Այս հարցերի պատասխանները տուրօպերատորները պաշտոնապես են ուզում, Հայաստանով եւ անգամ Արցախով հետպատերազմական իրավիճակում էլ արդեն հետաքրքրվողներ կան:
Օտարերկրյա տուրօպերատորներն արդեն հարցումներ են անում, հետաքրքրվում մեր երկրի տուրփաթեթների, իրավիճակի ու թե որքանով է երկիրն անվտանգ զբոսաշրջիկի համար: Հստակ պատասխաններ մեր տուրօպերատորները դեռ չունեն: Ով կարողանում՝ համոզում է, որ պատերազմն անցյալում է, անվտանգային խնդիրներ գրեթե չկան եւ զբոսաշրջիկն էլ մեր երկրում անհարմարությունների չի հանդիպի, բայց, ըստ «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի, այդ հարցերի պատասխանը պետք է պաշտոնապես լինի: Տուրոլորտի մասնագետը գտնում է, որ օտարերկրյա հարթակներում Հայաստանի մասին ճշգրիտ եւ պաշտոնական տեղեկատվություն պետք է լինի եւ, դա պետք է արվի դիվանագիտական, Զբոսաշրջության կոմիտեի, Սփյուռքի հանձնակատարի խողովակներով: Պետք է ակտիվ ներգրավված լինի նաեւ Սփյուռքի մեր ներուժը:
«Ճանապարհներն, աստիճանաբար, ուզում են բացվել: Հարցումներ են սկսել անել: Դրանք ազդակներ են, որ պետք է մենք շատ արագ գործենք, որովհետեւ մենք շատ դեպքերում չենք կարողանում հարցումներին հստակ պատասխանել: Այդ խնդիրները պետք է լուծել: Կարեւոր է ճիշտ ներկայացնել մեր երկիրը, որպեսզի աշխարհին ճիշտ տեղեկատվություն հասցնենք: Պետք է դա անենք պետական իրավասու մարմիների միջոցով, նրանց հետ եւ պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ»,-ասում է Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով, շատ երկրներում Հայաստանը դիտվում է այցելության համար ոչ ցանկալի երկիր: Պատճառն ըստ նրա, պատերազմն ու կորոնավիրուսի բարձր ցուցանիշներն են, սակայն, արդեն, երբ թե՛ կորոնավիրուսի եւ թե՛ հետպատերազմական իրավիճակի որոշ չափով, բարելավում ունենք, պետք է հնարավորությունն օգտագործել եւ այդ տեղեկատվությունը հասցնել օտարերկրյա տուրօպերատորներին:
Կարդացեք նաև
Մեխակ Ապրեսյանի կարծիքով, ներքաղաքական իրավիճակը այդքան էլ չի ազդում զբոսաշրջիկի՝ տվյալ երկիր այցելել-չայցելելու որոշման վրա, քանի որ նրանց երկրներում էլ ցույցեր լինում են: Ավելի շատ մարդիկ ուզում են տեղեկանալ՝ արտաքին անվտանգային խնդիրներից:
«Պետք է մեր դիվանագիտական խողովակներով, մասնավոր հատվածի ռեսուրսն օգտագործելով կարողանանք այդ ճիշտ տեղեկատվությունը հասցնել, որպեսզի այդ երկրների իրավասու մարմիները մեզ հանեն իրենց տեսանկյունից այցելության համար ոչ բարենպաստ երկրների ցանկից: Ժամանակին, երբ Եգիպտոսում կամ մեկ այլ երկրում ահաբեկչություն էր տեղի ունենում, մեր արտգործնախարարությունը զգուշացնում էր, որ այդ ուղղություններ մեկնելուց զերծ մնան կամ՝ գնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նույնը հիմի մեր երկրի համար այդպիսի տեղեկատվություն են տալիս: Եվ կարեւոր է նրանց հստակ տեղեկատվություն հասցնել»:
Մեխակ Ապրեսյանի խոսքով, անելիք ունի նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, որը պետք է իր խողովակներով միջազգային հարթակներում ճիշտ ներկայացնի իրավիճակը եւ ամեն ինչ անի, որ տվյալ երկրների առողջապահության նախարարությունները, արտգործնախարարությունները, դեսպանատները հստակ տեղեկատվություն ունենան:
