Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արա Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը

Մարտ 12,2021 21:03

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ

Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի և ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման և նոր ուղղությունների ուրվագծման համար։

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման մասով: Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման առումով ընդգծվեց միջազգային գործընկերների ներգրավվածության անհրաժեշտությունը։

Նախարարներ Այվազյանը և Շալենբերգը կարևորեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ հակամարտությունների համատեքստում՝ երկուստեք մտահոգություն հայտնվեց զինյալ ահաբեկիչների և վարձկանների նեգրավման և տեղափոխման վերաբերյալ։ Այս առնչությամբ կարևորվեց տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը։

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031