Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեծ բաժակ սուրճ լցրի, չնայած սուրճ չեմ խմում, վերցրի թելերս ու սկսեցի»

Մարտ 13,2021 12:00

Մեր զրուցակիցը «Leafnetic» ձեռագործ աքսեսուարների հիմնադիր Մարիամ Սարգսյանն է: Խոսել ենք սեփական բիզնես հիմնելու, աշխատանքների եւ պատահած դժվարությունների մասին:

– Ինչպե՞ս հղացար սեփական բիզնես ունենալու գաղափարը:

– Սեփական բիզնես ունենալու միտքը շատ վաղուց էր հետապնդում ինձ: Բայց երբեք համարձակություն չէի ունենում սկսելու: Արդեն երեք տարի է՝ այդ մտքի համար գումար էի տնտեսում: Մտքեր էի հավաքում, տարբեր բաներ էի ուսումնասիրում, թե ինչ կարելի է անել, բայց վերջնական ու վճռորոշ քայլը դեռ մնում էր չարված: Մի հերթական երեկո, երբ սպառված ու հոգնած տուն էի եկել աշխատանքից, ընկերոջս հետ էսպիսի խոսակցություն ունեցանք: Ասացի, որ շատ եմ հոգնում, ու ժամանակս սպառում եմ այնպիսի գործի վրա, որը ոչ միայն ֆինանսապես է անօգուտ, այլ նաեւ ազատ ժամանակ չի թողնում ինձ:

Մտածում էի՝ կասի դե լավ, ժամանակավոր է, կասի, որ էլի բարդացնում ու դժգոհում եմ: Բայց ասաց. «Դուրս արի աշխատանքից, դուրս արի ու քոնը ստեղծիր, արդեն ինչքան ժամանակ է՝ գումար ես տնտեսում ու ոչ մի վճռորոշ քայլ չես անում: Մտածում ես՝ քիչ է, դեռ մի փոքր էլ հավաքեմ՝ նոր: Այդ մտքով դու ամբողջ կյանքում կտնտեսես, եւ միշտ կթվա, թե դեռ քիչ է: Ու վերջում կտեսնես, որ երբեք քեզ համար չես աշխատել, խելքդ ու տաղանդդ աշխատացրու քո օգտին, թե չէ՝ ամբողջ կյանքում ուրիշներն են աշխատեցնելու իրենց օգտին»: Ու գրպանից մի գործված խաղալիք հանեց ու նվիրեց. «Տես՝ ինչ սիրուն է, չե՞ս կարող դու էլ պատրաստել, ձեռքիցդ ամեն ինչ գալիս է, բայց մի գլուխ միայն պատրաստում ու նվիրում ես, վաճառիր»: Ես ոչինչ չպատասխանեցի, բայց արդեն գիտեի, որ վաղը սկսելու եմ, ու այս անգամ ստացվելու է:

– Մինչ այս պահը բիզնես ոլորտում փորձառություն չես ունեցել: Ինչպիսի՞ դժվարությունների բախվեցիր սկզբնական շրջանում:

– Ինձ օգնեց վաճառքի եւ մարքեթինգի ոլորտում ունեցած փորձս: Դեռեւս հարթ է գնում, կարծում եմ՝ դժվարությունները դեռ առջեւում են, երբ կունենաք խանութ, արդեն ոչ միայն օնլայն:

– Ինչպե՞ս սկսեցիր աշխատանքային փուլը:

– Եկա տուն: Որոշեցի, որ անելու եմ, մի մեծ բաժակ սուրճ վերցրի, չնայած սուրճ չեմ խմում, վերցրի թելերս ու սկսեցի: Քանի որ գործված գլխակապերը սեզոնի թրենդներից էին, հենց դրանցից էլ սկսեցի ու ամբողջ գիշեր գործեցի: Գործեցի-քանդեցի, կտրեցի-կարեցի ու մինչեւ առավոտ արդեն մի քանի տարբերակներ ունեի: Հաջորդ քայլս ինստագրամյան էջ բացելն էր, գեղեցիկ ֆոտոներ անելն ու դրանք ճիշտ տեղադրելն էր: Ճիշտ լսարան հավաքելը, նկարագրելն ու ներկայացնելը:

– Միայնա՞կ ես կատարում ամբողջ աշխատանքը, թե՞ ունես թիմ, որի հետ միասին աշխատում եք:

