Չնայած ՔՈՎԻԴ-19 համավարակին և աշխարհում հրադադար պահպանելու կոչերին՝ անցյալ տարի ԵԱՀԿ տարածությունում հակամարտությունները շարունակում էին ազդել քաղաքացիական բնակչության վրա՝ հանգեցնելով հազարավոր մահերի, տեղահանությունների, հիմնավոր իրավունքների մերժման:
Այս մասին փաստել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդասիրական պաշտպանություններն ու մարդու իրավունքները հակամարտության գոտիներում» խորագրով վեբինարի մասնակիցները:
Վեբինարին մասնակցել է ավելի քան 125 մարդ, այդ թվում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Լորդ Բոունեսը (Մեծ Բրիտանիա) և խորհրդարանականներ՝ հակամարտության ազդեցությունը կրած մի քանի երկրներից: Վեբինարում քննարկվել է, թե ինչպես բարելավել հումանիտար իրավիճակը հակամարտության գոտիներում, ամրապնդել միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հանձնառությունները, ինչպես նաև անդրադարձել են տեղահանությունների երկարաժամկետ հետևանքներին:
Ափսոսանք հայտնելով, որ 21-րդ դարում դեռ կան հակամարտություններ՝ նախագահ Բոունեսը նկատել է, որ ԽՎ-ն շարունակում է պատշաճ ուշադրության տակ պահել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում հակամարտությունների հետևանքով առաջ եկած մարդասիրական իրավիճակը:
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Փիթեր Մաուերը նկարագրել է նշված երկրներում հումանիտար ոլորտում հակամարտությունների լուրջ ազդեցությունը, հատկապես համավարակի համատեքստում: Նրա խոսքով՝ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ոչ ընտրողաբար հարվածների, ինչպես նաև օրենքով արգելված այլ հարձակումների մասին, երբ պայթող սպառազինություն է կիրառվել քաղաքներում, գյուղերում և այլ բնակեցված տարածքներում՝ հանգեցնելով մահերի և վիրավորումների, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների ավերման:
Նա կոչ է արել ԵԱՀԿ խորհրդարանականներին ազդել իրենց կառավարությունների վրա՝ ընդունելու օրենքներ, որոնք կապրապնդեն մարդկանց անվտանգությունն ուժեղացնելու հանձնառությունները, այդ թվում ապահովելով, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքը հարգեն բոլոր կողմերը բոլոր ժամանակներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