Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դժգոհել է, որ Կարմիր բանակի և նրա զինվորների հուշարձանների հետ կապված հարցերը պատշաճ ուշադրության չեն արժանանում տարբեր երկրների կողմից: Թեմային Զախարովան անդրադարձել է ի պատասխան հայ լրագրողի հարցի, որ Քարինտակում ադրբեջանցիները պղծել են Հայրենական պատերազմի հուշարձանները:
«Ես չեմ տեսնում ձեր մտահոգությունները խորհրդային զինվորների հուշարձանների և գերեզմանների ճակատագրով օրինակ ԵՄ երկրներում, մինչդեռ մենք ամեն անգամ ենք դա ասում: Բայց չէ՞ որ ոչ միայն ձեր նշած տարածքում են գտնվում Կարմիր բանակի և նրա զինվորների հուշարձաններ»,- ասել է Զախարովան՝ սրտնեղելով, որ հարցը պատշաճ ուշադրություն չի ստանում ո՛չ լրատվամիջոցներում, ոչ էլ իր գործընկերների կողմից:
Նա նաև նշել է, որ Քարինտակի դեպքը ստուգվում է և դրա հաստատման դեպքում «Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր պատշաճ գործողությունները իրավիճակն ուղղելու համար»:
https://www.youtube.com/watch?v=6mcqFyFAVls&ab_channel=RT%D0%BD%D0%B0%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%BE%D0%BC
Կարդացեք նաև
Զախարովան չի մեկնաբանել նաև այն թեման, որ Ադրբեջանի նախագահը գործընկեր երկրներին հրավիրել է օգտվել Զանգեզուրի միջանցքից:
«Տարօրինակ կլիներ, եթե ես մեկնաբանեի Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը: Մենք մեր հարաբերություններն ունենք այդ պետության հետ, դրանք զարգանում են, այդ թվում տնտեսական ոլորտում»,- ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, նա նշել է, որ նման զորավարժություններ պարբերաբար անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները:
«Մեզ մոտ եղած տեղեկություններով նշված զորավարժությունները կրում են պլանային բնույթ, ուղղված են զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործմանը և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