Ինչպես ընդգծվում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2021 թ. հունվարին հրապարակած պաշտոնական զեկույցում, թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի վերահսկողության տակ են հայտնվել շուրջ 1500 պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, ավելի քան 590 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերը, բերդերն ու ամրոցները, հարյուրավոր սրբավայրեր: Ադրբեջանի բռնազավթած «գողոնի» շարքում են հայտնվել 8 պետական թանգարաններ՝ գրեթե 2 հազար ցուցանմուշով: Մասնավորապես թշնամու «ձեռքում» են Շուշիի պատմաերկրագիտական, հին գորգերի, հայկական դրամների թանգարանները, պետական պատկերասրահը, երեք տասնյակի հասնող կրթամշակութային օջախներ:
Ազերական վանդալիզմն իր գագաթնակետին է հասել քաղաքակրթության ավերման բոլոր «չափորոշիչների» անտեսման տեսանկյունից:
Բարբարոսների կողմից անխնա ոչնչացվում են ոչ միայն պատմամշակութային հին հուշարձաններն ու շինությունները, այլեւ Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները, հայազգի զորավարների եւ ԽՍՀՄ հերոսների արձանները: Որպես ասվածի վկայություն՝ ազերիները ցինիկաբար սոցցանցերում տեղադրում են տեսագրություններ, որոնցում ցուցադրվում են տեսարաններ՝ վայրագաբար ու դաժանությամբ հոշոտվող արժեքների վերաբերյալ:
Այդ «համատեքստում» կարելի է դիտարկել Մեծ թաղերում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովի, բերդաքաղաք Շուշիում ԽՍՀՄ մետալուրգիայի նախարար, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Թեւոսյանի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Մուրացանի եւ մյուս երեւելիների հուշարձանների գազանաբար ոչնչացումը:
Կարդացեք նաև
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունից ցավալիորեն շարունակում է վրիպել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու եւ քաղաքի մյուս հայկական եկեղեցիների անարգման ու սրբապղծման փաստը: Մինչ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովան հավաստիացնում է, թե «բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ապահովելու համար», Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնում աջակցել «Լեռնային Ղարաբաղում հայկական օկուպացիայի տարիներին վնասված ադրբեջանական մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնմանը»:
ԱՀ արտգործնախարարությունում համարում են, որ Արցախի կարգավիճակի հստակեցման հետ կապված ապագա բանակցություններում, սահմանների որոշման գործընթացի հետ մեկտեղ, պետք է լայնորեն քննության առնվեն եւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի հսկողության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների վերադարձմանն առնչվող խնդիրները, որոնք հակամարտության խաղաղ կարգավորման կարեւոր բաղադրիչներից են:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում