Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեքվիեմ

Մարտ 13,2021 13:10

Այս ռեքվիեմը գրվել է 2020 թվականին, ղարաբաղյան Երկրորդ պատերազմից մոտ մեկ տարի առաջ, և այսօր կարող է դիտվել իբրև մարգարեական կանխատեսում, որ ունենում են ճշմարիտ գրողներից շատերը, եթե, իհարկե, նրանք մտահոգ են իրենց երկրի ճակատագրով: Սա սգերգ է՝ Հայրենիքի և սրտով վիրավոր մարդկանց մասին:

Արշալույսներ շռայլ, և աղերսներ անբիծ, և հրեշտակն անկյալ՝ իբրև վերջին տեսիլ:

Եվ հրեշտակն անկյալ, որ մարդ եղավ մեր մեջ, որ կուրացավ մտրակների ցավից, ահա կանչում է նա իր մարդկային ձայնով ու վկայում է հոգեվարքի ժամին:

Նա մեզ մոտեցավ դժոխքներից դրախտ ու շշնջաց անմահության մասին, նա հիշեցրեց, որ մենք մանուկներ էինք մաքուր ու դեռ մանուկ էինք մահվան շեմին:

Այդքան օտար այս օրերում, հավատալով մեղքին, ո՞ւմ անեծքով մաքրվեցինք իսպառ, և ո՞ւմ օրհնությամբ դարձանք վտարանդի:

Եվ ո՛ւմ ցավերը պատառեցինք թաքուն՝ պատառ-պատառ մեր սրտերից բաժանելով փշեր, որ ծաղկեցին հողոտ մեռելների վրա՝ վկայելով կարոտ, և անկումներ, և սեր:

Վկայելով ողբեր տխրաբարբառ, ողբեր տարօրինակ ու խեղճ, որ գրվեցին մութ խցերում տամուկ և ղողանջեցին իբրև անփառունակ զանգեր:

Այստեղ եղել է հանճարների ոգին, եղել է այլ մի ժամանակ, և կերտել է քաղաքներ ու շեներ ու կառուցել երկիրը նաիրյան:

Ու կռել է սրեր՝ հանդգնության սալին՝ արարելով հախուռն մարտակոչեր, որ մարեցին մշուշներում չարկամ ու հիշվում են իբրև գոյության աղերս:

Եվ եկել են հիմա, մարդիկ՝ սրտով կիսատ, մարդիկ անինքնասեր ու թույլ, և խլել են նրանք արքայական գահեր, բայց ռամիկ են ու թույլ:

Նրանց պալատներում՝ աստվածուրաց քրմեր, և վաճառվող կանայք՝ նրանց խնջույքներում, և պոետներ, որ ծախվեցին հետո և մերձավորներ ուրացան թաքուն:

Այս գիշերում չարկամ, գիշերում այս դեղին, ես կանչեցի քո անունը, իմ քույր, ու գրկի մեջ քո սուրբ արտասվեցի լեղի:

Արտասվեցի ամոթն իմ նաիրյան ու դեռ չասված բառեր, որ ծաղրածու եղան շուկաներում քարե ու մնացին անտեր:

Գուցե՝ երբեք, երբե՛ք, գուցե՝ ոչ մի անգամ, դեռ չենք եղել միմյանց այսքան մոտիկ ու չենք եղել այսքան օտար:

Ահա ծառեր ցամաք, ծառեր երկնուղեշ, որ գժվել են նզովքներից չարկամ ու պատրաստ են խաչելության համար:

Նրանց կեղևներում՝ ատելության մեխեր, և մարմիններ՝ նրանց ճյուղերին չարքաշ, և մարմիններ, որ չհասան երկինք ու չգիտեն, թե որտեղ է Աստված:

Արի ինձ հետ, իմ քույր, ու տես դիակառքեր, որ պոկվել են զառանցանքից կարմիր ու տանում են երգեր:

Եվ տաղերը մեր, տաղերը հանճարեղ ու պիղծ, ահա պապանձվել են երկինքներում ցավոտ ու ճայթում են նաիրյան նաշից:

… Նաիրյան ձմեռ, անպարագիծ մի ձյուն, որ ծածկել է անուրջներ ու վիշտ, մեզ ո՛վ հղացավ իր ցավերից առաջ, մեզ ո՞վ արարեց իր անեծքի ժամին:

Օ՜ անձրևներ շռայլ և աղերսներ անբիծ, և հրեշտակն անկյալ՝ իբրև վերջին տեսիլ:

Իբրև վկա՝ մեր պարտությանն ի տես, իբրև աստված միակ ու բռնության տարերք:

Նա հիշեցրեց, որ մենք մարդ ենք տկար, որ հող ենք կերել՝ երազելով աստղեր, և պոկվել ենք զառանցանքից դժկամ ու արարվել ենք իբրև մտամոլոր զոհեր:

