«Վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ ժողովուրդը ում վստահում է, հավատում է, ում հետ հույս է կապում, նրան էլ ձայնը կտա»,-այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա ասաց, որ վայրկյան շուտ է պետք արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ տնտեսությունը քանդվում է, արտագաղթը մեծանում է, եւ որքան շուտ ձեւավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ այդ ամենը կկանգնեցվի։
Նա նաեւ ասաց, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած լիներ, այդ մասին բոլոր լրատվամիջոցները կիմանային։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժման» հետ հանդիպումների ժամանական տարբեր կարծիքներ են լինում․ «Հանդիպում ունեցել եմ, տեղյակ եմ պահել, որ իմ տեսակետը սա է եւ ես իրավունք ունեմ իմ տեսակետն ասելու, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» հետ քննարկումներ են լինում, բայց ասենք, թե ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց հիմնականում ես իմ կարծիքն ունեմ, այսօր անհրաժեշտ է հարցի լուծում, որ այս վիճակից դուրս գանք, ես այդ լուծումը գիտեմ։ Արտահերթ ընտրությունները վայրկյան շուտ է պետք կազմակերպել»։
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Ծառուկյանի, շարժումը կատարում է իր գործունեությունը․ «Հիմնականում այսօր շարժման հիմնական արդյունավետ աշխատանքը, որ այսօր քննարկվում է արտահերթ ընտրությունների հարցը։ Եթե շարժումը չլիներ՝ արտահերթ ընտրությունների հարցը ինձ թվում է չէր բարձրանա»։
Լրագրողի դիտարկմանը՝ ընդդիմությունը պնդում է, որ եթե ընտրություններն այս իշխանության ժամանակ լինեն, ապա իշխանությունները կկեղծեն դրանց արդյունքները, Ծառուկյանն այսպես պատասխանեց․ «Ժողովուրդն է մասնակցում ընտրություններին եւ ժողովուրդն է որոշում։ Այնպես որ, պատասխանատվությունը ժողովրդի վրա է, որ պետք է ժողովուրդը պատասխան տա, ու ինքստինքյան, բոլորդ համոզված եք, որ դա ասելով չի, մարդիկ այս վիճակից դուրս գալու համար պետք է մտածեն, քայլ կատարեն, ում են վստահում, ում են ձայն տալիս»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