Անտառը շնչում է փոշի, արտաշնչում կյանք, մարդուն ապահովելով մաքուր օդ՝ խեղդվում թունավոր գազերի մեջ։ Կացնի մեկ հարվածով, անտառն օր օրի կործանվում է, իր հետ կործանելով իր մասնիկներին։ Փոխվում է կլիման, փոխվում է եղանակը, փոխվում է մարդը։ Ծագում է նոր խնդիր, դառնում գլոբալ, հասնում կործանիչ աղետի։
Հայաստանի ամենականաչ քաղաքի` Դիլիջանի բնակչուհին` Արմինե Զուրաբյանը, որը կանաչ աշխարհին սիրահարված մի աշխարհագետ է, նկարագրում է բնությունն իր հրաշալիքներով, պատմում բնության փոփոխությունների, դրանց պատճառների ու հետևանքների մասին։
Վ. Սուխումլինսկի հայտնի խոսքերով է սկսում աշխարհագետը մեր զրույցը. «Բնության հետ շփվելը բարերար ձևով է ազդում մարդու վրա։ Բնության հետ շփումը մարդու մեջ դաստիարակում է գեղեցիկ բարոյական որակներ։ Բնությունը բարության աղբյուրն է, նրա գեղեցկությունն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա միայն այն ժամանակ, երբ նրա երիտասարդ սիրտը ազնվացվում, վերացվում է բարձրագույն մարդկային գեղեցկությամբ` բարությամբ, ճշմարտությամբ և չափի նկատմամբ անհանդուրժողականությամբ։
-Անտառը մեզ համար թթվածնի աղբյուր է և ոչ բոլորին է հասանելի, թե ի՞նչ մեծ նշանակություն ունի կանաչ գեղեցկությունը մարդու համար։ Ի՞նչ կհաղորդեք մարդկանց՝ ինչո՞ւ պետք է պահպանենք անտառը։
Կարդացեք նաև
-Անտառները կարևոր նշանակություն ունեն լանդշաֆտների վիճակի բարելավման գործում, որոնք միաժամանակ բնափայտի, դեղաբույսերի, սննդի տարբեր ձևերի, թթվածնի աղբյուր են։ Անտառը ապահովում է գետերի հիդրոլոգիական ռեժիմը, կանխում է հողերի էռոզիան և երաշտը։ Անգնահատելի մեծ է նաև նրանց սանիտարահիգիենիկ նշանակությունը։ Անտառը կլանում է փոշին և վնասակար գազերը։ Տերևներով ջուրը գոլորշիացնելով՝ խոնավացնում են մթնոլորտը, մեղմացնում արևի կիզիչ ճառագայթները և թուլացնում քամիները` ստեղծելով բարենպաստ միկրոկլիմա, ապահովում բնակչության հանգիստը, վերականգնում մարդկանց առողջությունը։ Դժվար է պատկերացնել հանգստյան տուն կամ տուրիստական բազա առանց նրանց շրջապատող անտառային զանգվածի։ Ըստ դիպուկ ասացվածքի` «Անտառը ջուր է, ջուրը բերք, իսկ բերքը կյանք»:
-Նշեցիք, որ անտառի շնորհիվ ունենում ենք բարենպաստ միկրոկլիմա։ Ինչպիսի՞ն է ՀՀ-ի գողտրիկ անկյունում գտնվող ծառաշատ քաղաքի կլիման։
-Դիլիջանի կլիման բարեխառն մեղմ, համաչափ խոնավ է։ Սակայն վերջին տարիներին նկատվում են ջերմաստիճանային անոմալիաներ։ Ձմեռը կամ նորմայից ավելի տաք է, կամ չափից ավելի ցածր ջերմաստիճաններով։ Դա խոսում է կլիմայի ցամաքայնության մասին, որը անտառահատումների հետևանքն է ։ Այն բերում է հողի էռոզիայի, սողունների շատացման։ Կարելի է ասել, որ եթե այս տեմպով ապօրինի ծառահատումները շարունակվեն՝ անտառի վիճակը աղետալի է։ Թվում է, թե անտառի այսպիսի աղետալի վիճակի պայմաններում խոսք անգամ չպետք է լինի անտառահատումների մասին, սակայն դժբախտաբար այդ ավերիչ գործընթացը շարունակվում է։
Զանգվածային ծառահատումներից հետո որևէ խնդիր չի՞ առաջացել։
-Վերջին երկու տասնամյակի ընթացքում էներգետիկ ճգնաժամի և այլ պատճառներով անտառը տուժեց ապօրինի զանգվածային ծառահատումներից։ Հատկապես համատարած հատումներ տեղի ունեցան քաղաքին հարող անտառային տարածքներում։ Անտառի վերջին գոտում անասունների արածեցման, խոտհնձի և անկանոն ծառահատումների պատճառով անտառը իջել է իր բնական սահմանից 100-500 մետր ցած։
-Ջուրն էլ բնության ամենակարևոր մասնիկներից է։ Կա՞ն արդյոք Դիլիջանում աղբյուրներ, գետակներ, որոնք ցամաքել են կամ կանգնած են նման վտանգի առաջ։
-Այո, «Թթու ջուր» կոչվող տարածքը նույնպես հողային էռոզիայի է ենթարկվում, և խաթարվում է հանքային աղբյուրի ելքը։ Բազմաթիվ աղբյուրներ էլ արդեն ցամաքել են և վտանգված են։
-Իսկ տարածքում կա՞ն այնպիսի բույսեր, ծառեր որոնք ոչնչացման եզրին են։
-«Դիլիջան» ազգային պարկում պահպանության տակ են վերցված կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակեցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան։ Նաև ունենք պատմաճարտարապետական ու բնության եզակի հուշարձաններ։
«Հոգատար և ներդաշնակ վերաբերմունքը բնության նկատմամբ նման է ընկերոջ հետ ջերմ հարաբերության. չի’ կարելի նրբորեն շոյել նրա աջ ձեռքը և միաժամանակ կացնով կտրել ձախը. չի’ կարելի սիրել թռչուններին և միաժամանակ ատել գիշատիչներին. չի’ կարելի խնայել ջուրը և միաժամանակ մերկացնել լեռները. չի’ կարելի վերականգնել անտառը և միաժամանակ հյուսել մշակելի հողը։ Երկիրը միասնական օրգանիզմ է». Մարկ-Կլանգի խոսքերը մարդկանց փոխանցեց բնություն սիրող, կանաչ քաղաքում ապրող Արմինե Զուրաբյանը։
Օքսաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