Վեթինգը՝ որպես Հայաստանի դատաիրավական համակարգի վերափոխման կառուցակարգային գրավական
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետությունը, միջազգային չափորոշիչների համաձայն, տարիներ շարունակ դասվել է կիսաավտորիտար պետությունների շարքին , ինչի առանցքային պատճառներից մեկը դատական և իրավապահ մարմիններում համակարգային կոռուպցիան էր և այդ մարմինների քաղաքականացվածության բարձր աստիճանը։
2018թ․ ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ սկիզբ դրվեց քաղաքական ռեժիմի տրանզիտի գործընթացին դեպի ժողովրդավարություն։ Այս առումով 2018թ․ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները, լինելով ազատ, արդար և թափանցիկ, կարևոր քայլ էին Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, քանի որ գցում էին ընտրական ինստիտուտի ֆունկցիոնալության վերականգնման հիմքերը՝ սկիզբ դնելով հանրային իշխանության համակարգի ինստիտուցիոնալ լեգիտիմացման գործընթացին։ Այդուհանդերձ, մեկ համապետական ընտրության օրինական բնույթը, այն էլ ժողովրդական ապստամբության միջոցով ոչ ժողովրդավարական իշխանության հեռացումից հետո ձևավորված էյֆորիկ տրամադրությունների և կուսակցական համակարգի կոլապսի պայմաններում, չի կարող երաշխավորել գործուն սահմանադրական ժողովրդավարություն։ Դրա համար անհրաժեշտ են խորքային ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն քաղաքական, վարչա-դատական և տնտեսական համակարգերի իրական ապակենտրոնացմանը, դատական և իրավապահ (ուժային) մարմիններում համակարգային կոռուպցիայի և քաղաքական աֆիլացվածության երևույթների և ռիսկերի չեզոքացմանը, ընտրական և կուսակցական համակարգերի ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ քաղաքական համակարգի հնարավորին դեկապիտալիզացիային։
Կարդացեք նաև
Ցանկացած բարեփոխում բացի ինստիտուցիոնալ բաղադրիչից ունի կոնկրետ սոցիալական և կադրային տարրեր, հատկապես, երբ խոսք է գնում ժողովրդավարական փոխակերպման փուլում պետական և քաղաքական ինստիտուտների բարեփոխումների մասին։ Անցյալի ավտորիտար քաղաքական պրակտիկան և պետական ինստիտուտների կոռուպցիոն վարքագիծը հանգում են կոնկրետ կազմակերպիչների և կատարողների՝ պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչների, սոցիալական որոշակի շահառու շերտերի, որոնց իրավական և փաստացի սոցիալական կարգավիճակի, քաղաքական և պետական որոշումների վրա ունեցած ազդեցության չչեզոքացման պարագայում ավտորիտար ինստիտուցիոնալ հիշողությունը կպահպանվի, և «օլիգարխիայի երկաթյա օրենքի» տրամաբանության համաձայն՝ 2018թ․ ժողովրդավարական նվաճումներն արագորեն կփոշիանան՝ ճանապարհ հարթելով բռնապետական քաղաքական ռեժիմի վերահաստատմանը ։
Սույն հետազոտության շրջանակում անդրադարձ կկատարվի պետական համակարգի զտման ամենագործուն մեխանիզմին՝ վեթինգին, Հայաստանում վերջինիս կիրառման հնարավորությանը և վեթինգի կարևորությանը ժողովրդավարական փոփոխությունների համակարգային կայունության և անշրջելիության ապահովման համար։
ՎԵԹԻՆԳԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Վեթինգը հայերեն թարգմանությամբ նշանակում է «բարեվարքության ստուգում» կամ «զտում»։ Այն հանրային ծառայողների բարեվարքության և արհեստավարժության ստուգում է, որի նպատակն է զբաղեցրած պաշտոններից ազատել կամ կարգապահական պատասխանատվության այլ միջոցի ենթարկել հանրային այն ծառայողներին, ովքեր ունեն անձնական, քաղաքական, տնտեսական, ընտանեկան, բարեկամական կամ այլ անթույլատրելի առնչություններ և շահեր՝ կապված նախորդ ավտորիտար վարչակազմի կոռուպցիոն հանցագործությունների, մարդու իրավունքների կոպիտ և (կամ) պարբերական խախտումների, այդ թվում՝ ակնհայտ անարդար և ապօրինի դատական ակտերի կայացման, լիազորությունների չարաշահման հետ։
Վեթինգն անցումային արդարադատության հիմնական գործիքներից է և կիրառվում է քաղաքական ռեժիմի փոփոխության ժամանակ, երբ ավտորիտարիզմից անցում է կատարվում դեպի ժողովրդավարություն։ Ժողովրդավարական անցման ժամանակ վեթինգի շնորհիվ ապահովվում է պետական ինստիտուտների փոխակերպումը մարդու իրավունքները խախտող և հասարակության որոշակի շերտի շահերը ներկայացնող համակարգից դեպի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված, չարաշահումները կանխող և անկողմնակալորեն ամբողջ հանրությանը ծառայող համակարգի ։ Փաստորեն վեթինգը յուրօրինակ քավարան է, որի շնորհիվ տեղի է ունենում քաղաքական և պետական համակարգի «մաքրագործում» և այդպիսով «նոր սկզբի» ինստիտուցիոնալ, քաղաքական և բարոյական հիմքերի ձևավորում։
Ըստ էության, վեթինգը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կարևոր ենթաբաժին է և առանձնահատուկ ուղղություն։ Հակակոռուպցիոն սովորական միջոցներից վեթինգը տարբերվում է իր համապարփակ բովանդակությամբ և արտակարգ էությամբ, երբ նպատակ է հետապնդվում ոչ թե գործող պետական համակարգի շրջանակում պայքարել կոռուպցիոն հանցագործությունների կամ շահերի բախման առանձին դեպքերի դեմ, այլ փոփոխել հենց համակարգն ինքնին՝ կազմաքանդելով պետական մարմինները, հանրային ծառայողներին շաղկապող անօրինական կապերն ու դրանց վրա հիմնված հասարակական հարաբերությունները՝ նեպոտիզմը, հովանավորչությունը, կուսակցական կամ քաղաքական լոյալության հետևանքով քաղաքական չեզոքության խախտումը, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ առնչությունները և այլն։ Արդյունքում ինստիտուցիոնալ և գործնական հիմքեր են ստեղծվում կոռուպցիայի, անօրինական վարչարարության և հանրային ռեսուրսների օգտագործմամբ կազմակերպված հանցավորության պատճառներն ու պայմանները հիմնովին վերացնելու և հանցավորության դեմ պայքարը նոր բարենպաստ մեկնարկային պայմաններում ծավալելու համար։
Վեթինգը չի լուծում կոռուպցիայի իսպառ վերացման հարցը, սակայն զրկում է կոռուպցիան իր համակարգային հատկանիշից, ինչի արդյունքում կոռուպցիոն հանցագործությունները դառնում են ավելի փոքրաթիվ և նվազ վտանգավոր, իսկ դրանց դեմ պայքարը՝ ավելի արդյունավետ և պակաս ռեսուրսատար։
Վեթինգը կարող է ընդգրկել հանրային ծառայության ամբողջ համակարգը կամ կենտրոնանալ դրա առանձին՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ առավել կապված, ինչպես նաև կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման առավելագույն ռիսկ պարունակող պետական ինստիտուտների՝ իրավապահ մարմինների և դատարանների վրա։ Բացի այդ բարեվարքության ստուգում կարող են անցնել համապատասխան պետական մարմինների միայն բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, կամ ստուգման գործընթացում կարող է ընդգրկվել ամբողջ պաշտոնեական անձնակազմը։
Որպես կանոն անցումային արդարադատության ինստիտուտ համարվող այս իրավական գործիքի թիրախները երկուսն են՝ հանրային ծառայողի ազնվությունը (integrity) և մասնագիտական կարողունակությունը (capacity)։ Վերջինս ներառվում է նաև ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում, սակայն դրա սինթեզումը մասնագիտական ազնվության հետ կարող է տալ ավելի լավ արդյունք ։ Իրականում ժողովրդավարական անցման շրջանում մեծագույն մարտահրավերներից մեկի՝ պետա-իշխանական համակարգի և հատկապես դրա դատա-իրավական սեգմենտի ժողովրդավարական և իրավական դիսֆունկցիոնալության հաղթահարման համար կարևոր է մի կողմից նախընթաց ոչ ժողովրդավարական փուլում մարդու իրավունքների և օրենքի կոպիտ խախտումների համար անհատական պատասխանատվություն կրող պետական պաշտոնատար անձանց պաշտոնանկությունը, իսկ մյուս կողմից ակնհայտ ոչ արհեստավարժ կադրերի զտումը, որոնք, օրինակ, պաշտոնի են նշանակվել օրենսդրության պահանջների և ընթացակարգերի խախտմամբ։
Ավտորիտար կամ կիսաավտորիտար ռեժիմի պայմաններում գործառող պետական համակարգն ունի բոլորովին այլ անձնակազմ, կառուցվածք և կորպորատիվ վարքագիծ։ Հանրային հաշվետվողականության և թափանցիկության պակասորդը, կոռուպցիայի տարատեսակ դրսևորումների անխափան ընթացքը ենթադրում են անձնական և մասնագիտական անկայուն որակներ ունեցող, կորպորատիվ լոյալության չգրված կանոններին հետևող, անգամ քրեական աշխարհի հետ աղերսներ ունեցող պաշտոնատար անձանց առկայություն, կոռուպցիան խթանող և կոռուպցիոն գործարքների արդյունավետ իրականացման տրամաբանությամբ գործող ինստիտուտներ՝ օրենքներ, ներքին իրավական ակտեր, պետական մարմինների ուռճացված հաստիքացուցակներ, ներքին հաշվետվողականության և աստիճանակարգության համապատասխան ենթահամակարգեր և այլն։
Նոր պայմաններում հին կազմով և ինստիտուցիոնալ տրամաբանությամբ գործող պետական համակարգը կարող է դառնալ ժողովրդավարական բարեփոխումների հիմնական խոչընդոտը։ Հետևաբար, ժողովրդավարական քաղաքական ռեժիմի հաստատման համար վեթինգի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Ընդ որում, կարևոր է նաև նկատառել, որ վեթինգը չունի պատժելու նպատակ, հետևաբար այս գործընթացը չպետք է գնահատվի քրեական օրենսդրության սկզբունքներով։ Փոխարենը վեթինգն ունի կանխարգելիչ նպատակ, այսինքն միտված է պետաիշխանական համակարգը կամ առնվազն դրա դատաիրավական հատվածը «զտել» այնպիսի պաշտոնյաներից, ովքեր հավատարիմ չեն ժողովրդավարական պետությանն ու սահմանադրական կարգին։ Անձի պաշտոնանկությունը լոկ հանրային ծառայողի՝ նոր դեմոկրատական չափանիշներին անհամապատասխանության իրավական հետևանքն է, այլ ոչ թե պատժի միջոց։
Իհարկե, վեթինգի կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելիս հարկ է հաշվի առնել նաև հնարավոր ռիսկերը՝ գործազրկության աճը, պաշտոնից ազատված անձանց հետագա զբաղվածության բացակայության պայմաններում հնարավոր հակումը հանցավոր գործունեության, նոր արհեստավարժ և բարեխիղճ կադրերի հարցը չլուծելու պարագայում մեծաթիվ ազատումների հետևանքով կառավարման ճգնաժամի առաջացման հնարավորությունը և այլն։ Այս բոլոր գործոնները կարող են խոչընդոտել ժողովրդավարական լիարժեք անցմանը և առաջացնել կառավարելիության խնդիրներ։
Հետևաբար ցանկացած երկրում վեթինգի մեխանիզմներ ներդնելիս հարկ է հաշվի առնել այդ երկրի պատմա-քաղաքական, սոցիալ-իրավական, տնտեսական, մշակութային և այլ պայմաններ ու իրողություններ՝ հնարավորինս հավասարակշռված լուծումներ գտնելու համար։
Հաշվի առնելով, որ վեթինգը որոշակիորեն քաղաքական գործընթաց է, քանի որ խոսքը քաղաքական ռեժիմի փոփոխության մասին է, շատ կարևոր է, որ բացակայի քաղաքական խտրականությունն ու ընտրովի մոտեցումը։ Դրա համար անհրաժեշտ է, որ նոր ժողովրդավարական վարչակազմի կողմից ներդրվող վեթինգի կառուցակարգերը, ներառյալ բարեվարքության ստուգման ենթարկվող պաշտոնատար անձանց շրջանակը և վեթինգի չափորոշիչները, լինեն առավելագույնս հստակ և որոշակի՝ պահպանելով իրավունքի գերակայության, պատշաճ վարչարարության և արդար դատաքննության սահմանադրական և միջազգային երաշխիքները՝ վեթինգի շուրջ համահասարակական կոնսենսուս ձևավորելու և ավտորիտարիզմի էջը մեկընդմիշտ փակելու համար։
Միաժամանակ հարկավոր է նաև կառավարել հասարակական մեծ սպասումներից գեներացվող «անհամբերության» գործոնը, այսինքն, երբ հանրությունը սպասում է վեթինգի գործընթացի արագ մեկնարկին և արագ հանգուցալուծմանը։ Քաղաքական և իրավական ասպեկտների սինթեզումը ստեղծում է մի վիճակ, երբ քաղաքական ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված՝ սոցիալական արդարությանը և հանրային համերաշխությանն ուղղված այս կառուցակարգը հագեցվում է ստուգման ենթարկվող պաշտոնատար անձանց նյութական և ընթացակարգային իրավունքների պահպանման երաշխիքներով, որոնք, բարձրացնելով վեթինգի օբյեկտիվության աստիճանը, անխուսափելիորեն դանդաղեցնում են այն։ Պատահական չէ, որ կախված վեթինգի ենթարկվող պաշտոնատար անձանց թվակազմից և կատեգորիալ շրջանակից՝ գործընթացը կարող է տևել մի քանի տարի։
Վեթինգի կիրառման միջազգային փորձը բավականին խայտաբղետ է։ Վեթինգ իրականացրել են Մերձբալթյան երկրները, Խորվաթիան, Սերբիան, Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Չեխիան, Ալբանիան, Քենիան և այլ երկրներ։
Որպես ընդհանուր միտում երկրների զգալի մասում, օրինակ, Մերձբալթյան երկրներում, Վրաստանում, Չեխիայում և այլուր նախքան վեթինգի իրականացումն իրավաքաղաքական գնահատական է տրվել նախընթաց բռնապետական ռեժիմին, և դրա հիման վրա իրականացվել են որոշակի և կանխատեսելի համակարգային բարեփոխումներ։ Ի լրումն դրա՝ վեթինգն այս կամ այն կերպ ընդգրկել է նախկին ոչ լեգիտիմ քաղաքական ռեժիմի հետ պետական պաշտոնատար անձանց առնչակցության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, ինչպես նաև արհեստավարժության ստուգումը։
Ստորև ավելի մանրամասն կներկայացվեն մի շարք երկրներում կիրառված վեթինգի կառուցակարգերն ու ձեռնարկված համապատասխան քայլերը։
ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինայում վեթինգը սկսվել է 2014թ․՝ Արժանապատվության հեղափոխությունից (Մայդան) հետո։ Այն ունեցել է հետևյալ հիմնական ուղղությունները՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց վեթինգ և որպես վեթինգի առանձին տեսակ՝ խորհրդային ռեժիմի հետ համագործակցած անձանց լյուստրացիա, այսինքն խորհրդային հատուկ ծառայությունների կոնտակտավոր անձանց և գործակալների բացահայտում ու պետական համակարգից հեռացում:
