Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոմեղադրանք

Մարտ 13,2021 13:00

Երեկ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել, որ Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեսչական մարմինը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:

Տեղեկացվել էր, որ վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են Երեւանի տարբեր վարչական շրջաններում։

Նրանք հորդորել էին, որպեսզի հասարակական տրանսպորտից օգտվող ուղեւորները պարտադիր կրեն դիմակ, իսկ ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսվարողներն ու ֆիզիկական անձինք տրանսպորտային միջոցի ուղեսրահում պետք է ունենան ախտահանիչ հեղուկ, ինչպես նաեւ սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթեւեկությունը։ Իսկ այն ուղեւորներն ու տնտեսվարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Լուսանկարներում 74 երթուղայինն է: Ի՞նչ եք կարծում, այս հակահիգիենիկ շարժական գույքում հնարավո՞ր է մարդը դիմակով նստի: Հավանաբար, այդ պատճառով վարորդներն իրենք դիմակ չեն կրում:

Անտանելի հոտ, կեղտոտ սրահ, սպառողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է նման երթուղայիններով ճանապարհ ընկնելը:

Բավական է հորդորելը, դուրս եկեք ձեր ծառայողական մեքենաներից ու աշխատասենյակներից, եւ մի տասը րոպե շրջեք Երեւանով այս երթուղայիններով:

Հաստատ, ինքներդ դեն կնետեք դիմակները, իսկ սրահում չեք գտնի այն «անմահական» ախտահանիչ հեղուկը, փոխարենը կգտնեք լուսանկարում պատկերված աղբը:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ուղեւոր

«Առավոտ» օրաթերթ
12.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031