Լրահոս
Օրվա լրահոսը

17-ամյա երիտասարդի «հնարամտությունը»․ Գյումրիի ոստիկանները 3100 եվրոյի գողության դեպք են բացահայտել

Մարտ 12,2021 19:11

Երկու օր առաջ Գյումրու Կոմինտերի փողոցի առանձնատներից մեկի 74-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանության «Կումայրի» բաժին՝ հայտարարություն տալով այն մասին, որ պահածոների պահարանի տարաներից մեկում պահվող 3900 եվրոյից 3100 եվրոն անհետացել է։

Այսօր ոստիկանության պաշտոնական կայքում ՝police.am-ում մանրամասներ ներկայացվեցին տվյալ բնակարանային գողության բացահայտման մասին։

«Կումայրի»-ի քրեական հետախույզները բացահայտել են, որ կնոջ տնից 3100 եվրո գողանալու մեջ կասկածվում է նրա երիտասարդ հարևանը։

17-ամյա երիտասարդը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, պարտք է վերցրել 74-ամյա հարևանուհուց, այնուհետ այդ նույն հարևանուհու տնից գողացել է 3100 եվրո ու վերադարձրել է պարտքը։

Երիտասարդն այդ գումարով ոչ միայն պարտքն է վերադարձել, այլ իր համար թանկարժեք իրեր գնել, մի մասն էլ պահել՝ որպես գրպանային ծախս։

Ոստիկանները գողոնի չծախսած, փոքր մասը հայտնաբերել են։

Հարուցվել է քրեական գործ։

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝

«Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնեց, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Թաղամասում իրականացրած օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ փողը գողացել էր տուժողի հարևանը: 17-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շուտով հայտնի դարձավ, որ 74-ամյա կինը նրան պարտքով փող էր տվել, երիտասարդն էլ նրա տնից գողացած փողով վերադարձրել էր պարտքը։ Նաև իր համար թանկարժեք իրեր էր գնել։ Փողի մի մասն էլ մանրել էր, նաև դոլար գնել։ Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031