Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ում էր, Շահումյան արձանի առջեւ Հայրենիքի փրկության շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել:
Նրանք շարունակում էին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանց մեջ էր նաեւ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:
Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ Գլխավոր շտաբի եւ նրան միացած բանակի բարձրաստիճան սպաների տարածած հայտնի հայտարարությանը եւ դրան Փաշինյանի ու ԱԳ նախարար Արա Այվազյանի տված քաղաքական գնահատականների սկզբունքային տարբերությանը: Փաշինյանը այդ հայտարարությունը որակել էր որպես հեղաշրջման փորձ, իսկ նախարարը օրերս «Ալ-Արաբիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բառացիորեն ասել էր. «Ես ամենեւին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»:
«Արտգործնախարարը պետք է իրականացնի պետական քաղաքականությունը: Իսկ այն, որ երկրի ղեկավարը եւ ԱԳ նախարարը ռազմական հեղաշրջման մասին տարբեր մեկնաբանություններով են խոսում, եւս մեկ անգամ ապացուցում է այն իրավիճակը, որը կա կառավարության քաղաքականության մեջ: Այսինքն, աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը զգացմունքների ներքո է այդ միտինգային հայտարարությունն արել, իսկ հետո զղջացել է, ինչպես շատ անգամ է եղել, օրինակ, «Իսկանդերի» մասին: Այդպիսի հայտարարությունը վնասում է մեր երկրի միջազգային վարկին: Չէ՞ որ իրականում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել: Եթե լիներ, կասեինք ՝ եղել է: Ես չգիտեմ, թե ինչու է վարչապետը մի բան ասում, իսկ ԱԳ նախարարը ասում է տրամագծորեն հակառակը: Այո, բարեխիղճ դիվանագետը պետք է հերքի, թե հեղաշրջման փորձ է եղել մեր երկրում, քանի որ դա բխում է մեր պետության վարկից: Արտգործնախարարը պետք է այն թիմից լինի, կիսի եւ իրականացնի այն քաղաքականությունը, որը մշակում է երկրի ղեկավարը»,- ասաց Հրայր Կարապետյանը:
Կարդացեք նաև
Հրայր Կարապետյանը դժվարացավ համաշխարհային դիվանագիտության մեջ նման բան հիշել: Թերեւս մի դեպք մտաբերեց ու էլի Հայաստանում 90-ականների սկզբին, երբ Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ արտաքին գործերի նախարարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք տեսնում ենք, որ պետական քաղաքականություն չկա, եւ մեր դիվանագետները հաճախ չգիտեն՝ ինչ անեն: Ցավոք, նույնը կատարվում է նաեւ այլ ոլորտներում: Ես կարծում եմ՝ դիվանագետները հիմա պետք է անեն այն, ինչ արեց բանակը: Միակ ելքը այս իրավիճակից դա է, որպեսզի հստակեցվի մեր դիվանագիտությունը»,- ասաց արտակարգ դեսպանորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