Նախևառաջ վեթինգի ենթարկվեցին Ուկրաինայի սահմանադրական դատարանի անդամները, ովքեր մասնակցել էին 2010թ․ ապօրինի որոշման կայացմանը, որի արդյունքում 2004թ․ սահմանադարական փոփոխություններն ուժը կորցրած ճանաչվեցին, և վերականգնվեց 1996թ․ խմբագրությամբ սահմանադրությունը՝ վերահաստատելով նախագահի ընդարձակ լիազորությունները, որոնք կրճատվել էին 2004թ․ Նարնջագույն հեղափոխությունից հետո տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով։
Վեթինգի արդյունքում ստուգվեց Սահմանադրական դատարանի անդամների մասնակցության փաստը 2010թ․ նշյալ որոշման կայացմանը, և Ուկրաինայի խորհրդարանը որոշում կայացրեց հետ կանչել իր կողմից նշանակված 5 անդամի և պահանջեց Դատավորների կոնգրեսից հետ կանչել վերջինիս կողմից նշանակված անդամներին, սակայն Դատավորների կոնգրեսը հրաժարվեց դա անել։ Այսինքն դատական իշխանությունը, որը մասնակցել էր նախորդ քաղաքական ռեժիմի օրոք կատարված ապօրինությանը, դեմ դուրս եկավ վեթինգի գործընթացին։
Վեթինգի հաջորդ միջոցառումը խորհրդարանի կողմից օրենքի ընդունումն էր, որի համաձայն՝ պետք է ստուգվեր բոլոր դատավորների նախընթաց գործունեությունը, և պետք է պաշտոնանկ լինեին այն դատավորները, որոնք քաղաքականապես մոտիվացված դատական ակտեր էին կայացրել ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ, ում դատական ակտերն անիրավաչափ էին ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, ովքեր ներգրավված են եղել կոռուպցիոն հանցագործություններում և այն դատավորները, ում դատական ակտերով Ուկրաինայի 7-րդ գումարման խորհրդարանի բազմաթիվ պատգամավորների լիազորությունները դադարեցվել էին։
Օրենքով դադարեցվեցին նաև երկրի բոլոր դատարանների նախագահների և փոխնախագահների, ինչպես նաև դատական իշխանության ինքնակառավարման և կարգապահական մարմինների ներկայացուցիչների և Բարձր դատական խորհրդի անդամների (բացառությամբ ի պաշտոնե անդամների) լիազորությունները՝ անկախ նրանց կողմից վերը նշված գործողությունները կատարելու կամ դրանց կատարմանը մասնակցելու հանգամանքից։
Վեթինգի գործընթացը պետք է սկսվեր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում և իրականացվեր Ժամանակավոր հատուկ հանձնաժողովի կողմից, որը կազմված էր Գերագույն դատարանի, խորհրդարանի և հակակոռուպցիոն հարցերով Կառավարության ներկայացուցչի կողմից նշանակված 15 անդամից։
Վեթինգի շրջանակներում հաջորդ քայլը խորհրդարանի կողմից Կառավարության զտման մասին օրենքի ընդունումն էր։ Այդ օրենքի համաձայն՝ պաշտոնից ազատվում էին նախարարները, կենտրոնական գործադիր մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարները, պետական հանձնաժողովների նախագահները, պետական ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ կատեգորիաների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր մեկ տարի և ավելի պաշտոնավարել են 2010-2014թթ․ կամ պաշտոնավարել են 2013թ․ նոյեմբերից 2014թ․ փետրվարը և հրաժարական չեն տվել, դատախազներն ու քննիչները, ովքեր պաշտոնավարել են 2013թ․ նոյեմբերից մինչև 2014թ․ փետրվար ամիսը և քրեական վարույթ են իրականացրել ցուցարարների դեմ, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները, ովքեր օժանդակել են Վիկտոր Յանուկովիչի կողմից իշխանության բռնազավթմանը, բոլոր այն հանրային ծառայողները, ովքեր խախտել են Ուկրաինայի քաղաքացիների հավաքների և այլ սահմանադրական իրավունքները, կենտրոնական և տեղական իշխանության մարմինների պաշտոնատար անձինք, ովքեր կատարել են պետական դավաճանություն կամ այլ կերպ խաթարել են երկրի ազգային անվտանգությունը, բարձրաստիճան պետական պաշտոնատար անձինք, ովքեր իրենց գույքային դրության մասին ներկայացրել են ոչ հավաստի տեղեկատվություն և այլն։ Ապահովվում էին նաև վեթինգի ենթարկվող անձանց բոլոր ընթացակարգային իրավունքները՝ սեփական դիրքորոշման ներկայացում, հրապարակայնություն, իրավաբանական օգնություն և այլն ։ Վեթինգի նշյալ ակտերը վեթինգի ենթարկված անձի կողմից կարող էին բողոքարկվել վարչական դատարան, ինչպես նաև գործում էր երկրի Նախագահի ներման ինստիտուտը։
Վեթինգի շրջանակում նախքան ստուգման ընթացակարգի սկսվելը պետական պաշտոնատար անձից պահանջվում էր ներկայացնել գրավոր հայտարարություն առ այն, որ նա չի կատարել օրենքով նախատեսված ստուգման ենթակա որևէ գործողություն։ Հայտարարություն չներկայացնելը համարվում էր մեղքի ընդունում, և պաշտոնատար անձը պետք է հրաժարական ներկայացներ։ Ընդ որում, նման հայտարարության ներկայացում պահանջվում է նաև պետական պաշտոնի հավակնորդներից։
Պաշտոնազրկումից հետո անձը 5-ից 10 տարի ժամկետով զրկվում է պետական ծառայության անցնելու հնարավորությունից։
Վեթինգի գործընթացը համակարգում էր Արդարադատության նախարարությունը, որն ուներ վերահսկողական լիազորություններ։
Հատկանշական է, որ Արդարադատության նախարարությունն առաջինը ենթարկվեց վեթինգի՝ ապահովելու համար հետագա գործընթացի իրավաչափությունն ու օբյեկտիվությունը։
Վեթինգի ուկրաինյան մոդելն աչքի է ընկնում նրանով, որ այն մեկտեղում է նաև լյուստրացիայի տարրեր, քանի որ պաշտոնազրկում է նախատեսում նախկին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց համար։ Մյուս առանձնահատկությունը վեթինգի առարկայական շրջանակի ընդարձակ բնույթն է․ փաստացի վեթինգն ընդգրկել է Ուկրաինայի ողջ պետական համակարգը։
ՎՐԱՍՏԱՆ
Վրաստանում վեթինգի գործընթացը սկիզբ առավ 2003թ․ Վարդերի հեղափոխությունից հետո՝ որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը։
Այդ երկրում վեթինգի առանձնահատկություններից մեկն այն էր, որ զուգահեռ իրավաքաղաքական գնահատական տրվեց նախորդ քաղաքական ռեժիմին: Ընդ որում, ըստ էության, խոսքը գնում էր Վրաստանի անկախությունից հետո շուրջ 12-ամյա շրջանին, ինչպես նաև Վրաստանի խորհրդային կարգերին։ Օրենքն ընդունվել է 2011թ․ և կոչվում է «Ազատության խարտիա»:
Այդ օրենքով արգելվեցին կոմունիստական և նացիստական գաղափարախոսություններն ու քարոզչությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարում՝ ներառյալ մտքի, խոսքի, խղճի և հավաքների իրավունքները, խոշտանգում, սովամահություն, ջրազրկում, ֆիզիկական և հոգեբանական ահաբեկչություն, զանգվածային հետապնդումներ և սպանություններ քարոզող ու արդարացնող գաղափարախոսություններ, ինչպես նաև արգելվեց կոմունիզմի և նացիզմի խորհրդանիշների օգտագործումը։
Խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու արտահաստիքային գործակալները, ինչպես նաև կոմունիստական կուսակցության անդամները զրկվում էին օրենսդիր և գործադիր մարմիններում աշխատելու իրավունքից։ Նշյալ օրենքով ստեղծվող հատուկ հանձնաժողովը պետք է համակարգեր պետական համակարգի զտման գործընթացը և, մասնավորապես, հավաքեր անհրաժեշտ տեղեկատվություն խորհրդային շրջանի գործակալական ցանցի վերաբերյալ, ցուցակագրեր ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի հետ համագործակցող այն անձանց, ովքեր շարունակում էին պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնել և իրավասու էր հրապարակել նրանց անունները, եթե վերջիններս հանձնաժողովի կողմից ծանուցվելուց հետո կամավոր հրաժարական չէին տալիս։
Քանի որ Վարդերի հեղափոխության արդյունքում Վրաստանի պաշտոնազրկված նախագահ Էդուարդ Շևարնաձեն Խորհրդային Վրաստանի և ԽՍՀՄ-ի կարկառուն գործիչ էր, զբաղեցրել է ԽՍՀՄ-ի արտգործնախարարի պաշտոնը, եղել է ԽՍՀՄ-ի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, ՎԽՍՀ-ի ներքին գործերի նախարար, ՎԽՍՀ-ի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, վերջինիս և իր քաղաքական թիմի՝ «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցության առնվազն ղեկավար կազմի առնչակցությունը խորհրդային հատուկ ծառայությունների և խորհրդային էլիտայի հետ կասկած չէր հարուցում, և նշված օրենքով փաստացի իրավաքաղաքական գնահատական էր տրվում 1992-2003թթ․՝ գործնականում նախահեղափոխական գրեթե ողջ ժամանակաշրջանին, որը խորհրդային բռնատիրության ձևափոխված շարունակությունն էր նախկին խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչների գլխավորությամբ, ովքեր շարունակում էին ղեկավար պաշտոններ զբաղեցնել արդեն անկախ Վրաստանում։
Ազատության խարտիան հեշտացնում էր վեթինգի գործընթացը, քանի որ հստակեցնում էր անցումային արդարադատության օբյեկտների շրջանակը և կանխատեսելի էր դարձնում իրավական գործողությունների էությունն ու բովանդակությունը։
Մասնավորապես, Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և իր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման կողմից նախաձեռնվեցին Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ամբողջական զտում և վերակազմավորում՝ այդ կառույցները համալրելով նոր՝ նախկինում կոլաբորացիոնիստական և կոռուպցիոն գործունեությամբ աչքի չընկած կադրերով։
Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով Նախագահին տրվեց Արդարադատության բարձր խորհուրդը նախագահելու լիազորություն՝ հնարավորություն տալով Վարդերի հեղափոխության առաջնորդին անձամբ վերահսկել դատական համակարգի վեթինգի գործընթացը ։ Դրան հաջորդեց Վրաստանի խորհրդարանի կողմից Վրաստանի գերագույն դատարանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի ընդունումը, որով Գերագույն դատարանի դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ վաղաժամ կենսաթոշակի վճարման պայմանով։ Այդ օրենքի հիման վրա Գերագույն դատարանի 5 դատավոր հրաժարական տվեց ։
Դատական վեթինգի գործընթացում կարևոր դերակատարում վերապահվեց Դատական կարգապահության հանձնաժողովին, որն իրավասու էր կարգապահական վարույթներ հարուցել անցյալում և ներկայում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած դատավորների նկատմամբ։ Իսկ կարգապահական վարույթներով վերջնական որոշումը կայացնում էր Արդարադատության բարձր խորհուրդը՝ ընդհուպ մինչև դատավորի պաշտոնից ազատում։
Վրաստանում վեթինգի գործընթացն աչքի է ընկել քաղաքականացվածության բավական բարձր մակարդակով և նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական ներգրավման նկատելի աստիճանով։ Վերջին հանգամանքն ուներ երկակի նշանակություն․ մի կողմից Վրաստանի այն ժամանակվա քաղաքական համակարգում Վարդերի հեղափոխության ամենագաղափարական և բարեփոխիչ առաջնորդի սահմանադրական և փաստացի առանցքային կարգավիճակը նպաստում էր բարեփոխումների արագ և հստակ ընթացքին, իսկ մյուս կողմից անհարկի սուբյեկտիվիզմ էր մտցնում վեթինգի գործընթացում, ինչն առանց այն էլ իրավունքի և քաղաքականության սահմանագծում գտնվող այս ինստիտուտի կիրարկման արդյունավետության համար կարող է խնդրահարույց լինել։
Պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ հատկապես հետհեղափոխական միանձնյա կառավարման համակարգի հիմնադրման պարագայում երկրի ղեկավարի հեռանալուց հետո վերջինիս նախաձեռնած հիմնարար բարեփոխումները կարող են էապես դանդաղել և անգամ սառեցվել։ Պատահական չէ, որ Միխեիլ Սահակաշվիլիին փոխարինած Բիձինա Իվանիշվիլիի օրոք թե՛ վեթինգի և թե՛ մնացյալ բարեփոխումների ընթացքը Վրաստանում որոշակիորեն դանդաղել է, իսկ առանձին դեպքերում նաև՝ ձևախեղվել։
Ի հակառակ Վրաստանի՝ Ուկրաինայում հեղափոխության արդյունքում նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոյին հաջորդած Միխայիլ Զելենսկիի օրոք Ուկրաինայի բարեփոխումների օրակարգը, այդ թվում վեթինգի գործընթացը հայեցակարգային իմաստով փոփոխություն չի կրել և ընթանում է նախանշված օրակարգով։ Սա, այլևայլ հանգամանքներով հանդերձ, պայմանավորված է նաև Ուկրաինայի քաղաքական համակարգի ավելի պլյուրարիստական բնույթով և ղեկավար անձի գործոնի համեմատաբար ավելի նվազ նշանակությամբ։
ՉԵԽԻԱ
Չեխիայում անցումային արդարադատության, այդ թվում վեթինգի գործիքներ ներդրվեցին 1989թ․ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից և կոմունիստական միակուսակցական կարգերի տապալումից հետո։
Չեխիայում ևս վեթինգի գործընթացի մեկնարկին նախորդեց կոմունիստական բռնապետական ռեժիմին տրված իրավաքաղաքական գնահատականը։ Այսպես՝ 1993թ․ Չեխիայի պառլամենտի կողմից ընդունվեց «Կոմունիստական ռեժիմի հակաիրավականության և դրան դիմադրելու մասին» օրենքը, որի համաձայն՝ Չեխիայում գործած կոմունիստական քաղաքական ռեժիմը ճանաչվում էր ոչ լեգիտիմ, այն հռչակվում էր ապօրինի, իսկ կոմունիստական կուսակցությունը որակվում էր որպես հանցավոր կազմակերպություն։ Այս օրենքով կոմունիստական կուսակցությունը, վերջինիս անդամներն ու կողմնակիցները պատասխանատու էին ճանաչվում կոմունիստական իշխանության օրոք կատարված հանցագործությունների, անարդարությունների, քաղաքական հետապնդումների և մարդու իրավունքների զանգվածային այլ խախտումների համար։
Օրենքը Չեխիայի հասարակությունում առաջացրեց բանավեճ առ այն, թե որքանով են վերջինիս կարգավորումները գործնականում կիրառելի, քանի որ դրանք իրենց էությամբ առավելապես քաղաքական էին։ Դա հանգեցրեց նրան, որ Չեխիայի խորհրդարանի մի խումբ կոմունիստ պատգամավորներ օրենքի սահմանադրականությունը վիճարկեցին Սահմանադրական դատարանում։
