Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Իշխող ուժը քամուն տվեց տասնյակից ավելի հնարավոր խաղաքարտեր, որոնք երաշխիք էին մեր գերիների վերադարձման հարցում»

Մարտ 12,2021 19:01

Լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարումը արցախյան պատերազմի ավարտից հետո միշտ եղել է Հայաստանի ակտիվ հասարակության ուշադրության կենտրոնում: Եվ երբ վերջապես լսվեց նրա ազատման ավետիսը, բոլորը մի տեսակ շունչ քաշեցին, որ մեր հայրենակցուհին Լիբանանի կառավարության, Լիբանանի «Կարմիր Խաչի», ՌԴ խորհրդի նախագահի, ՀՀ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորի եւ ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին ներկայացուցիչներից մեկի ակտիվ ջանքերի շնորհիվ ազատ է արձակվել գերությունից եւ ապահով հասել Բեյրութ:

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանը ցնցվել է համացանցում հայտնված Մարալի լուսանկարը տեսնելուց:

«Մարալի նկարները մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո մեր երկրի հավաքական կերպարն է, թե ինչպիսին էինք ու ինչ ենք դարձել: Այսօրվա իշխող ուժը սրընթաց կերպով մեր պետությունը նույն իրավիճակին է հասցրել: Ամեն ինչ արվել է, որ կանգնենք լրջագույն խնդիրների առջեւ, ընդհուպ մինչեւ մեր պետականության կորստի վտանգը: Գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների ճակատագիրն է մեզ հավասարապես հուզում: Բայց Մարալի մասին առանձնահատուկ ենք խոսում, որովհետեւ հայ իրականության մեջ աննախադեպ, բացառիկ երեւույթ է, որ հայ կինը, հայ մայրն է գերի ընկնում:

Երբ վերացական խոսում ենք գերիների եւ զոհերի մասին ու երբ մարդը բարեբախտաբար դրա հետ չի առնչվում, չի զգում այդ արհավիրքը եւ դրա հետեւանքները: Անձամբ ես դա իմ մաշկի վրա զգացել եմ: Մարալի դեպքով մարդիկ նրա լուսանկարները համեմատելով պիտի հասկանան, թե ինչ է նշանակում խաղաղասիրական այն կործանիչ քարոզչությունը, որ վերջին երեք տարում քարոզում են, թե իրականում դա ինչ է: Երբ փորձագետները կուրծք էին ծեծում՝ հիմնավորելով, թե չի կարելի խաղաղասիրություն քարոզել այն ազգի նկատմամբ, որը երազում ու աշխատում է այն ուղղությամբ, որ դու ֆիզիկապես գոյություն չունենաս, իմ գնահատմամբ, փորձ էր արվում մեր հոգեբանությունը կոտրել: Երբ Ադրբեջանում անգամ մանկապարտեզում հայատյաց քարոզչություն է իրականացվում ու սերմանվում, չի կարելի քո հասարակության հոգեբանությունը այսպես խեղել:

Կապիտուլյացիոն խայտառակ պարտությունից հետո մեր առաջնահերթ խնդիրը եղել է գերիների հարցի լուծումը, շուտափույթ վերադարձի ապահովումը, անհետ կորած մեր հայրենակիցների հայտնաբերումը թեկուզ մահացածի կարգավիճակում: Դա ինը կետերից միակն էր, որը նաեւ հայամետ էր ու բարենպաստ, պարտավորվածություն էր նախատեսում երկու կողմերի համար էլ բոլորը՝ բոլորի դիմաց, չկարողացան իրականացնել: Եվ ես ինձ անչափ վատ եմ զգում, որ դա իմ պետության պատիվն ու պատկերն է: Պատկերացրեք՝է ինչպիսի խայտառակ իրավիճակում ենք, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հունվարի վերջին ասուլիսում նշում է, որ գերիների հարցի հետաձգումը պայմանավորված է հայկական կողմի փնթի աշխատանքով, որովհետեւ ցուցակներ չեն կազմվում ու ներկայացվում: Ու սա միակ դեպքը չէ: Եթե տրամաբանորեն հետեւենք գործող ուժի գործողություններին, կտեսնենք, որ գերիների եւ անհետ կորածների հարցը նրանց օրակարգում է հայտնվում, երբ իրենց աթոռին մի փոքր սպառնալիք է նկատվում: Իրենց կին պատգամավորների շուրթերից մի անգամ պատահաբար ճշմարտությունը հնչեց, թե իրենց օրվա խնդիրը միակն է եւ դա ընդդիմությունն է: Դա է ճշմարտությունը: Ես անգամ արդեն դավադրություն եմ տեսել, որ  գերիների հարցը չեն լուծում, որպեսզի արդարացնեն իրենց կողմից հօգուտ թշնամու գործողությունները՝ շարունակվում են տարածքներ տրվել: Խոսքն արդեն Արցախի Հանրապետության մասին չէ, խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է: Եվ ամեն անգամ հնչեղ իրադարձություն տեղի ունենալիս, երբ փաստը կատարվելուց հետո կամ պահին է մեր հանրությունը բախվում իրականությանը, իրենք սկսում են այս հարցը բարձրացնել: Երբ ընդդիմության կողմից որոշակի վտանգ են զգում, սկսում են հարազատների հույզերի վրա խաղալ ու շահարկումներ անել, թե տեսեք՝  իրենց այս գործողության հետեւանքով մենք փոքր-ինչ հապաղում կամ ինչ-որ բան չենք կարողանում անել:

Ոչ, պետք է բոլորը սթափվեն, մեր հայրենակիցները պետք է այդ մանիպուլյատիվ դաշտից դուրս գան, որովհետեւ այս իշխող ուժը քամուն տվեց տասնյակից ավելի հնարավոր խաղաքարտեր, որոնք մեր երաշխիքն էին մեր գերիների վերադարձման հարցում: Նիկոլ Փաշինյանը առնվազն երեք անգամ տապալել է սահմանադրական կարգը միջազգային երեք պայմանագրեր կնքելով առանց վավերացման գործընթացի: Այդ երեք անգամներից յուրաքանչյուրը գերիների վերադարձման երաշխիք էր, որը նա չիրականացրեց: Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրը պարտավորվածությունների շարք է ենթադրել եւ յուրաքանչյուր կետի ի կատար ածումը կրկին խաղաքարտ էր գերիների մի խմբաքանակի վերադարձման»,- ասաց Գոհար Մելոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031