Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ձեռքին զենքն էր, մյուսին՝ մի պայուսակ դեղ. ապագա բժիշկ Արտյոմ Աղաբաբյանը վայրկյան անգամ չի լքել իրեն վստահված խրամատը

Մարտ 12,2021 16:40

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արտյոմ Աղաբաբյանն ակտիվորեն մասնակցել է Արցախի դեմ հրահրված պատերազմին։ Երևանյան բուժկենտրոններից մեկում վիրաբուժության դասընթացի էին, երբ իմացան պատերազմի մասին։ Ապագա բժիշկը առանց երկմտելու որոշեց կամավորագրվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Օրեր անց բժշկական մայր բուհի ուսանողը զինկոմիսարիատից Արցախ մեկնելու ծանուցագիր է ստանում։

«Դասից վերադարձա տուն, հավաքեցի իրերս ու անմիջապես գնացի զինկոմիսարիատ։ Ինձ առաջարկվեց հենց նույն օրը մեկնել Արցախ, համաձայնեցի։ Հոկտեմբերի 2-ին մեկնեցինք»,-պատմում է Արտյոմ Աղաբաբյանը։ Գնացել են նախ Ասկերան, այնտեղ ընդունել առանձին գունդ կազմելու գնդապետներից մեկի առաջարկն ու մի քանի օրով վերադարձել Երևան։

«Ես զորակոչվել էի որպես պահեստազորի զինծառայող, բայց քանի որ առաջնագծում բուժանձնակազմի կարիք կար, ինձ հետ վերցրեցի դեղեր, բուժսպասարկման պարագաներ՝ մտածելով, որ եթե կարողանամ նույնիսկ մեկ զինվորի կյանք փրկել, դա կունենա մեծ նշանակություն»,- ասում է ապագա բժիշկը:

Մի քանի օր անց տղաները, այդ թվում, Արտյոմը մասնակցում են զորավարժությունների։ Այդտեղ նրան նշանակում են առաջին գումարտակի, առաջին վաշտի սանհրահանգիչ։

«Հետո մեզ տարան Արցախ, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ։ Գիշերը զորանոցում էինք անցկացնում, ցերեկը՝ անտառում, մինչև ստանայինք մարտական հրամանը»,-պատմում է ուսանողը։

Անվտանգությունից ելնելով՝ տղաները հեռախոս չէին միացնում, այդ պատճառով Արտյոմ Աղաբաբյանը հստակ ամսաթիվը չի հիշում․ երևի հոկտեմբերի 29- ը կամ 30-ն էր, գիշերը նրանց տեղափոխում են Քարին տակ գյուղ։

«Քարին տակի անտառներում ծանր մարտեր էին ընթանում։ Վիրավորներ էին բերում։ Ադրբեջանական ուժերը մոտենում էին գյուղի մատույցներին, դրա համար շտաբի պետի հրամանով անցանք հարձակման։ Մեր նպատակն էր դիրքավորվել հանդիպակաց սարին։ Առաջ էինք շարժվում հրետանու կրակի տակ, առաջապահ ուժերի խմբում նաև ես էի, հակառակորդի ուժերը մեզնից տասնապատիկ շատ էին։ Թշնամին փորձում էր մեզ շրջափակման մեջ վերցնել, ու սկսվեց հրետանու ինտենսիվ կրակ»,-պատերազմի օրերն է վերհիշում ապագա բժիշկը։ Տղաները հետ են քաշվել այն ժամանակ միայն, երբ թշնամին գործի է դրել անօդաչուները։ Նրանք դիրքավորվել են Քարին տակի անտառներում։ «Դարանակալեցինք, որ եթե հակառակորդը որոշի առաջ գալ, ոչնչացնենք թշնամու ուժերը»,-անհավանական թվացող իրենց հերոսական գործողության մասին է պատմում ապագա բժիշկը։

Նրա մի ձեռքին զենքն էր, մյուսին՝ ինչպես ինքն է ասում, մի պայուսակ դեղ։

«Շուշիով երկար ճանապարհ էինք անցել, տղաները վերքեր ունեին, մի մասը մրսել էր, հիվանդացել։ Գիշերները բավականին ցուրտ էին։ Դեղերով պայուսակը շատ արագ դատարկվեց»,-նշում է Արտյոմն ու ընդգծում, որ մի քանի օր շարունակ եղել են ինտենսիվ կրակահերթերի տակ։

«Անտառը «ճաղատացել էր», տերևները թափվել էին, մենք հակառակորդի կողմից նկատվում էինք, այնտեղ գտնվելը դարձել էր չափազանց վտանգավոր, դրա համար խրամաբջիջներ էինք փորել, գիշեր-ցերեկ դրա մեջ էինք։ Մի օր աջ թևից թշնամին հարձակում գործեց, մենք հայտնվեցինք շրջափակման մեջ։ Մեր տեղը չգիտեին, մեր ուղղությամբ հարձակման ժամանակ մեզ հաջողվեց երկու անգամ հետ շպրտել մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ուժերին»,-տղաների սխրանքի մասին է պատմում ապագա բժիշկ Արտյոմ Աղաբաբյանը։

Նա օգնել է զինակիցներին լիցքավորել պարկուճները, պաշտպանական գծով տարել, բաժանել է հայրենիքի համար կռվող մարտիկներին. «Ինչով կարողանում էինք, մեկս մյուսին օգնում էինք»։ Ծանր գիշերից հետո մեր տղաներին հաջողվում է թշնամուն մեծ կորուստներ պատճառել։ Երբ հակառակորդը սկսում է ականանետերով և հրետանիով թիրախավորել տղաներին, նրանցից մի քանիսը վիրավորվում են, ստանում բազմաբեկորային վնասվածքներ։

«Քանի որ հրետակոծությունը չէր դադարել, հնարավոր չէր նույնիսկ դուրս գալ խրամաբջջից։ Բայց չէի կարող դուրս չգալ, մի քանի վայրկյան ունեինք վիրավոր տղաներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Արագ բժշկական լարան (ժգուտ) դրեցի ոտքին, ձեռքին, և միանգամից անտառներով, մի քանի հարյուր մետր ոտքով տարհանեցինք վիրավորներին»,-ասում է ապագա բժիշկը։

Ականներից մեկը պայթել է վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի մոտ, վիրավորվել է նաև գումարտակի բժիշկներից մեկը։ Այնուհետև տղաները ռումբերի պայթյունների տակ մի կերպ փորձել են հետ բարձրանալ իրենց դիրքեր։

Արտյոմը մանրամասն պատմում է, թե ինչպես է իրենց հաջողվել դուրս գալ շրջափակումից, ինչպես է վնասել ոտքը, ինչպես են հեռացել թշնամու դիտարկվող տարածքից, ինչպես են Քարին տակում երկրորդ անգամ հայտնվել շրջափակման վտանգի տակ։ Տղաները հրաշքով են փրկվել թշնամու հետապնդումից։

Արտյոմ Աղաբաբյանը ժամկետային զինծառայությունն անցել է 2015-2017 թվականներին, Հադրութում։ «2016 ապրիլյան պատերազմը սկսվեց, երբ մենք պատրաստվում էինք բարձրանալ մարտական դիրք՝ հերթափոխի։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ մասնակցեցի արցախյան երկու պատերազմի։ Իհարկե, հնարավոր չէ, ապրիլյան ռազմական գործողությունները համեմատել 44-օրյա պատերազմի հետ»,-շեշտում է նա։

Վանաձորում ծնված ապագա բժիշկը նշում է, որ անգամ ամենաթեժ մարտերի ընթացքում որևէ զինծառայող չի մտածել իր խրամատը լքելու մասին։

Պատերազմն ապագա բժշկին չի կոտրել։

«Չի կոտրել, կատարվածը պետք է ընդունել ի գիտություն, շարժվել առաջ։ Պետք է հասկանալ թերությունները, շտկել դրանք ու առաջ շարժել»,-ահա պատերազմ անցած ապագա բժշկի ապրելու բանաձևը։

Նա համոզված է, որ վարսավիրից գեներալ, պետք է իրենց գործին վերաբերվեն ամենայն պատասխանատվությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031