Սահմանադրական դատարանը, փաստելով, որ նախընթաց ռեժիմի գնահատականը տվող օրենքն ունի խորհրդանշական բնույթ, ընդգծեց դրա կարևոր նշանակությունը կոմունիստական ռեժիմի դեմ պայքարի և դրա հաղթահարման առումներով։ Ըստ այդմ, Չեխիայի սահմանադրական դատարանը գտավ, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը ։
Պետական համակարգի զտման գործընթացն ազդարարվեց «Չեխիայի ու Սլովակիայի Հանրապետության պետական մարմիններում և կազմակերպություններում որոշակի գործառույթների կատարման լրացուցիչ պայմաններ ստեղծելու մասին» թիվ 451/1991 բանաձև-օրենքի ընդունմամբ, որով պաշտոնազրկվում էին ոստիկանության, անվտանգության, հետախուզության և քրեակատարողական մարմիններում աշխատող այն անձինք, ովքեր հանդիսացել են խորհրդային հատուկ ծառայությունների գաղտնի աշխատակիցներ կամ համագործակցել են կոմունիստական կուսակցության հետ, հանդիսացել են կուսակցության պատասխանատուներ և ֆունկցիոներներ, այդ թվում մասնակցել են քաղաքական հետապնդումների։ Նրանք օրենքով չէին կարողանալու զբաղեցնել պաշտոններ դատական իշխանությունում, դատախազությունում, քաղաքացիական ծառայության բարձրագույն օղակներում, զինված ուժերում, ոստիկանությունում, անվտանգության մարմիններում, կենտրոնական բանկում, պետական ձեռնարկությունների կառավարման մարմիններում, երկաթգծի մարմիններում, հանրային էլեկտրոնային լրատվամիջոցներում, իրավունք չէին ունենալու նշանակվել ավագ ակադեմիական պաշտոնների։ Հետաքրքրական է, որ նշյալ սահմանափակումները չէին տարածվում ժողովրդական ընտրություններով համալրվող պետական պաշտոնների վրա:
Վեթինգի գործընթացը, այդ թվում պետական պաշտոնատար անձանց վերաբերյալ առկա տեղեկատվության մշակումն ու պահպանությունն իրականացնում էր ներքին գործերի նախարարության աշխատակազմը։
Վեթինգի գործընթացի օրինականությունը վերահսկելու և ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող վարչական վարույթների դեմ ստացված բողոքները քննելու նպատակով հիմնադրվեց անկախ հանձնաժողով, որը կազմավորվել էր հետևյալ համամասնությամբ. մեկ անդամ նշանակվել էր խորհրդարանի նախագահի կողմից, երկու անդամ նշանակվել էր ներքին գործերի նախարարի կողմից և վեց անդամ՝ խորհրդարանի հանձնաժողովների կողմից։
Հանձնաժողովի կազմը վկայում է այն մասին, որ վերջինս արտահայտում էր օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև ձևավորված որոշակի հավասարակշռությունը և արտացոլում էր գործընթացի պատշաճ իրականացման համար քաղաքական իշխանության ստանձնած պատասխանատվությունը։
Վեթինգի արդյունքում կայացված ակտերը շահագրգիռ անձանց կողմից կարող էին բողոքարկվել նաև դատական կարգով։
Հարկ է նշել նաև, որ բարեվարքության ստուգում նախատեսված էր նաև իրավապահ, դատական մարմիններում, ինչպես նաև քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակվելու համար։ Այդ նպատակով թեկնածուն պետք է դիմեր ներքին գործերի նախարարության անվտանգության գրասենյակ՝ խնդրելով իրեն տրամադրել բարեվարքության ստուգման հավաստագիր։ Եթե հավաստագրով հաստատվում էր, որ անձը կապ է ունեցել խորհրդային անվտանգության մարմինների հետ, այդ թվում մասնակցել է քաղաքական հետապնդումների իրականացմանը, անձը զրկվում էր տվյալ պաշտոնին նշանակվելու հնարավորությունից։ Այդ դեպքում պաշտոնի հավակնորդը կարող էր բողոք ներկայացնել ներքին գործերի նախարարություն, և եթե հավաստագիրը մնում էր անփոփոխ, կարող էր այն վիճարկել քաղաքացիական դատարանում ։
Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ վեթինգը Չեխիայում ուներ առավելապես միակողմանի բնույթ և կենտրոնացած էր խորհրդային հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց բացահայտման և պետական համակարգը նրանցից զտելու վրա։ Ստուգման ընթացակարգը չէր ընդգրկում հակակոռուպցիոն բաղադրիչը, որը շատ կարևոր է ժողովրդավարական անցման շրջանում գտնվող պետության իրավակարգը կայացնելու համար։
ԱԼԲԱՆԻԱ
Ալբանիայում վեթինգի և անցումային արդարադատության այլ գործիքների կիրառման հիմքերը ստեղծվեցին 1992թ․, երբ տապալվեց կոմունիստական ռեժիմը, և անցում կատարվեց դեպի ժողովրդավարություն։ Չնայած դրան՝ շուրջ քառորդ դար Ալբանիայում որևէ արմատական քայլ չի կատարվել իրավունքի գերակայության և ներքին ժողովրդավարացման ուղղությամբ։ Իրավիճակը փոխվեց արտաքին ազդեցությամբ, երբ Ալբանիան սկսեց առարկայական բանակցություններ Եվրոպական Միությանն անդամակցելու նպատակով։ Եվրոպական Միության կողմից որպես անդամակցության պահանջ առաջադրվեց դատաիրավական խորքային բարեփոխումներ իրականացնելու հարցը։
Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի կողմից Ալբանիային տրամադրվեց անհրաժեշտ փորձագիտական և մեթոդաբանական աջակցություն, ինչպես նաև սահմանվեցին մոնիթորինգի կառուցակարգեր՝ հետևելու համար վեթինգի գործընթացի իրավաչափությանն ու արդյունավետությանը։
Վեթինգի կառուցակարգը սահմանվեց «Դատավորների և դատախազների անցումային վերագնահատման մասին» օրենքով, որը հայտնի է նաև «Վեթինգի մասին օրենք» անվանմամբ։ Այդ օրենքով բարեվարքության համապարփակ ստուգման պետք է ենթարկվեին Ալբանիայում գործող բոլոր դատավորներն ու դատախազները։ Օրենքի ընդունումից հետո մեծ թվով դատավորներ և դատախազներ հրաժարական ներկայացրեցին և հեռացան համակարգից վեթինգից խուսափելու համար։ Ստուգման ընթացակարգն ուներ երեք բաղադրիչ՝ ակտիվների ստուգում, կասկածելի կապերի ստուգում, գիտելիքների և հմտությունների ստուգում։
Ակտիվների ստուգման ներքո ներդրվեց դատավորների և դատախազների գույքային դրության համատարած հայտարարագրման ինստիտուտը։ Ըստ այդմ, բոլոր դատախազներն ու դատավորները պարտավոր էին հայտարարագրել իրենց ակտիվները, որոնց օրինականությունը ենթակա էր ստուգման։ Ընդ որում, այս դեպքում գործում էր գույքի անօրինականության կանխավարկածը, և նման կասկածի դեպքում հայտարարատուն անձամբ պետք է հիմնավորեր իր ունեցվածքի ծագման օրինականությունը։ Եթե դատավորի կամ դատախազի գույքը կրկնակի անգամ գերազանցում էր նրա օրինական եկամուտները, ապա նա պաշտոնանկ էր լինում։
Կասկածելի կապերի ստուգման նպատակը դատավորի կամ դատախազի հնարավոր կոռուպցիոն կապերի և առնչությունների, կազմակերպված հանցավորության մեջ ներգրավման բացահայտումն է։ Այս դեպքում ևս գործում էր մեղավորության կանխավարկածը, և հիմնավոր կասկածի դեպքում ստուգվող անձն անձամբ պետք է փարատեր այն, հակառակ պարագայում կենթարկվեր պաշտոնազրկման։