Այնինչ մեզանից առաջ մեր իղձերն են խաչվում՝ գուցե փրկելով պատահական մեկին, որ ավելորդ էր արդեն ու պիտի մեռներ անհուսության ժամին:

Անհուսության ժամին, երբ լռում են խոհերը մութ, երբ մթնշաղն է կախվում այգիների վրա, և ծնկում է մարդն իր ունայնության շեմին՝ դեռ սպասելով Նրան, ով չէր եկել երեկ ու այսօր էլ դժվար թե գա:

Այսօր ես խոսում եմ՝ վկայելով բոլոր նրանց, ովքեր զտեցին ոգին ու մահացան անմահության համար՝ վաստակելով ոչինչ:

Ահա նրանք՝ հագուստներով ծվատ, բարձունքների վրա և խաչերին մոտիկ, ահա նրանք՝ երգեր երկնող մարդիկ, որ ճոճվում են ահա՝ երգ պարաններից:

Նրանց աչքերի մեջ՝ առասպելներ անթև, և գլխատված լույսեր, և գլխատված հույսեր, որ ծաղկեցին շիրիմներին վաղվա ու սաղմոսներ շշնջացին վաղվա թափորներին:

Անցիր, երբ կտեսնես նաիրյան երազը հոգեվար, երբ կտեսնես, թե ինչպես են այրում աշունը հրդեհ, երբ գլխատված մարմիններից անկամ, դու կտեսնես, թե ինչպես են հոսում մեր վերքերը գոս և տաղերը խեղճ, երբ ջլատված մսից ու անգլուխ վզից, դու կտեսնես, թե ինչպես է հորդում ցեղասպանվողի արյունը վես:

Քույր իմ. ես արարեցի գմբեթներ արեգնափայլ և գիշերվա լույսը կոփեցի սիրո միջնաբերդում, բայց իմ նժույգները պայտեցին ախոռներում զազիր ու ծաղրեցին գովքն իմ՝ քրքջալով չարիք:

Եվ դեմքերի վրա, դեմքերի վրա բազմադեմ, մենք մեր գալիքն արտասվեցինք նախապես ու մեր սրտերը թողեցինք խոռոչներում մթար՝ իբրև վերջին մի ծես, իբրև վերջին ուղերձ:

Այսօր ես խոսում եմ բոլոր նրանց մասին, ովքեր անրջեցին գիշերներում այս խուլ ու ապրեցին կառափնարան տարվող սրտերին մոտիկ, ովքեր ասեղնափայլ քուրձ հագան մերկ մարմնի վրա ու հրավառ երկինքներից խլեցին մոխիր:

Եվ հաղթանակներ խլեցին ուրացողից անկամ, ու տխրեցին մերձավորի ցավից, կարծես երբեք չէր եղել նզովք ու պարտություն, ու չէր տրտմել երկիրը Նաիրի:

Կարծես չէր բարբառել մարգարեն անսուտ՝ վկայելով մեկ այլ խաչելություն, ու չէր ծնկել զինվորն իր պարտության առջև՝ աչքերի մեջ խաչելով երկիր:

Աչքերի մեջ այրելով աստղեր հերձաթև ու լինելով թիկունքից հարվածողի գերին, նրանք գերությունից բերեցին հաղթանակը իրենց ու լռություն գտան, ու լռության մեջ՝ ոչինչ:

Այս քամիները տձև, այս քամիները լափլեզ, այս քամիներն են մաքրել մամուռը շիրիմներից, և չկա հիշատակը նրանց, ովքեր արևներից իջան երկիրը մեր ու սարսափեցին նկուղներում մեռնող արևներից:

Եղերական մի կույս, հավերժավոր մի հարս, որ մենացավ՝ մեզ փնտրելով այնտեղ, ուր չկան անեծքներ ու լաց, ահա թոթափում է իր ոտքերի փոշին՝ աղբոտ այս քաղաքը լքելուց առաջ:

Նա կմնա իբրև անմատնահար տեսիլ, իբրև աղոթք աստանդական, ու կկանչի հեռվից, ու կլինի անհաս՝ վկայելով սգերգը նաիրյան:

Վկայելով անպատասխան ցավեր, որ այցելում են եղերական երկունքներից առաջ ու մնում են սերունդների դաշտում և աչքերի մեջ մթար:

Եվ աչքերի մեջ՝ հավիտյանս հավատավոր, հավիտենական խաբկանքներին գերի, և աչքերի մեջ դարձյալ՝ վաղվա ու ապագայի:

Ապագայից ահա, մենք կլսենք ողբեր, և նզովք, և դատավճիռ, ու չենք հավատա, որ ընկել են ձեղունները մեր տան ու գլխավերևում այլևս չունենք տանիք:

Չունենք արոտավայրեր ու նոխազներ պարարտ,  չունենք ցլեր, որ պահված էին իբրև ցնծություն և պատրաստ էին զոհաբերության համար:

Քանզի մարդն է, ահա՛, վերջին զոհը բախտի, և արյան մեջ նրա սուզվում է երկիրը Նաիրի:

