Մարտի 9-ին, Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) կողմից կազմակերպված Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակներում «Կոնգրեսի առաջնահերթություններ և ԱՄՆ քաղաքական հեռանկարներ» պանելային քննարկման ընթացքում ելույթ ունեցան Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):
Քննարկման ընթացքում, որի մոդերատորն էր Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Հանձնախմբի առաջնորդներն ընգծեցին հիմնահարցեր, որոնք ներառում էին՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը, հիմնավոր մարդասիրական օգնության և ականազերծման ֆինանսավորման ապահովումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների աշխուժացումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երկարատև և խաղաղ լուծում գտնելու համար:
«ԱՄՆ ղեկավարությունը բացակայում էր պատերազմի ընթացքում», – ասաց Կոնգրեսական Փալոնը: «Մենք շեշտեցինք Թրամփի վարչակազմի օրոք և այժմ դա անում ենք նաև Բայդենի վարչակազմի օրոք, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության մի քանի ժողովրդավար պետություններից մեկն է, և այն պետք է պաշտպանված լինի»:
Կոնգրեսական Սփիրն ասաց, որ Հայաստանը «խորը սպիներ» է ստացել նախկին վարչակազմի «պասիվ լինելու պատրաստակամության» պատճառով: Նա խրախուսեց ամերիկահայերին կապ հաստատել իրենց Կոնգրեսականների հետ և համագործակցել նրանց հետ, որպեսզի «Հայաստանը մնա ժողովրդավարություն»:
Կարդացեք նաև
Կոնգրեսական Փալոնը մեկնաբանեց, որ Թուրքիայի ագրեսիան Արցախում «առանձին միջադեպ չէ» և բերեց Լիբիայում, Սիրիայում և այլ տարածքներում նրա ներգրավվածության օրինակներ:
«Նրանք հետաքրքրված չեն համաձայնագրերով, քանի որ նրանք ստեղծում են տրանսթուրքական կայսրություն՝ պատերազմն օգտագործելով որպես մեխանիզմ»:
Նա կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ դադարեցնելով ԱՄՆ-ի աջակցությունն այդ երկրին Էրդողանի ղեկավարության օրոք, վերջ դնելով Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցմանը և ապահովելով Արցախի համար մեծ օգնության փաթեթ:
«Մենք պետք է ուղիներ գտնենք ավելի ամուր կապեր ստեղծելու համար», – ասաց Կոնգրեսական Սփիրը, նշելով, որ Արցախն աջակցության կարիք ունի վճռորոշ բաղադրիչների՝ անվտանգության, մարդասիրական օգնության, ռազմագերիների ազատման և մաքուր ջրի հասանելիության մասով:
«Սփյուռքը պետք է միասնական մնա Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ», – եզրափակել է Փալոնը: «Սա վերակառուցման գործընթաց է, և մենք պետք է առաջ նայենք»:
Արդունին շնորհակալություն հայտնեց Կոնգրեսականներ Փալոնին և Սփիրին իրենց առաջնորդության համար, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի (H.Res.296) «պատմական ընդունումը» 2019թ.-ի հոկտեմբերին:
«Ես մեծ հույսեր ունեմ, որ նախագահ Բայդենն այս տարի պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը», – ասաց Կոնգրեսական Սփիրը:
Ներկայացնելով ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ իրենց հեռանկարներն ու գաղափարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան, Քերի Քավանոն և Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի դոկտոր Մայքլ Ռուբինը մասնակցեցին պանելային քննարկման, որի մոդերատորն էր Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
Դեսպան Քավանոն հայտարարեց, որ նախագահ Բայդենը եղել է «վճռական մարդու իրավունքները՝ որպես ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք վերահաստատման հարցում»: Նա ակնկալում է նոր վարչակազմի կողմից Մինսկի խմբի նկատմամբ մոտեցման «նոր թափով ուժեղացում», մինչ ավելի շատ ուշադրություն է դարձվում Կովկասին՝ մարդու իրավունքների, խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների տեսանկյունից:
Ինչ վերաբերում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, դեսպան Քավանոն ասաց, որ դա «խաղաղության համաձայնագիր չէր», և չնայած Ալիևի կողմից ուժի կիրառմանը՝ որպես ցանկալի լուծում, հակամարտությունը մնում է չլուծված:
«Ուժը չի լուծի իրավիճակը», – շարունակեց նա: «Երկրների միջև պետք է լինի վերջնական քննարկում և համաձայնություն, որը կներառի տարածաշրջանի մարդկանց աջակցությունն, թե ինչպես այս ամենին կարելի է վերջ դնել՝ ներառյալ կարգավիճակը»:
Դեսպան Քավանոն նշեց, որ կարգավիճակը ընդգրկված չէր նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ, և նաև մտահոգություն հայտնեց, որ ռազմագերիները չեն ազատվել ստորագրված հայտարարությունից ավելի քան 100 օր անց, ինչը «խաթարում է առաջ շարժվելու կարողությունը»:
Նա ընդգծեց խաղաղ միջնորդական ջանքերի վրա աշխատելու և բռնի կերպով հակամարտություններին վերջ դնել փորձող առաջնորդների հետ վարվելու նոր ուղիներ մշակելու կարևորությունը:
Հիշատակելով 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը որպես «անակնկալ հարձակում»՝ Դոկտոր Ռուբինը հայտարարեց, որ «ամբողջությամբ խախտվել են» այն պարտավորություններն, որոնք Ադրբեջանը ստանձնեց 907 Բանաձևի կասեցումն ապահովելու համար:
«Այստեղ մեղմացնող գործոններ չկան, և ԱՄՆ-ն պետք է պարզ հասկացնի, որ հավատարիմ կմնա իր օրենքներին», – շարունակեց նա՝ հավելելով, որ եկող տարի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն՝ որպես իր գործողությունների հետևանք: «Ադրբեջանը այլևս չպետք է ազատ լինի իր գործողություններում»:
«ԱՄՆ-ն պետք է սովորած լիներ, որ երբեմն ստիպված ենք հավատալ բռնապետերի հռետորաբանությանը», – ասաց դոկտոր Ռուբինը: «Մենք պետք է ընդունեինք Էրդողանի խոսքերից, որ նա բարեփոխում իրականացնող ժողովրդավար չէր»:
Դոկտոր Ռուբինն ընդգծեց Թուրքիայի էքսպանսիոնիզմը, որը հասել է Լիբիա, Կիպրոս, Սիրիա, Իրաք և Հունաստան:
«Մենք տեսնում ենք ագրեսիայի մի մոդել, որի նպատակն էթնիկ զտումն է», – ասաց դոկտոր Ռուբինը: «Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի որպես ՆԱՏՕ-ի խելամիտ, պատասխանատու գործընկեր»:
«Համագումարի Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի ընթացքում կազմակերպված արժեքավոր ու բազմազան պանելային քննարկումները ցուցադրեցին մեր նվիրյալ, ընտրված ներկայացուցիչների, գիտնականների, քաղաքականության փորձագետների ու համայնքի անդամների փորձի և գիտելիքների խորությունը», – ասաց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք գնահատում ենք մեր բանախոսների, ինչպես նաև այն բոլոր մարդկանց ժամանակն ու ջանքերն, ովքեր մասնակցեցին մեր առցանց հանդիպումներին` հայ ժողովրդի առջև ծառացած առաջնահերթ խնդիրների մասին ավելի լավ տեղեկացված լինելու և իմանալու այն գործուն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք ձեռնարկել` հստակ արդյունքների հասնելու համար»:
Ամերիկայի հայկական համագումար