Գիտելիքների և հմտությունների վերագնահատումն ուղղված էր դատավորների և դատախազների կրթական ցենզի, իրենց պաշտոնի համար անհրաժեշտ գիտելիքների պաշարի և հմտությունների, էթիկական և անձնական բավարար որակների առկայության ստուգմանը՝ ներառյալ պաշտոնի նշանակման օրենսդրական պահանջների պահպանման ստուգումը։
Վեթինգի մասին օրենքով դատավորների և դատախազների բարեվարքության ստուգման համար նախատեսված էր երկաստիճան համակարգ՝ կազմված հանձնաժողովից և գանգատարկման պալատից, որոնց անդամների թեկնածուներին առաջադրվում էին կրթական, մասնագիտական փորձի, անվտանգության մարմինների հետ համագործակցած չլինելու և այլ պահանջներ։
Նշյալ մարմինների անդամության թեկնածուների բարեվարքությունը ստուգվում էր խորհրդարանական խմբակցություններից կազմված հատուկ խորհրդարանական հանձնաժողովի կողմից, որից հետո թեկնածուի ընտրությունը կատարվում էր մեկ այլ հատուկ խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ Վերջինիս հավանությանն արժանացած թեկնածուների տվյալները ներկայացվում էին Ալբանիայի նախագահին, ով դրանք ուղարկում էր Մոնիթորինգի միջազգային մարմնին՝ կարծիքի համար։ Ստանալով թեկնածուների մասին նշյալ միջազգային մարմնի հիմնավորված կարծիքը՝ Նախագահն այն պետք է ուղարկեր Ալբանիայի խորհրդարան, որը կայացնում էր վերջնական որոշումը։
Ալբանիայի վեթինգի համակարգը համարվում է հաջողվածներից մեկը։ Դրա պատճառներից է, թերևս, Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի մեծ աջակցությունն ու հետևողական վերահսկողությունը դատավորների և դատախազների բարեվարքության ստուգման ողջ գործընթացի նկատմամբ։
Ակնհայտ է, որ Եվրոպական Միությանն անդամակցության հեռանկարը լիովին նոր իրավիճակ էր ստեղծել Ալբանիայում և բարձրացրել էր վեթինգի ու հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ Ալբանիայի հանրության և միջազգային գործընկերների ակնկալիքների նշաձողը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վեթինգն Ալբանիայում չէր ընդգրկում իրավապահ ողջ համակարգն ու լուծում էր խիստ կոնկրետ խնդիրներ՝ անբարեխիղճ կադրերից «մաքրել» արդար դատաքննության իրավունքի ապահովումն իրականացնող երկու առանցքային ինստիտուտները՝ դատական իշխանությունն ու դատախազությունը։
Վեթինգի օբյեկտների սահմանափակ շրջանակը մի կողմից կարող է իրականացվող բարեփոխման անլիարժեքության տպավորություն ստեղծել, սակայն մյուս կողմից արդյունքները կարող են ավելի տպավորիչ լինել, քանի որ պետությունը, իրապաշտորեն գնահատելով սեփական ռեսուրսները և հանրային շահագրգիռ շերտերի հակազդեցության հավանականությունը, նախընտրել է ամբողջապես բարեփոխել որոշակի թիրախային ոլորտներ, քան հռչակել ողջ իրավապահ կամ պետական համակարգի վերակազմավորումը, սակայն փաստացի ի վիճակի չլինել դա անել՝ հանգեցնելով հանրային հիասթափության ինչպես բարեփոխումների օրակարգի, այնպես էլ քաղաքական իշխանության նկատմամբ։
ՎԵԹԻՆԳԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Անցումային արդարադատությունը և դրա առանցքային բաղադրիչներից վեթինգն արևմտյան իրավաքաղաքական մտքի արգասիք են, և պատահական չէ, որ եվրոպական գետնի վրա վեթինգի լեգիտիմությունն ու նշանակությունը հիմնավորապես հաստատված են մարդու իրավունքներով զբաղվող եվրոպական կառույցների փաստաթղթերում։ Ընդ որում, վեթինգի անհրաժեշտության գիտակցումն ուժգնացավ ԽՍՀՄ-ի փլուզումից և Վարշավյան պակտի երկրներում կոմունիստական իշխանության տապալումից հետո, երբ Արևելյան Եվրոպայի երկրները և հետխորհրդային պետություններից շատերը կանգնեցին ռեժիմափոխության և ժողովրդավարական կարգերի հաստատման մարտահրավերի առջև։
Նորելուկ ժողովրդավարությունները զգում էին արևմտաեվրոպական «չափահաս» ժողովրդավարությունների (mature democracies) աջակցությունն ամբողջատիրական ինստիտուտներից ու պրակտիկայից ազատվելու և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու գործում։ Այդ աջակցությունը դրսևորվեց ինչպես ֆինանսական, ինստիտուցիոնալ և փորձագիտական առումներով, այնպես էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ նաև ԵԽԽՎ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) և Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով) (այսուհետ՝ նաև Վենետիկի հանձնաժողով) ընդունած ակտերով։ Վերջիններս լիովին իրավաչափ համարեցին բռնապետությունից դեպի ժողովրդավարություն անցման շրջանում վեթինգի կիրառումը, որը, լինելով արտակարգ կառուցակարգ, արդարացված է ժողովրդավարության կայուն հիմքեր ստեղծելու և սահմանադրական նոր կարգն ամրապնդելու համար։
Այսպես՝ ԵԽԽՎ-ը 1996թ․ 1096 բանաձևով արձանագրել է, որ վեթինգի օրենքները կարող են համահունչ լինել իրավունքի գերակայության ներքո գործող ժողովրդավարական պետության հետ, եթե բավարարվում են մի շարք չափանիշներ։ Մասնավորապես, անձի մեղքը պետք է լինի անհատական, և չկիրառվի կոլեկտիվ մեղքի կոնցեպտը, յուրաքանչյուր անձի մեղքն իրեն մեղսագրվող արարքում պետք է ապացուցվի, անձը պետք է օժտված լինի պաշտպանության, անմեղության կանխավարկածի և իր նկատմամբ կայացված որոշումը դատական կարգով բողոքարկելու իրավունքներով և երաշխիքներով, վեթինգը չպետք է կիրառվի վրեժխնդրության նպատակով, ինչպես նաև վեթինգն ու դրա արդյունքները չպետք է քաղաքանապես և սոցիալապես չարաշահվեն։
Ըստ ԵԽԽՎ-ի նշյալ բանաձևի՝ վեթինգի նպատակը պետք է լինի ոչ թե պատժելը, այլ նորաստեղծ ժողովրդավարության պաշտպանությունը։
Վենտիկի հանձնաժողովը 2012թ․ «Amicus Curiae Brief on the Law on Determining a Criterion for Limiting the Exercise of Public Office, Access to Documents and Publishing, the Co-Operation with the Bodies of the State Security» թիվ 694/2012 խորհրդատվական կարծիքում նշել է, որ վեթինգը թույլատրելի է պատմական և քաղաքական առանձնահատուկ պայմաններում, այն է՝ մասնավորապես բռնապետությունից ժողովրդավարություն անցման շրջանում։
Իր հերթին, ՄԻԵԴ-ը բավականաչափ մանրամասնորեն անդրադարձել է վեթինգի ինստիտուտին և դրա կիրառման իրավաչափության հիմքերին։
Մասնավորապես, ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ վեթինգը պետական համակարգում արդարացված է, քանի որ հավատարմությունը պետությանն ընդհանուր շահի պահպանության և պաշտպանության հանձնառություն ունեցող պետական իշխանությունում աշխատելու անմիջական պայմաններից է (Sidabras and Dziautas v Lithuania, Judgment 24.07.2014):