Բարակիրան իմ կույս, երկնաթռիչ տեսիլ, և հրեշտակն անկյալ՝ օրերում այս բիլ:

Օրերում այս բոսոր՝ իբրև հառաչ վերջին, մենք քո անունը կանչեցինք հեռվից ու երազեցինք թռիչքը քո հին:

Թռիչքն՝ իբրև անկում, որ մեզ գտավ հանկարծ, ու մոտեցավ թաքուն հրեշտակը անկյալ:

Նա շշնջաց, որ մենք մարդ ենք եղել, բայց կորցրել ենք իմաստը մեր գոյության ու պատրաստ ենք, պատրաստ՝ ինչպես երբեք՝ կողատակից խոցվելու համար:

Նա գիտեր, գիտեր անշուշտ, որ մեր սրտերի տակից հոսելու է արյուն ու ջուր, և մեր շուրթերի վրա չի լինելու Աստված, չի լինելու աղերս ու փրկություն:

Հրաշուշան եզերք, մաքրամաքուր իմ քույր, մեզ ո՛վ բանտարկեց խուլ զնդաններում, մեզ ո՞վ նկատեց մեր ծնունդից առաջ:

Եվ ի՞նչ կա հիմա՝ մոռացումից անդին, և արդյոք ինչո՞վ է հիվանդ ադամորդու հոգին:

Հոգին մեր վաղեմի՝ շղթայակապ ու գոռ, և՛ աննկուն, և՛ հեզ, և՛ վշտերում՝ մոլոր:

Եվ խոսքերում՝ կիսատ, ինչպես ոչ մի անգամ, ինչպես ոչ մի անգամ երազելով երկիրը նաիրյան:

Երկիրը՝ կապույտ եզերք, կապույտ արցունք ու խոնարհում, որ մնաց հողոտ մեր ծնկներին ու շուրթերին աղոտ:

Ու շուրթերին պապակ՝ թափառական մարդու, որ արթնացավ կարոտների կանչով ու գնում էր՝ չգիտես թե ուր:

Չգիտես թե ում համար հերկելով հողեր, որ բույր չունեն բնավ, չունեն պապենական հուշեր:

Օ՜ հուշերի վրա, հուշերի վրա մեր պաղ, հիմա իջել է ձմեռ մի սառցաշունչ և ձյուն համատարած:

Եվ ձյունն՝ իբրև դեղին պատանք, ծածկել է սարերը մեր, ծածկել հանդ ու օջախ և ծաղկավառ կայծեր:

Եվ ծաղկավառ կայծեր, որ կառչել են մռայլ շիրիմներից ու բերել են խոհեր, ու բերել են խոհեր՝ մութ օրերի մթից:

Եվ եթե կա մի բան, որ չի ասվել առ այս, որ չի գնվել անպատասխան սիրով, դու որոնիր նրան նկուղներում խոնավ ու սրբացրու կանթեղների յուղով:

Ու սրբացրու հիշատակը նրանց, որ այրվեցին իսպառ ու մշուշոտ աչքերի մեջ իրենց թաքցրեցին երկիրը նաիրյան:

Թաքցրեցին անառագաստ նավեր, և քամիներ վայրագ, և կիսափուլ տներ ու մանուկներ մենակ:

Եվ մահեր թաքնախորհուրդ, և կակաչներ կարմիր, որ գոյացան մի օր՝ մահապարտների մերկ մարմիններին:

Մարմիններին նրանց, որ տուն չեկան երբեք, և չգիտեն, ահա, որ կորցրել ենք եզերք:

Որ պարտվել ենք կռիվ ու երազանք մի մեծ, և հազարաթև մեր երկինքներում, ահա, չկան հաղթանակներ:

Եվ արցունքներ չկան մոռացման մեջ այս մեծ, ու մեզ չեն այցելում առասպելներ հրկեզ:

Առասպելներ անդնդախոր, որ քամվել են քարից ու քարեղեն բառով են կառուցել երկիրը Նաիրի:

Այսօր, գաղտնազազիր այս օրվա մեջ գուցե և կամ՝ ոչ մի անգամ, մենք անձրևներ կպոկենք մեր անպտուղ հողից և ցորեններ կպոկենք երկինքներից շռայլ:

Եվ շշուկներ կպոկենք, և հասկեր ոսկեգիսակ, կամ կմնանք հացկարոտ ու խեղճ ու մերձավորի մեջ անգամ կճանաչենք օտար:

Կճանաչենք դեղին մի առավոտ, որ կբացվի հետո, ու ոչինչ այլևս չի լինի մեզանից հետո:

Եվ մեր աչքերը հարաբաց՝ կցավեն մահվան քնով, կցավեն աստղանկար վշտեր ու պառավներ վշտոտ:

Ու լռության մեջ հողաբույր, լռության մեջ օտար, մեզ մի վերջին անգամ կայցելի հրեշակը անկյալ:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031