Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե արտահերթ ընտրությունները հապճեպ կայանան, ապա կրկին այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա». Վահե Գասպարյան

Մարտ 12,2021 20:55

«Հիմա միայն ժողովրդից է կախված մեր ապագան»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զգուշացրեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վահե Գասպարյանը:

Նրա հավաստմամբ՝ այն ուժերը, որոնք կան այսօրվա քաղաքական դաշտում, նրանք ոչ այնքան մտահոգված են երկրի ապագայով, որքան աթոռակռիվ են անում, պատվեր կատարում: Նա վստահեցրեց՝ ժողովրդի ապագայով մտահոգված են ազգային ուժերը և ինքը՝ ժողովուրդը:

Նա հիշեցրեց՝ դեռ 2018-ին «Սասնա ծռերն» ասում էին՝ այս խորհրդարանը շատ կարճ կյանք կունենա, ինչը կոշտ ընդունվեց: Վահե Գասպարյանը շարունակեց. «Փաշինյանը մեզ խոստացավ ասֆալտին փռել, բայց մենք դա ասում էինք, քանի որ այդպես էինք ուզում, այլ պարզ քաղաքագիտական վերլուծության հետևանք էր: Ահա, կյանքը ցույց տվեց, որ ցավոք, ճիշտ էինք, և մենք դրա համար շատ թանկ գին վճարեցինք: Այժմ կանգնած ենք կրկին արտահերթ ընտրությունների առաջ»:

Վահե Գասպարյանի կարծիքով՝ եթե արտահերթ ընտրությունները հապճեպ կայանան, և մեզ փաստի առաջ կանգնեցնեն, ապա կրկին այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, քանի որ խորհրդանում կրկին ներկա կլինեն նախկին համակարգի ներկայացուցիչ ուժեր:

Ստեղծված իրավիճակի պատճառները Վահե Գասպարյանը տեսնում է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններում ու պարզաբանում. «Պատճառն այն է, որ ժողովուրդը 2018 թվականին իր ձայնը գերակշիռ մեծամասնությամբ տվեց մեկ ուժի: Կարևոր չէ՝ այդ ուժի անունն ինչ է: Մենք միշտ անկեղծ ենք եղել ժողովրդի հետ, միշտ զգուշացրել ենք՝ հարգելի′ ժողովուրդ, գոյություն ունի հավասարակշռում,  զսպում, սահմանադրականություն հասկացությունը: Դա նշանակում է, որ պիտի լինեն իրար քիչ թե շատ հավասար ուժեր, որոնք իրար կվերահսկեն, կհավասարակշռեն»:

Դիմելով ժողովրդին՝  Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամն ասաց՝ տանը մնալու ժամանակն անցել է: Այնուհետև կոչ արեց մարտի 16-ին լինել Ազատության հրապարակում ու հայտարարեց. «Եթե տանը մնաք, կրկին ձեր զավակներին ուղարկելու եք պատերազմ՝ այս անգամ Սյունիքի համար: Վիճակն օրհասական է. պատերազմը դեռ չի ավարտվել: Ժամանակ է լինում պատմության ընթացքում, երբ հարցերը որոշվում են փողոցում, բայց պիտի փողոցում սատարեն այն ուժերին, որոնք պատրաստ են երկրի ապագայի համար գալ թատերաբեմ, այլ ոչ թե ձայներ տան նախկիններին, երբ գիտենք՝ ինչի են նրանք ունակ»:

Վահե Գասպարյանը ցավով նշեց՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթից հետո իրեն թվում էր՝ Հայաստանի փողոցները ողողված կլինեն ջղային, բողոքող ժողովրդով, բայց տեսանք՝ այդպես չեղավ: Սակայն նա վստահ է՝ ի վերջո, մի գեղեցիկ օր դա պիտի լինի, քանի որ չի լինի, որ իր ձևակերպմամբ՝ նստած թախտին, սպասում ենք բախտին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031