Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս օրերին զբաղված է ռեկտորի ընտրություններով։ Մարտի 1-ին տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի օրակարգով։
Վեց թեկնածուներից (երկուսը ինքնաբացարկ հայտարարեցին) առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքեց ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։
Համաձայն քվեարկության արդյունքների և ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի, արդեն երկուշաբթի կանցկացվի բուհի ռեկտորի ընտրության քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցի առավելագույն ձայն հավաքած թեկնածուն՝ Գոռ Վարդանյանը: Ռեկտոր ընտրվելու համար Գոռ Վարդանյանին անհրաժեշտ է ստանալ հոգաբարձուների խորհրդի անդամների 50 %+1 ձայն։ Պոլիտեխնիկի Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը‚ ով նույնպես առաջին փուլում մասնակցում էր ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին‚ «Փաստի» հետ զրույցում նշեց‚ որ ամբողջ գործընթացը հապճեպ է հայտարարվել ու անցկացվում։
«Հունվարի 22-ին հոգաբարձուների խորհուրդը փոխել է ռեկտորի ընտրության կարգը‚ հունվարի 27-ին հայտարարել է մրցույթի մասին՝ ընտրության օր նշանակելով մարտի 1-ը։ Ճիշտ է‚ ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի կետերը պահպանված են‚ սակայն հապճեպությունը կասկածի տեղիք է տալիս»‚- ասում է պարոն Ղազարյանը և ավելացնում‚ որ առաջին փուլում թեկնածուների ստացած ձայները կանխատեսելի էին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրության երկրորդ փուլին‚ ապա Դավիթ Ղազարյանը հույս է հայտնում‚ որ այս փուլում ռեկտոր չի ընտրվի‚ մրցույթը չեղյալ կհամարվի‚ և կկարողանան նոր ընտրություն կազմակերպել այն ժամանակ‚ երբ ուժի մեջ կմտնի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը‚ կձևավորվի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ‚ կընդունվի ՀԱՊՀ ռեկտորի ընտրության նոր կարգ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում