Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմունիկացիոն ապաշրջափակումը «Մեղրիի միջանցք» հասկացությանը վերագրելը խիստ վտանգավոր է»․ Նորայր Նորիկյան

Մարտ 12,2021 18:30

«Ադրբեջանի ղեկավարն արդեն բոլոր սահմաններն անցած՝ ցինիկաբար արձանագրում եւ միջազգային քաղաքական շրջանակ է ներմուծում «Մեղրիի միջանցք» տերմինը՝ այն դեպքում, երբ Արցախի հարցով եռակողմ հայտարարության կետերում որեւէ միջանցքի մասին, առավել եւս՝ Մեղրիի միջանցքի մասին ամրագրված չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել է, թե Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, եւ իրենք դա կստիպեն Հայաստանին։

Նորայր Նորիկյանը շարունակեց․ «Խոսքը երկու երկրների միջեւ կոմունիկացիոն ապաշրջափակման մասին է, եւ դա «Մեղրիի միջանցք» հասկացությանը վերագրելը խիստ վտանգավոր է, հետապնդում է որոշակի այլ նպատակներ։ Դրանք կարող են անկանխատեսելի քաղաքական կատակլիզմներ առաջացնել տարածաշրջանում։ Սրանից պետք է բխեցնել, որ Ադրբեջանը տարածաշրջանում վարում է պայթյունավտանգ, լարվածությունը պահպանող եւ ՀՀ տարածքների հանդեպ հավակնոտ, ագրեսիվ, զավթողական քաղաքականություն»։ Հիշեցնենք, որ «Արդար Հայաստան»-ի անդամներն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց էին՝ փոխանցելու հայ ռազմագերիների վերադարձի, Իլհամ Ալիեւի սանձարձակ պահվածքի և դրան համարժեք պատասխանի, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին առնչվող այլ հարցերի մասին համապատասխան դիմումներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031