65-ամյա՝ ռիսկային խմբում գտնվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող անձի էին մեկուսացրել եւ անընդհատ բավարարվում էր խափանման միջոց կալանք ընտրելու քննիչի միջնորդությունը
Առաջին անգամ չէ, որ անդրադառնում եմ Կամո Մուրադյանին անհիմն 2020թ. ապրիլի 16-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հրավիրելուն, ով կամովին ներկայացել էր, սակայն ձեւակերպել էին, որ իբր նա բերման է ենթարկվել ու անմիջապես ձերբակալել էին: Հիշեցնեմ, որ ձերբակալվեց, այնուհետեւ նրան մեղադրանք առաջադրվեց լրիվ անհիմն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 35-38 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Իսկ ինչու էր անհիմն, քանի որ Կամո Մուրադյանի մեղադրանքը կառուցվել էր երկու հոգեպես անկայուն անձանց ցուցմունքների հիման վրա: Նրանցից մեկը հոգեբուժարանում գրանցված անձ է, իսկ մյուսը՝ ըստ մեր ունեցած տվյալների, ծառայությունից ազատված է եղել հոգեկան անկայուն վիճակի պատճառով, որի ճշտման հետ կապված այդպես էլ պաշտպանական կողմի միջնորդությունները չբավարարվեցին: Հետագայում Կամո Մուրադյանի մեղադրանքը փոխվել է, որոշում է կայացվել նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 35 հոդվածով, 104 հոդվածի 2 մասի 1-ին, 8-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Այս տարվա հունվարի 14-ին Կամո Մուրադյանը Վանաձորի ԲԿ-ում մահացել էր: Ինչո՞ւ, որովհետեւ 65-ամյա՝ ռիսկային խմբում գտնվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող անձի էին մեկուսացրել եւ անընդհատ բավարարվում էր խափանման միջոց կալանք ընտրելու քննիչի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Միայն 2020թ. դեկտեմբերի 30-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը ընտրեց խափանման միջոց գրավ, սակայն մինչ այդ նա այնքան էր հյուծվել, որ քրեակատարողական հիմնարկությունում ընդունեց կորոնավիրուսի վարակը, տեղափոխվեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, այնուհետեւ գրավի կիրառման պայմաններում շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Վանաձոր քաղաքի իր տուն, սակայն թթվածնի պակասը ստիպել է հարազատներին, որ նույն մեքենայով նրան տեղափոխեն Վանաձորի ԲԿ, որտեղ մնալու ընթացքում երկու անգամ թթվածնի հոսքը ընդհատվել է:
Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն էր սա, քննությունը կպարզի, քանի որ կինը բողոքում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մի քանի ժամով թթվածնի դադարեցման կապակցությամբ, որոնցից առաջինի ժամանակ բժիշկները կարողացել են թթվածնի ապահովումից հետո կայունացնել Կամո Մուրադյանի վիճակը, իսկ երկրորդ անգամ բժիշկների ջանքերն իզուր անցան, Կամո Մուրադյանը հիվանդանոցում մահացավ:
Մարդը պայքարում էր հանուն արդարության, հանուն իր անմեղության բացահայտման, սակայն այդպես էլ չկարողացավ իր կամքից անկախ հասնել իր նպատակին:
Ներկայումս Կամո Մուրադյանի կինը վերջինիս պաշտպանական թիմի հետ պայքարում է հանուն արդարության բացահայտման, չնայած վարույթն իրականացնող մարմինը շարունակում է նույն գործելաոճը՝ պաշտպանական կողմիս միջնորդությունը առանց վերլուծելու, առանց պատճառաբանելու, մի քանի տողով ընդամենն անդրադառնալով միջնորդությանը, գտել են, որ այն ենթակա է մերժման:
Եվ սա՞ է ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված դրույթը՝ մարդը բարձրագույն արժեք է:
Հուսանք, որ գործը դատարան ուղարկելուց հետո գոնե դատարանը կվերականգնի անձի խախտված իրավունքը՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննության արդյունքում:
Կարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
12.03.2021