Soro v Estonia գործով 03.09.2015թ․ կայացված վճռում ՄԻԵԴ-ը որոշակի պայման է դրել, թե երբ է հիմնավորված համատարած վեթինգի կիրառումը, իսկ երբ՝ ոչ։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ համատարած վեթինգը կարող է հիմնավորված լինել բացառիկ դեպքերում, օրինակ, անկախության ձեռքբերումից կարճ ժամանակ անց։ Երբ ժողովրդավարական ինստիտուտները կայանում են, վեթինգը պետք է լինի հնարավորինս անհատական և ունենա կիրառման նեղ շրջանակ։
Վերոնշյալ նույն գործում, ինչպես նաև Zdanovka v. Latvia գործով 16․03․2006թ․ կայացված վճռում, վեթինգի կառուցակարգերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հաջորդ հետաքրքիր դիտարկումը վերաբերում է բարեվարքության ստուգումը չանցած պետական պաշտոնատար անձանց՝ հանրային ծառայությունում հետագա ներգրավման արգելքի շրջանակին։ ՄԻԵԴ-ը գտնում է, որ այդ արգելքը պետք է կիրառվի հանրային ծառայության ոչ ընտրովի պաշտոնների մասով, քանի որ այս դեպքում քաղաքական լոյալությունը վերաբերելի է հանրային ծառայության ոչ ընտրովի պաշտոններին, սակայն չի առնչվում, օրինակ, խորհրդարանի պատգամավորի պաշտոնին։ Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ն այս կանոնը կիրառելի է համարում այն դեպքում, երբ ժողովրդավարական տրանզիտից անցել է երկար ժամանակ (ավելի քան 15 տարի) և հատկապես այն պարագայում, երբ ժողովրդավարական քաղաքական ռեժիմի օրոք անձը 10 և ավելի տարիներ գտնվում է հանրային ծառայության մեջ։
ՄԻԵԴ-ը համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ, որ վեթինգը չպետք է ունենա պատժի նպատակ։
Zdanovka v. Latvia գործով նշյալ վճռում ՄԻԵԴ-ը վեթինգի նպատակը սահմանել է որպես կանխարգելիչ։ Ըստ Ստրասբուրգի դատարանի՝ վեթինգը կոչված է պաշտպանել ժողովրդավարական գործընթացի անձեռնմխելիությունը՝ պետական համակարգից դուրս թողնելով այն անհատներին, ովքեր ունեցել են ակտիվ և ղեկավար դեր այն կուսակցությունում, որն ուղղակիորեն կապված է նորահայտ ժողովրդավարական ռեժիմի բռնի տապալման փորձի հետ։
Վերջապես Եվրոպական դատարանը կատարել է վեթինգի համակարգային կարևորությունը ցեմենտող կարևորագույն արձանագրում։ Նշյալ վճռում ՄԻԵԴ-ը ճանաչել է «ժողովրդավարությունը պետք է կարողանա պաշտպանել իրեն» կամ այլ կերպ ասած՝ «կենսունակ ժողովրդավարության» (militant democracy) հայեցակարգի լեգիտիմությունը և սահմանել է, որ ժողովրդավարական համակարգի կայունության և արդյունավետության երաշխավորման նպատակով պետությունը կարող է անհրաժեշտ համարել պաշտպանել իրեն առանձնահատուկ միջոցներով։ Այս համատեքստում հանրային ծառայողների քաղաքական լոյալությունը ժողովրդավարական ռեժիմին ճանաչվել է որպես իրավաչափ նպատակ վեթինգի իրականացման համար։
Կենսունակ ժողովրդավարության հայեցակարգը, երկար տարիներ տարածված լինելով ակադեմիական շրջանակներում, ՄԻԵԴ-ի կողմից ստացել է նորմատիվ բնույթ։ Վերջինս ելնում է այն կանխավարկածից, որ մարդու իրավունքներն ու ազատությունները բացարձակ չեն և ենթակա են սահմանափակման այն դեպքերում, երբ վտանգում են լիբերալ-ժողովրդավարական հասարակարգն ու վերջինիս արժեքային համակարգը: Ըստ էության, ընդունվում է այն ելակետը, որ գաղափարախոսական բազմակարծությունը լեգիտիմ է և պետության կողմից ենթակա է պաշտպանության, եթե չի հակասում ժողովրդավարական սահմանադրական կարգի հիմունքներին:
Կենսունակ ժողովրդավարության հայեցակարգը, ի լրումն վեթինգի իրավաչափության նշյալ մյուս հիմնավորումների, իրավական այս կառուցակարգը դարձնում է միջազգայնորեն լեգիտիմ գործիք ավտորիտար ինստիտուտների և պրակտիկայի կազմաքանդման, ժողովրդավարական քաղաքական մշակույթի սերմանման և որպես արդյունք՝ ժողովրդավարության անշրջելիության իրավաքաղաքական միջավայրի ձևավորման համար։
Այսպիսով, վեթինգի կառուցակարգի լեգիտիմությունը հաստատվում է ոչ միայն ամենատարբեր պետությունների սահմանադրական համակարգերում դրա լայն կիրառությամբ, այլև միջազգային իրավունքի գետնի վրա իրավական այս գործիքի ճանաչմամբ՝ իբրև ամուր և կենսունակ ժողովրդավարության իրավական, քաղաքական և սոցիալ-մշակութային հիմքերի գցման կարևոր մեխանիզմ։
ՎԵԹԻՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վեթինգի մասին խոսակցությունները սկիզբ առան Թավշյա հեղափոխությունից հետո՝ գերազանցապես փորձագիտական մակարդակում և միայն ուշացումով դարձան բարեփոխումների իշխանական օրակարգի մաս։
Հատկանշական է, սակայն, որ 2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրում վեթինգը որևէ կերպ հիշատակցված չէր։ Ծրագրի՝ արդարադատությանը նվիրված 4․1 կետում մատնանշված չէր որևէ արմատական բարեփոխում, և շեշտը դրված էր առավելապես արդարադատության համակարգի կատարելագործման կառուցակարգային և տեխնիկական միջոցների վրա՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Թավշյա հեղափոխությունից հետո տեղի է ունեցել քաղաքական ռեժիմի տրանզիտ, որը ենթադրում է նախկին ավտորիտար պետական ինստիտուտների ժողովրդավարական փոխակերպում համապատասխան արմատական գործիքակազմով։
Վեթինգի գաղափարը քաղաքական իշխանության համար դարձավ արդիական, երբ դատարանները մի շարք վիճահարույց դատական ակտեր կայացրեցին նախկին իշխող վարչակարգի առանցքային դեմքերի մասնակցությամբ քրեական գործերով։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը 2019թ․ փետրվարի 25-ին դատաիրավական համակարգի բարեփոխման հարցով կայացած խորհրդակցության ժամանակ հանդես եկավ ծավալուն ելույթով, որում նախանշեց դատական իշխանության բարեփոխման հիմնական ուղղությունները՝ ներառյալ վեթինգը։ Վարչապետը, ի մասնավորի, ասաց հետևյալը․ « ․․․ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Եվ դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում:(…)
Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ:(…)
… Դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը: (…)
…Հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, Թավշյա հեղափոխության արժեքների վրա՝ համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է Նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա, այդ թվում քաղաքական կամ իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով ժողովրդի վստահությանն արժանանալու միջոցով:
Նաև հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։
Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև, ինչպես ասացի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է:
Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։ (…)
… Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների:
Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։» (…) ։
