Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2021 թ.-ի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները փաստում են, որ տնտեսական անկումը շարունակվում է նույն տեմպով, որ պարտք վերցնելով եւ աշխատավարձեր, թոշակներ ու պարգեւավճարներ բաժանելով, տնտեսությունը չի կարող զարգանալ։
Ըստ վիճկոմի, հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով։ Տնտեսության ճյուղերից արդյունաբերությունում անկումը կազմել է 1,8 տոկոս նախորդ տարվա հունվարի համեմատ։ Առեւտրում, որտեղ զբաղված է բնակչության մի զգալի հատված, անկումը շատ ավելի խորն է՝ 15,1 տոկոս, որը նշանակում է, որ բնակչության եկամուտները նվազում են եւ մարդիկ ավելի քիչ գնումներ են անում։
Ծառայությունների ոլորտում անկումը դարձյալ երկնիշ է՝ 10,3 տոկոս։ Շինարարությունում արձանագրվել է 0,8 տոկոս աճ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի այստեղ 9,5 տոկոս անկում էր։ Գյուղատնտեսության ցուցանիշները բացակայում են, քանի որ հրապարակվում են եռամսյակը մեկ։
Բնականաբար, կտրուկ նվազել են թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ցուցանիշները։ Արտահանումը նվազել է 11,3 տոկոսով, ներմուծումը՝ արդեն 20 տոկոսով։ Սրանք, թերեւս, մեր տնտեսության եւ սոցիալական վիճակի իրականությանը մոտ գտնվող տվյալներ են, քանի որ ապրանքաշրջանառությունը արձանագրվում է նաեւ գործընկեր երկրների մոտ եւ կարելի է հստակ պարզել, թե մեր Վիճկոմը իրակա՞ն տվյալներ է ներկայացնում, թե՞ հորինած։ Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ գնաճը նոր հակառեկորդներ է խփում։
Կարդացեք նաև
Սննդամթերքի թանկացումներն իսկապես աննախադեպ են
Այս տարվա փետրվարին գնաճը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 5,3 տոկոս։ Դա արդեն գերազանցում է Կենտրոնական բանկը որպես գնաճի նպատակային միջակայքի վերին շեմ սահմանած 4 տոկոսը։ Ընդ որում, ավելի բարձր գնաճ է արձանագրվում մարդկանց համար առավել կենսական սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ 7,8 տոկոս, ոգելից խմիչքների եւ ծխախոտի դեպքում՝ 8,7 տոկոս։ Առանձին ապրանքների թանկացումները պարզապես թռիչքային են։
Այսպես, բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13,1 տոկոս գնաճ, մրգի ապրանքախմբումՙ 8,3 տոկոս։ Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 19,7 տոկոս գնաճ, ընդ որում՝ բուսական յուղի միջին գնաճը կազմել է 50,4 տոկոս։ Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9 տոկոս գնաճ։
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 13,1 տոկոս գնաճ, ընդ որում՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52,5 տոկոսով։ Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40,6 տոկոս գնաճ։ Նախկինում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը շաքարավազի գնի աննշան բարձրացման ժամանակ աղմուկ-աղաղակ էր բարձրացնում, բայց հիմա քար լռություն է։
Ոչ պարենային ապրանքները նույնպես զգալի թանկացել են՝ 6,7 տոկոս։ Բարձր է նաեւ այս ապրանքախմբի ամենակենսական ապրանքների՝ հագուստի եւ կոշիկի գնաճը՝ 5,2 տոկոս։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի եւ բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության ապրանքների գնաճը կազմել է 6,9 տոկոս։
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների ավելի ցածր՝ 1,6 տոկոս հավելաճ։ Այստեղ ամենամեծ աճը գրանցվել է տրանսպորտի ոլորտում՝ 7,2 տոկոս։ Դա ամենայն հավանականությամբ միջքաղաքային տրանսպորտի գների արտացոլումն է։ Տրանսպորտի սակագների նման թանկացումը կարծես թե բողոքի լուրջ ալիք չի առաջացրել, հակառակ նախկինում տեղի ունեցածի։
Կենտրոնական բանկը բարձր գնաճը զսպելու համար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն, փոխարենը այդպիսով վատթարացնում է տնտեսության ֆինանսավորման պայմանները տնտեսական խորը անկման պարագայում։ Այս կացության լուծումը չի նշմարվում։
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում