Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ զբոսաշրջիկներ ցանկություն ունեն գնալ Արցախ՝ տեսնեն ինչ է կատարվում Արցախում

Մարտ 12,2021 18:12

«Զբոսաշրջային գործակալությունները կանգնած են մեծ խնդրի առաջ եւ մտածում ենք՝ արդյոք զբոսաշրջիկներ կգնա՞ն Արցախ: Սակայն հարցումներից պարզ է դարձել, որ շատ զբոսաշրջիկներ ցանկություն ունեն գնալ Արցախ, եւ տեսնեն՝ ինչ է կատարվում Արցախում: Սակայն զբոսաշրջիկների համար անվտա՞նգ է. թե՞ ոչ, այդ հարցին չեմ կարող պատասխանել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց տուրիզմի տուրգործակալության տնօրեն, ոլորտի մասնագետ Ռիմա Խաչատրյանը: Նրա խոսքով, առաջիկայում պատրաստվում է անձամբ մեկնել Արցախ՝ հասկանալու՝ ինչպես մշակել դեպի Արցախ երթուղին, որպեսզի զբոսաշրջիկների համար լինի ապահով ու անվտանգ:

Իրինա Ծատուրյան, Մեխակ Ապրեսյան, Ռիմա Խաչատրյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, այսօր ամենակարեւոր հարցերից մեկը հստակ պաշտոնական տեղեկատվությունն է՝ անվտանգության հարցերի վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ եւ Հայաստանի եւ Արցախի համար շատ կարեւոր է զբոսաշրջությունը, զբոսաշրջիկների այցելությունները դեպի Արցախ: Հնարավոր վտանգներն ու սահմանափակումները պետք է բացառվեն, որովհետեւ ցանկացած ազգ իր պետության, տարածքում, համայնքում իրավունք ունի ունենալու, ներկայացնելու, պահպանելու իր մշակույթը, պահպանելու, զարգացնելու մշակութային ժառանգությունը, ապրուստ ստեղծել եւ որեւէ մեկն իրավունք չունի դա սահմանափակել»:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Արցախի միջեւ առկա միջանցքով ապահոված է այդ կապը, որը պետք է անվտանգ ու ապահով լինի. «Արցախի համար խիստ անհրաժեշտ է զբոսաշրջությունը՝ հումանիտար հարցերը լուծելու: Զբոսաշրջությունն ունի շատ կարեւոր նշանակություն՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական: Եվ պետության գլխավոր խնդիրն է հստակ ապահովել այդ տեղեկատվությունը, ապահովել անվտանգությունը, որպեսզի բիզնես հանրությունը եւ ընդհանրապես մեր հանրությունն իմանա իրավիճակը, վաղվա օրը»:

Ըստ պարոն Ապրեսյանի, դեռեւս 2019 թվականին գրեթե 50 տոկոսով աճել էր միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Արցախ: Այդ վիճակագրական աճը շարունակական էր. «Համոզված եմ, որ միջազգային զբոսաշրջային շուկայի հետաքրքրությունն Արցախի նկատմամբ հիմա էլ պահպանվում է: Արցախի զբոսաշրջային արդյունքը բազմազան է՝ պատմամշակութային ճանաչողական, գաստրո եւ գյուղական զբոսաշրջություն, համակցված զբոսաշրջային հետաքրքիր արդյունքներ ձեւավորելու եւ ներկայացնելու առումով»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը հիշեցրեց Դադիվանքի հանձնվելու մասին լուրը, երբ այն զբոսաշրջային շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ անգամ այդ օրերին՝ պատերազմից հետո դեպի Դադիվանք ուխտագնացների ու զբոսաշրջիկների ինչպիսի մեծ հոսք եղավ՝ չնայած վտանգների հավանականությանը. «Եկեղեցին, որը հաճախ են այցելում, իր մեջ շունչ է պարունակում եւ նա շարունակում է իր շուրջը հավաքել հատկապես հավատով լի մարդկանց: Եվ ո՞վ պետք է դա ապահովի, դա պետք է տուրիզմի զարգացումն ապահովի»: Բայց, ըստ տիկին Ծատուրյանի, զբոսաշրջիկի համար կարեւոր են նաեւ անվտանգության հարցերը:

«Կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետեւանքով սահմանափակվել է նաեւ մարդկանց տեղաշարժը, ճանապարհորդելու հնարավորությունը եւ դա մեր հոգեբանության վրա վատ անդրադարձավ: Ուղեւորություններից հետո մենք վերադառնում ենք դրական էմոցիաներով եւ շատ կարեւոր է, որ այդ զգացողությունները լինեն»,-ասաց հոգեբանը: Ըստ նրա, պետք է այդ երեք պետությունների միջեւ անվտանգ ճանապարհային միջանցք ստեղծվի, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ այցելել զբոսաշրջային վայրերը, որոնք մշակութային ժառանգություն են եւ դարավոր արժեքներ են ու շատ կարեւոր են հայի եւ օտար երկրների քաղաքացիների համար:

Տուրիզմի ոլորտի խնդիրների մասին խոսելիս՝ Ռիմա Խաչատրյանն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների հետեւանքով զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերը կրճատվել են, իսկ մասնագետները ստիպված են եղել այլ աշխատանք գտնել: Այդ պատճառով ներկայումս ոլորտում մասնագետների խնդիր է առաջացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031