Մարտի 11-ին և 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրի իրականացման գործնական ասպեկտներ: «Բավականությամբ փաստել ենք, որ հրադադարի պահպանման ռեժիմը ամբողջությամբ պահպանվում է, իսկ իրավիճակը շրջանում, ընդհանուր առմամբ մնում է հանդարտ և հանգիստ: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատական են տվել ռուս խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունավետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և առևտրային կապերի ապաշրջափակմանն ուղղված հարցեր: Այդ համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի աշխատանքը:
Կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական և հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը: Ընդգծվել է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի շուրջ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