– Ամբողջ աշխատանքը, ներառյալ երբեմն նաեւ առաքումը, անում եմ միայնակ: Միշտ քնի ու հանգստի պակաս ունեմ, բայց մեծ արդյունքի համար անհրաժեշտ են ջանքեր: Մի ձեռքով պատվերներն եմ պատրաստում, մյուսով՝ վարում ինստագրամի էջը, պատասխանում նամակներին ու նյութեր տեղադրում: Մի ձեռքով փաթեթավորումն եմ անում, մյուսով գրում հաջորդ օրվա առաքման հասցեներն ու գնումների ցանկը:

– Ինչո՞ւ «Լիֆնեթիք»:

– Ինչպես աշխատանքներս, այնպես էլ էջիս անունը իմ երեւակայության արդյունքն են: «Leaf» անգլերենից թարգմանաբար նշանակում է տերեւ, որն էլ իմ ամենասիրելի փաղաքշական դիմելաձեւերից է եղել: Շատ հաճախ մարդիկ ճիշտ արտասանման խնդիր են ունենում, կարդում են «լէաֆնետիկ, լէֆնետիկ», բայց ինձ անվանումը դուր է գալիս: Հետո էլ հարցում եմ անցկացրել, փոխե՞նք անունը, թե՞ ոչ: Մասնակիցներից 3-ն էին պատասխանել այո:

– Ինչպիսի՞ իրեր եւ աքսեսուարներ կարող ենք գտնել քեզ մոտ:

– Քանի որ ձմեռ էր, շեշտը դրված էր գլխակապերի եւ գլխարկների վրա: Այնպիսի մեծ տեսականի կա, որ նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդը կգտնի իրեն հարմարը: Այժմ նոր թափ ու շունչ կա էջումս գարնան գալուն զուգահեռ: Կարելի է գտնել ձեռագործ հագուստ, գլխազարդեր, հիմա շատ ակտուալ scrunchie-ներ: Նաեւ ուզում եմ նշել, որ գեղեցիկ բոքսեր եմ պատրաստել գլխազարդերի, որոնք շուտով էջում կլինեն, եւ կարծում եմ՝ հիանալի նվերի տարբերակ է:

– Ինչպե՞ս կարող են մարդիկ հետեւել քո աշխատանքներին կամ պատվերներ կատարել:

– Դեռեւս ես ու բիզնեսիկս միայն ինստագրամ ունենք: Ինստագրամում փնտրում ենք «leafnetic», քանի որ իմ հորինած բառն է, միայն իմ էջն է ինստագրամում կրում այդ անունը, ուստի գտնելը շատ հեշտ է: Բացի էջում առկա տեսականուց, կարող են պատվիրել ցանկացած ձեռագործ իր, հագուստ կամ զարդ: Պատվերն ամրագրելուց հետո այն 2-3 օրվա ընթացքում պատրաստ կլինի առաքման: Իսկ առաքման ճկուն գրաֆիկ ունենք:

– Սպասելիքներն ու ջանքերը տալի՞ս են իրենց սպասված արդյունքը:

– Վստահաբար կարող եմ ասել՝ այո: Լավագույն արդյունքը հաճախորդներիս գնահատականն է, ուրախ ու գոհ ժպիտը, որ հասկանում եմ արժեր, արժեր չքնել ամբողջ գիշերը: Հիմա միայնակ լինելուս եւ գերծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ պատվերներ մերժել եմ կամ ուշացրել, իսկ երբ բացում էի էջս, մտածում էի՝ շատ լավ կլինի, եթե երկու-երեք պատվեր ունենամ: Հիմա քայլեր են արվում ապրանքների համաշխարհային օնլայն վաճառքի հարթակներում ներկայացնելու՝ ebay, alibabe: Շուտով գլխազարդերի եւ զարդերի մեծ տեսականի կլինի, որը կցուցադրվի նաեւ խանութներում:

– Շուկայում առկա են նման տեսակի ապրանքներ, ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն հենց քո ապրանքը:

– Առաջինը, որովհետեւ ես գերշահույթ չեմ հետապնդում, աշխատում եմ լավագույն ու ամենաորակյալ նյութերով ու թելերով: Հետո էլ գումարենք սիրուն փաթեթավորումն ու համովիկները, որոնք ներսում միշտ սպասում են հաճախորդին: Միշտ այնպես եմ փաթեթավորում, որ հաճախորդին թվա, ոչ թե գնում է, այլ նվեր է ստանում:

Սվետլանա ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031