Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Դիլիջանում ժամանակավորապես ապաստանած արցախցի աշակերտները «Դասավանդիր Հայաստան» -ի նախաձեռնած «Դասավանդիր առ հույս» ծրագրի շրջանակներում այցելել են Դիլիջանի կենտրոնական դպրոց՝ քիմիայի լաբորատոր փորձարկումներ կատարելու համար։
Այցի ընթացքում պատերազմից հետո առաջին անգամ պատահաբար հանդիպել են Ջրականում դասընկերուհիներ Էլլենը և Մելինեն։
Դասընկերուհիները իրենց կապը կորցրել էին պատերազմի ընթացում՝ անընդհատ տեղափոխվելու պատճառով։
Դիլիջանում սովորելով տարբեր դպրոցներում՝ դասընկերուհիները առիթ չէին ունեցել հանդիպելու։
Կարդացեք նաև
«Դասավանդիր առ հույս» ծրագրի ուսուցչուհիներից Լիլիթ Տոնոյանը, որը ևս Արցախից է տեղափոխվել Դիլիջան, գիտաճանաչողական փորձարկումներ դասընթացի շրջանակներում արցախցի աշակերտների համար այց էր կազմակերպել դեպի Դիլիջանի կենտրոնական դպրոց, որի ընթացքում էլ դասընկերուհիները անակնկալ հանդիպում են ունեցել։
Ջրականում ամենամոտ ընկերուհիներն անակնկալ հանդիպումից չեն կարողացել զսպել իրենց հուզմունքը․
«Երբ տեսանք իրար, առանց բառ ասելու իրար գրկած սկսեցինք լացել։ Ես ու Մելինեն Ջրականում ամենամոտ ընկերուհիներն էինք, բայց պատերազմից հետո կորցրել էինք իրար հետ կապը, ու ես չգիտեի, որ ինքն էլ է Դիլիջանում։ Չէի սպասում, որ նորից կտեսնեմ Մելինեին։ Ուրախությունից մի քանի րոպե իրար գրկած լացեցինք, հետո խոսեցինք, թե Ջրականի դպրոցի մեր դասընկերներից ումից տեղեկություն ունենք։ Ուրախ եմ, որ ամիսներ անց ես գտա իմ ընկերուհուն»,- մեր զրույցում կիսվեց Էլլեն Օհանյանը։
Լիլիթ Տոնոյանը, որը ևս հուզվել էր դասընկերուհիների անակնկալ հանդիպումից, մեզ հետ զրույցում նշեց, որ նման այցելությունները Դիլիջանում գտնվող արցախցի երեխաների համար պարբերական բնույթ են կրելու, քանի որ Գիտաճանաչողական խմբակը նախատեսված է երեխաների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն սերմանելու և բնագիտական առարկաները երեխաների համար ավելի մատչելի դարձնելու համար.
«Հետաքրքրաշարժ փորձերի և ակտիվ աշխատանքների միջոցով երեխաները սովորում են մի շարք երևույթների մասին, ինքնուրույն կարողանում են փորձեր կատարել և ինքնաշեն արագաներ պատրաստել։ Դիլիջանի կենտրոնական դպրոց կատարած այցի ժամանակ արված փորձերն այնքան էին ոգևորել երեխաներին, որ նրանք հետաքրքրվում էին, թե որտեղից կարող են գտնել այդ քիմիական նյութերը՝ տանը այդ փորձերը նորից կրկնելու նպատակով»։