Փետրվարի 5-ին ռուսական «glavnoe.net» կայքէջը «Ահավասիկ քեզ դաշնակից. Հայաստանը հավանություն տվեց հակառուսական պատժամիջոցներին» խորագրով հրապարակել էր հակահայ դիրքերից գրի առնված տեղեկատվական մի նյութ:
Մինչ այդ, փետրվարի 3-ին, հատուկ ադրբեջանական «haqqin.az»-ի էջերում Մոսկվայից այդ նույն թեմային էր անդրադարձել Յուլիա Մեդվեդեւան «Հայաստանի դեսպանը Արեւմուտքին կոչ արեց պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ՌԴ-ի» վերնագրով: Մեդվեդեւայի հոդվածը շատ ավելի ընդարձակ էր: Երկու նյութերում էլ, որպես դաշնակից, Ռուսաստանի հանդեպ իր պարտավորություններն անտեսելու մեջ անիրավաբար մեղադրվում է Հայաստանը:
Համենայն դեպս, այս երկու հրապարակումներում էլ խոսքը Նիդեռլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասին է: Նա, ըստ ռուսական հրապարակումների, հարցազրույց է տվել նիդեռլանդական «Weekblad Elsevier» պարբերականին` արծարծելով Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների հարցը: Մի դեպքում ՀՀ դեսպանը դրանք գնահատել է դրական, իսկ մյուսում կիրառելու կոչ է արել Արեւմուտքին:
Եթե դա զրպարտություն չէ եւ իսկապես այդպես է, ապա անտեղի է մեր դեսպանին դատապարտելը, որովհետեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը վեր է դեսպան Բալայանի ուժերից: Ի վերջո, պատժամիջոցների դրդապատճառը ՀՀ դեսպանի կոչերը չեն, այլ Արեւմուտքում նախագահ Պուտինի նկատմամբ վարվող քաղաքականությունը, ինչի մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում անձամբ ընդգծեց ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, որին նա մասնակցում էր տեսակապի միջոցով:
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ ռուսական որոշ շրջանակների մոտ հայատյացության ծավալման պարագայում խնդիրը սոսկ նշված հեղինակները չեն, այլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան անզգույշ որոշ արտահայտություններն ու մանավանդ Ադրբեջանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վլադիկա Ալեքսանդրի հրձիգ հայտարարությունները: Փետրվարի 3-ին Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին պաշտոնական հաղորդագրության մեջ Ռուսաստանի դեսպանատունը Ստեփանակերտը դարձրել էր «Խանքենդի»:
Կարծես դա բավական չէր, դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովն էլ դեռ ասել է, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել հայերի կողմից: Այսինքն, ըստ Գուչկովի, պիտի միանշանակ ընդունվեր եւ մենք էլ Ռուսաստանի դեսպանատան նման «Խանքենդի» պիտի անվանեինք Ստեփանակե՞րտը:
Գալով Վլադիկա Ալեքսանդր կոչված արարածին, ապա նա էլ, ինչպես նշում է Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր»-ում տպագրված հոդվածում, որը փետրվարի 9-ին թարգմանաբար արտատպել է «Առավոտ»-ը, ասել է, ստելով. «Ադրբեջանն ունի բազմամյա մշակութային ընկալման բարձր մակարդակ, Բաքվում հայկական եկեղեցիներն ու գրադարանները պահպանված են: Հաշտության պայմանագրի ստորագրման դեպքում դրանք կարող են կրկին օգտագործվել, ինչպես հարկն է»: Ավելին` ռուս արքեպիսկոպոսը նախ մեղադրել է հայերին «իրենք իրենց խաբելու մեջ», ապա ասել, որ հայերը «շատ են ցավում, որ ստիպված են եղել լքելու» Ադրբեջանը, մոռանալով, իհարկե, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի մասին:
Ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին, արքեպիսկոպոս կոչվող այս ռուս հոգեւորականը բառացիորեն նշել է. «Պետք է շատ զգույշ լինել ցեղասպանություն բառը օգտագործելիս: Մենք ունենք շատ տխուր փաստեր Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի գործողությունների վերաբերյալ: Ունենք հայկական կողմից սպանած հազարավոր ադրբեջանցիներ, ուստի ո՞ւմ պետք է դիմել ցեղասպանություն բառով»:
Այնուհետեւ նա հավելել է. «Ադրբեջանցիներն իրենց սրտում ատելություն չունեն»: Չիմացողն էլ կկարծի հազար տարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանցի հրոսակը հայ գերիների գլուխը սիրուց էր կտրում:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում