Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան․ «Միակ տարբերակը, որով զինվորականությունը կկարողանար իրենց օրակարգը առաջ քաշել՝ ըստ էության ռազմական հեղաշրջումն էր»․ «Հայկական ժամանակ»

Մարտ 13,2021 10:53

Ի՞նչ է սպասվում «Հայրենիքի փրկության շարժմանը», ի՞նչ ընթացք կունենա նախագահի նախաձեռնած երկխոսությունը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ.

– Պարոն Վարդանյան, նախագահը նախաձեռնել է երկխոսություն, որին հրավիրյալներից քչերն են արձագանքել: Ինչպես գիտենք՝ ՀՓՇ-ն ըստ էության մերժել է նախագահի մոտ հրավիրված հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Այս պարագայում իմաստ ունի՞ այդ հանդիպումը:

– Մենք տեսանք, որ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստանը» պատրաստակամ են գնալ եւ այդ քննարկմանը մասնակցել, ինչը ցույց է տալիս, որ կառավարող ուժը պատրաստ է ըստ էության երկխոսության: «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն էլ, փաստորեն զատվում է ԲՀԿ-ի ու «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշումից:

Սա նշանակում է, որ ԼՀԿ-ն փորձում է իր խաղը խաղալ: Սա արդեն կայացած փաստ է: Իսկ կլինի այդ երկխոսությունը, թե չի լինի՝ մի փոքր դժվար է ասել: Մենք տեսնում ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» պայմաններ է առաջ քաշում՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար, եւ իրենց պայմանները 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից առաջ քաշվող պայմանների կրկնօրինակն են:

Բայց այստեղ խնդիրն այն է, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիմն ուներ լայն հանրային աջակցություն, այսինքն այդ գործընթացը, որի նպատակը Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն էր, զանգվածային բնույթ էր կրում: Իսկ «Հայրենիքի փրկության շարժմանը», ըստ հավաքների մասնակցության եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների տվյալների, հանրության մեծամասնությունը չի աջակցում:

Պետք չէ մոռանալ, որ այդ շարժման կորիզը կազմում են այն քաղաքական շրջանակները, որոնց 2018 թվականին հանրության բացարձակ մեծամասնությունը հեռացրել է իշխանությունից: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարող ենք ասել, որ նրանք չեն կարող հաջողել իրենց օրակարգը պարտադրելու հարցում: Եվ նրանց օրակարգով որեւէ բանակցություն տեղի չի ունենա: Ուստի, քննարկումն էլ տեղի կունենա այն ժամանակ, երբ որ իրենք հրաժարվեն այդ օրակարգից եւ կոնստրուկտիվ դաշտ մտնեն:

– Կարելի՞ է հիմա ասել, որ «Հայրենիքի փրկության շարժումը» տապալված է: Արդեն անգամ ներսում են խոսում այդ մասին:

– Խնդիրն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» ի սկզբանե դատապարտված էր նրան, որ ինքը չէր ունենալու հանրային լայն աջակցություն: Սա հասկանալի է: Իսկ ինչպե՞ս կարողացավ ստեղծել լարվածություն եւ մինչեւ հիմա էլ պահպանում է այդ լարվածությունը: Պատճառը պարզ է. մի կողմից տեղի էր ունեցել պատերազմ, եւ արդյունքները շատ ծանր էին հայ ժողովրդի համար, մարդիկ մինչեւ հիմա էլ շատ հարցերի պատասխաններ չունեն:

Մյուս կողմից, շատ շատերը տրամաբանական թեզ էին առաջ քաշում, որ եթե եղել է լուրջ ձախողում, անկախ նրանից, թե որքան է այդ ձախողման համար կառավարող ուժի ու վարչապետի մեղավորությունը, ճիշտ կլինի, որ վարչապետը հրաժարական տա եւ հետո արդեն կպարզվի, թե որքան էր նրա մեղքը կամ միգուցե ընդհանրապես չկա:

Դա որոշակիորեն կլիցքաթափեր իրավիճակը: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, առաջացրեց հանրային տարբեր շերտերի վրդովմունքը: Լարվածության գեներացման մյուս ռեսուրսն էլ նախկին ռեժիմի ձեռքում եղած բազմաթիվ հեռուստաընկերություններն են եւ ֆինանսական լուրջ ռեսուրսները: Այդ բոլոր ռեսուրսները նրանք ակտիվ կերպով, առանց որեւէ էթիկական սահմաններ ճանաչելու՝ օգտագործեցին, որ շիկացնեն իրավիճակը եւ ազդեն մարդկանց գիտակցության վրա, երկրում մթնոլորտ ստեղծեն:

Այստեղ մի բան է նաեւ շատ կարեւոր. լարվածությունը մեծ էր նաեւ մի բանի պատճառով, որ պետական տարբեր ինստիտուտներում աշխատողների զգալի հատվածը մտածողությամբ եւ տարբեր կապերով նախկին իշխանությունների հետ կապված մարդիկ էին: Նրանք ամեն բան արեցին՝ օգտագործելու իրենց դիրքը, լարվածություն ստեղծելու համար, կառավարող ուժի դեմ ինֆորմացիաներ տարածելու համար:

Մենք տեսանք, որ աննախադեպ բաներ տեղի ունեցան. ռազմական վերնախավի մի զգալի հատվածը դուրս եկավ իշխող ուժի դեմ եւ մտավ քաղաքական դաշտ: Բնականաբար սա չի կարող լարվածություն չառաջացնել:

Ահա թե ինչպես եղավ, որ չունենալով հանրային աջակցություն՝ այդ շարժումը այդքան աղմուկ եւ լարվածություն ստեղծեց երկրում: Չունենալով այդ ռեսուրսները՝ իրենք չպետք է նույնիսկ հույս փայփայեին, որ կարող են հաջողել:

Այստեղ ուզում եմ կենտրոնանալ հատկապես զինվորականության հայտարարության վրա, որովհետեւ միակ տարբերակը, որով իրենք կկարողանային իրենց օրակարգը առաջ քաշել՝ ըստ էության դա ռազմական հեղաշրջումն էր: Երբ որ կոնկրետ ուժային ճնշում բանեցնելու հնարավորություն ունեցող ինստիտուտները, կոնկրետ այս դեպքում բանակը՝ ուժի միջոցով ձերբակալեր վարչապետին, կառավարության անդամներին, ասեր որ դադարում է Սահմանադրության գործունեությունը Հայաստանում, փաստացի տապալեր սահմանադրական կարգը, ասեր նշանակում ենք վարչապետ Վազգեն Մանուկյանին:

Այս դեպքում Վազգեն Մանուկյանը կարող էր նշանակվել վարչապետ, կամ դա տեղի ունենար խորհրդարանում, բայց պատգամավորները սպառնալիքի արդյունքում կքվեարկեին նրան:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031