիային պետք է Արարատյան Հանրապետություն ՝ առանց ոտքի, գլխի և ձեռքերի, մի անկարող մարմին, որը խորհրդանշական առումով անհրաժեշտ է։

Նա նշեց, որ կան «քաղաքական փիլիսոփաներ», որոնք  համոզում են, թե Թուրքիայի համար շատ կարևոր է Հայաստանը, և որ Թուրքիան  Հայաստանը կծառայեցնի Ռուսաստանից իրեն տարանջատելու համար, և պետք չէ վախենալ Թուրքիայից։

«Իրականում այս երկու տեսակները՝ մեկը ռուսի սապոգը պաչենք, մյուսը՝ թուրքի յաթաղան բռնած ձեռք համբուրենք, այս երկու տեսակները նույնն են։ Սրանց նպատակը նույնն է, ուղղակի տարբերր տեսանկյուններից են հանդես գալիս, բայց իրենք հակապետական, հակահայկական, հակամարդկային, մեր վզին փաթաթված համակարգի շահերն են սպասարկում։ Ցռան վերգոյական նաև մտածողություն է՝ աղջիկ տանք, ոսկի տանք, կռիվ չանենք և այլն, և այլն, իրենք ամենաառաջինը փախնողներ են, իրենք իրենց մասին չեն մտածում, բայց մենք պիտի հասկանանք՝ երբ թշնամին գա, չի նայելու սև, սպիտակ կամ ինչ հայացք ես ունեցել»։

Նա նաև նշեց՝ 30-31 տարի գոյություն  ունեցողը ոչ թե ազգային պետություն է, այլ  հայ ազգի  դեմ գործող համակարգ է։

«Ազգային պետություն անվան տակ, Հայաստանի Հանրապետության անվան տակ  նույն  Հայաստանի Հանրապետության, ազգային պետականության, հայ ազգի, հայ մարդու, հայ քաղաքացու, Հայաստանի քաղաքացու դեմ գործող համակարգ է։

Սատանայական մի հնարքով ստեղծվել է այս վիճակը և, ցավոք սրտի, 30 տարուց ավելի մենք դեգերում ենք, պայքարում ենք, գլուխներս պատին ենք տալիս, պատերը մեր գլխով ենք տալիս և դեռ այս վիճակի մեջ ենք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031