Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի ցինիկ եւ անհավասարակշիռ խոսքերի հանդեպ ՀՀ-ն չեզոք է, կամ լռություն է»․ «Արդար Հայաստան»-ի նախագահ

Մարտ 12,2021 17:27

«Արդար Հայաստան» նորաստեղծ կուսակցության (հիմնադիր-նախագահ՝ փաստաբան Նորայր Նորիկյան) անդամներն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց էին՝ փոխանցելու հայ ռազմագերիների վերադարձի, Իլհամ Ալիևի պահվածքի և դրան համարժեք պատասխանի, ինչպես նաև Արցախի հիմնախնդրին առնչվող այլ հարցերի մասին համապատասխան դիմումներ։

«ԱԳ նախարարին ուղղված դիմումում մատնանշված են դեռեւս 2020թ․-ի նոյեմբերի 18-ին վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթները, մասնավորապես՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի ամբողջական վերականգնումը, հայ գերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի լիարժեք ապահովումը։ Բացի այդ, մտահոգություն ենք հայտնել Արցախի հարցով եռակողմ հայտարարության կետերի կատարման ընթացքի վերաբերյալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նա նշեց․ «ԱԳՆ-ի ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահի կողմից բացահայտ ցինիկ դրսեւորումներով եւ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ բացահայտ հավակնությունների հրապարակայնացմամբ փորձ է արվում պահպանել լարվածությունը տարածաշրջանում։ Իրենց մոտ պահելով հայ ռազմագերիներին՝ հավելյալ պահանջներ են առաջ քաշում՝ խաթարելով կարգավորման գործընթացը։ Մենք տարակուսած ենք, որ Ալիեւի ցինիկ եւ անհավասարակշիռ հայտարարությունների հանդեպ ՀՀ-ի պահվածքը չեզոք է, կամ լռություն է։ Մեզ նաեւ մտահոգում են ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների ճշգրտման գործընթացում առկա իրողությունները։ Մեր խորին համոզմամբ՝ այդ գործընթացներն իրավական առումով կարգավորված չեն»։

Նորայր Նորիկյանը նշեց, որ դիմում են հանձնելու նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայաստանյան դեսպանատներին․ «Շեշտել ենք, որ Ադրբեջանը պատերազմում իրականացրել է միջազգային նորմերի խախտումներ, արգելված զինատեսակների օգտագործում, վարձկանների կիրառում։ Համանախագահող երկրներին հորդորում ենք վիժեցնել Ալիեւի զավթողական նկրտումները»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031