«Աշխարհը, մարդիկ հոգնել են տանը նստելուց, սահմանափակումներից, շատերը ցանկություն ունեն տանից դուրս գալու, ճանապարհորդելու եւ պետք է ամեն ինչ անենք, որ տուրիզմի շուկայում վերականգնենք մեր դիրքերը նաեւ նոր շուկաներ ունենանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է պարոն Ապրեսյանը՝ վստահեցնելով, որ այսօր տուրոլորտում շատ լուրջ մրցակցություն է սպասվում:
Ըստ նրա, պետք է նաեւ երկրի մարքեթինգային քաղաքականությունը ներկայացնել՝ որպես գրավիչ ու բարենպաստ երկիր՝ «Հասկանալով, գիտակցելով, որ ոլորտում ծախսերը դա ծախս չէ, ներդրում է եւ, որքան դնենք, տասնապատիկ ստանալու ենք: Սա այն ոլորտն է, որ պետք է անպայման միջոցներ դնել, ուժերը համախմբել եւ այդ աշխատանքները տանել առաջ»:
Ինչ վերաբերում է Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն տուրփաթեթներում ընդգրկելուն, պարոն Ապրեսյանն ասում է՝ հետաքրքրություն կա, հարցումներ՝ նույնպես, բայց, ցավոք, շատ հարցերի պատասխաններ չունեն. «Եգիպտոսում ահաբեկչություն էր լինում, բայց հաջորդ օրը զբոսաշրջիներ կային, որոնք գնում էին: Կան զբոսաշրջիկներ, որ ուզում են գալ Հայաստան, կան զբոսաշրջիկներ, որոնց համար շատ հետաքրքիր է գնալ Արցախ, եւ մենք այդ հնարավորությունը պետք է ապահովենք: Անորոշություններ կան, հարցեր կան, որոնց պատասխանները չկան:
Պաշտոնական պետք էլինի այդ տեղեկատվությունը, որպեսզի մարդիկ հստակ տեղեկատվություն ունենան եւ կարողանան նաեւ պատասխան տալ իրենց օտարերկրյա գործընկերներին, կարողանան հստակ ձեւավորել փաթեթներ եւ առաջարկել: Չենք կարողանում պատասխանել արդյոք անվտա՞նգ է, լավ է գոնե հարցումներ կան եւ որոշ դեպքերում մեր տուրօպերատորները կարողանում են համոզել, որ անվտանգ է, մի քանի զբոսաշրջիկ ենք ունենում՝ ուրախանում ենք՝ ասում ենք՝ շարժ կա, բայց մենք դա պետք է դնենք համակարգի վրա, հարցերը կարողանանք համակարգային լուծել՝ այլ ոչ թե հույս դնենք՝ մեկը հարցում արեց կարողացանք համոզել, մյուսը՝ չկարողացավ համոզել: Եւ, ընդհանրապես, հանրությանը պետք է շտապ տեղեկատվություն իրավիճակի մասին:
Ի՞նչ իրավիճակում ենք, ո՞ւր ենք գնալու, ինչ անվտանգային համակարգեր ունենք եւ այլն եւ նաեւ բիզնես հանրությանը, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի: Մեր տուրօպերատորները, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները պետք է հստակ իմանան՝ որ ուղղություններով այսօր կարող են զբոսաշրջային փաթեթներ մշակել եւ զբոսաշրջիկներ տանել: Որ ուղղություններով կա վտանգ կամ չկա կամ համոզված լինենք, որ ընդհանրապես վտանգ չկա: Օրինակ՝ որքանո՞վ է հնարավոր եւ դյուրին՝ առանց խոչընդոտների զբոսաշրջիկներ տանել Արցախ: Այս բոլոր հարցերը պետք է ձեւակերպենք եւ ներկայացնենք մեր իրավասու մարմիններին»:
Մեխակ Ապրեսյանի խոսքով այդ հարցերը պետք է հնչեցնել նաեւ Արցախի միջանցքի երաշխավորի առաջ. «Այդ միջանցքը պետք է հստակ ու անխափան գործի եւ ոչ միայն մեզ համար, նաեւ՝ զբոսաշրջիկների համար, որովհետեւ մենք պետք է այդ հումանիտար խնդիրները լուծենք: Արցախի, Հայաստանի տնտեսական վերականգնման համար շատ կարեւոր է զբոսաշրջության վերականգնումը, եւ նաեւ շատ կարեւոր են մշակութային ժառանգության պահպանության հարցերը: Զբոսաշրջությունն այստեղ շատ լուրջ դերակատարություն ունի եւ մենք պիտի զբոսաշրջության վերականգնման գործընթացին շատ լուրջ վերաբերվենք ու կարեւոր նշանակություն տանք, որովհետեւ զբոսաշրջությունն այն հզոր կարող ուժն է, գործիքն է, որը կարող է շատ խնդիրների լուծման վրա ազդել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2021