Մարտի 12-ին Նկարիչների միության սրահում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած գեղանկարիչ Գոռ Հակոբյանի աշխատանքների ցուցադրությունը։ Գոռը դեռ մանկուց աչքի է ընկել նկարչի իր տաղանդով:
«Երեք տարեկանից տղաս նկարում էր։ 5-րդ դասարանում էր սովորում, երբ Վանաձորից ուսուցիչ էր եկել մեր գյուղ՝ Լոռու մարզի Ջիլիզա, ու տեսնելով Գոռի տաղանդը ասաց, որ անպայման պետք է նա լիարժեք կրթություն ստանա»,-պատմում է մայրը՝ տիկին Ալիսա Խասիկյանը։
Հայրենի գյուղի դպրոցը գերազանց ավարտելուց հետո Գոռը անվճար ընդունվեց Վանաձորի մանկավարժական համալսարան՝ կերպարվեստի և գծագրության բաժին: «Գոռի՝ դեռ դպրոցական տարիներից ինձ բախտ է վիճակվել իր հետ աշխատելու։ Նրա գեղանկարչական աշխատանքները պարզապես հիացնում էին ողջ դասախոսական կազմին և ուսանողներին։ Գոռն արդեն կայացած նկարիչ էր»,- իր խոսքում նշեց նրա դասախոս Մհեր Վարդանյանը։
Կարդացեք նաև
Գոռ Հակոբյանը ժամկետային զինվորական ծառայությունը նույնպես իրականացրել է գերազանց։ Մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին։ Պատվոգրերն ու շնորհակալագրերն այսօր ևս տեղ են գտել հերոսի աշխատանքների կողքին։ Ժամկետային ծառայության ավարտից հետո նա շարունակում է աշխատանքը բանակում։
Նոյեմբերի 8-ին Զանգելանի հերոսական մարտերում Գոռը՝ փորձելով փրկել զինակից ընկերոջ կյանքը, զոհվում է՝ ցավը հավերժ թողնելով հարազատների ու ընկերների սրտում:
«Գոռի հետ 4-տարի ծառայել ենք։ Կատակասեր, ուրախ մարդ էր։ Երբեք տխուր չենք տեսել։Ինչ իրավիճակում լիներ, ինքը միշտ նկարում էր։Նկարչությունը իր տարերքն էր։ Նրա կորստի հետ համակերպվելը շատ դժվար է։ Չի լինում հավատալ, որ ինքը չկա»,- ասում է ընկերը՝ Հովհաննես Շահբազյանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր հերոսի ընկերների և հարազատների համատեղ ջանքերով։ Ինչպես իր խոսքում նշեց տիկին Ալիսան՝ ամենամեծ ցանկությունն ու նպատակն այժմ թանգարան բացելն է, որտեղ կլինեն Գոռի ողջ աշխատանքները։
Երեկոյին ներկա էին նաև Ալավերդի քաղաքի քաղաքապետը, Ջիլիզա գյուղի գյուղապետը, մարտական ընկերները, հարազատները և այլք։ Ցուցահանդեսը կտևի 2 օր՝ մարտի 11-12-ը։
Նկարիչների միություն Արցախյան 44-օրյա պատերազմ Գոռ Հակոբյան Ջիլիզա
Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