Վարչապետի նշյալ ելույթն ուներ ծրագրային բնույթ և փաստացի լավ իմաստով շեղվում էր Կառավարության գործունեության ծրագրից, որում արդարադատության ոլորտի բարեփոխման հարցում ցուցաբերվել էր անհարկի զգուշավորություն և հանրային սպասելիքները չարտացոլող էվոլուցիոն մոտեցում։
Ըստ էության, գործադիր իշխանության ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանը գտնվում է ժողովրդավարական անցման փուլում, և անհրաժեշտ է հստակորեն տարանջատվել անցյալի ինստիտուցիոնալ բեռից։ Որպես այս թեզի լրացուցիչ հիմնավորում՝ ուշագրավ է վարչապետի հղումն անցումային արդարադատության ինստիտուտին, որի շրջանակում կիրառվելիք միջոցներից մեկը հենց վեթինգն է։ Մանրամասնելով վեթինգի հասկացությունը՝ Վարչապետը ներկայացրել է վերջինիս անհրաժեշտ բաղադրատարրերը՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների ստուգում՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատական ակտերի ուսումնասիրություն և դրանց հեղինակ դատավորների հրաժարական կամ պաշտոնանկություն։
Միևնույն ժամանակ Վարչապետը վեթինգի անհրաժեշտությունն արձանագրեց միայն դատական համակարգում, մինչդեռ որևէ խոսք չհնչեց առնվազն իրավապահ համակարգում նմանատիպ գործընթաց սկսելու մասին։
Վարչապետի նշյալ ելույթին հաջորդեցին վեթինգի հարցով քաղաքական իշխանության խորհրդատվությունները քաղաքացիական հասարակության և միջազգային փորձագետների հետ։ Արդյունքում, սակայն, վեթինգի հայեցակարգը՝ որպես ավարտուն գաղափար, չնյութականացավ որևէ քաղաքական կամ իրավական փաստաթղթում՝ ռազմավարությունում կամ օրենքում։
Փոխարենն օրենսդիր և գործադիր իշխանության կողմից մինչ օրս իրացվել են վեթինգի առանձին տարրեր, որոնք, սակայն, չեն կարող համարվել հարցի լուծում։ Այդ քայլերը, որպես նպատակային թիրախներ, տեղ են գտել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությունում, իսկ որոշներն արդեն իսկ ստացել են օրենսդրական ամրագրում։
Ստորև կներկայացվեն արդեն իսկ կատարված բարեփոխումները։
1․ Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի համապատասխանեցում 2015թ․ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությանը
Չնայած իշխող մեծամասնությունը վերջին շրջանում դիստանցավորվել է վեթինգի գաղափարից, այդուհանդերձ, ձեռնարկել է որոշ քայլեր, որոնք ուղղված են պետական համակարգի զտման գործընթացին։ Դրանցից առաջինը ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքի և կազմի համապատասխանեցումն է փոփոխված Սահմանադրությանը։
Ինչպես վերը նշվեց, վեթինգի դրսևորումներից է պետական մարմնի ձևավորման օրինականության ստուգումը և, ըստ այդմ, այդ մարմնի համարժեք վերակազմավորումը։
2015թ․ սահմանադրական բարեփոխումներով արմատապես փոխվել են Սահմանադրական դատարանի կազմավորման կարգը և դատավորների պաշտոնավարման ժամկետները։ Այսպես, ի տարբերություն 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության, երբ Սահմանադրական դատարանի 9 անդամից 5-ին նշանակում էր Ազգային ժողովը, իսկ 4-ին՝ Նախագահը, այսուհետ սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի 9 անդամից 3-ական անդամի թեկնածու առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովը և Դատավորների ընդհանուր ժողովը, իսկ ընտրությունն ու նշանակումը կատարում է Ազգային ժողովը։ Նույն անձը կարող է Սահմանադրական դատարանի դատավոր լինել միայն մեկ անգամ։ Բացի այդ Սահմանադրական դատարանի դատավորները ցկյանս պաշտոնավարելու փոխարեն պաշտոնավարելու են 12 տարի, իսկ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվելու է Սահմանադրական դատավորների կազմից՝ 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի՝ ի հակառակ 2005թ․ սահմանադրական փոփոխությունների, երբ Սահմանադրական դատարանի նախագահը ցկյանս նշանակվում էր Ազգային ժողովի կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Նախագահի կողմից։
Փաստորեն, Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման ամբողջ փիլիսոփայությունն ու ինստիտուցիոնալ հավասարակշռությունը 2015թ․ փոփոխված Սահմանադրությամբ փոխվեց, սակայն միևնույն ժամանակ անցումային դրույթներով (Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մաս) նախատեսվեց, որ Սահմանադրական դատարանի ձևավորման նոր ընթացակարգը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-2-րդ մասեր) չի տարածվելու նախկին կարգով նշանակված դատավորների վրա։ Այսինքն ձևավորվել էր ներսահմանադրական հակասություն, երբ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է լիարժեք գործեր շուրջ երկու տասնամյակ անց, երբ անգամ կասկածելի է՝ կգործեր 2015թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, թե ոչ։ Այսինքն Սահմանադրությունում առկա նորմատիվ խոտանի հետևանքով Սահմանադրության մի ամբողջ ինստիտուտ հնարավոր է՝ երբևէ լիարժեքորեն չկիրարկվեր։
Բացի այդ անհավասար իրավիճակ էր ստեղծվել Սահմանադրական դատարանի ներսում, երբ կար 2 դատավոր, ովքեր նշանակվել էին նոր կարգով՝ 12 տարի ժամկետով, մինչդեռ մնացյալ 7 դատավորը պաշտոնավարում էին մինչև 65 տարին լրանալը։ Դրան զուգահեռ՝ Սահմանադրական դատարանի մնացյալ դատավորները զրկվում էին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությունից, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահը, նշանակված լինելով նախքան սահմանադրական փոփոխությունների ընդունումը, պաշտոնավարելու էր ցկյանս, այլ ոչ թե 6 տարի ժամկետով։
Ըստ էության, նախորդ քաղաքական ռեժիմի օրոք կատարված սահմանադրական փոփոխություններով նպատակ էր հետապնդվում մի կողմից բարեփոխել Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը, իսկ մյուս կողմից դրա կիրառումը հնարավորինս հետաձգել՝ խուսափելու համար կենտրոնաձիգ պետական ապարատի ապակենտրոնացման և ավտորիտար եզրութաբանությամբ՝ «թուլացման» վտանգից։
Փաստն այն է, սակայն, որ անցումային դրույթներով նախատեսված նորմը դելեգիտիմացնում էր ինչպես Սահմանադրական դատարանի նոր մոդելը, այնպես էլ իրավաչափության խնդիր էր ստեղծում Սահմանադրական դատարանի գործող կազմի համար։
Նշյալ խնդիրը սկզբնապես փորձ արվեց լուծել Սահմանադրական դատարանի՝ հին կարգով ընտրված 7 դատավորին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու օրենսդրական փաթեթի ընդունմամբ (2019թ․)՝ կիրառելով մասնավորապես Վրաստանի և վեթինգի փորձ ունեցող որոշ այլ երկրների պրակտիկան։ Սակայն, քանի որ վաղաժամկետ կենսաթոշակի նշանակումն ուներ կամավոր բնույթ, նշյալ 7 դատավորից ոչ մեկը չհամաձայնեց դրան։ Դրան հաջորդեց սահմանադրական փոփոխությունների միջոցով դատավորներին պաշտոնանկ անելու գործընթացը։
Առաջարկվեց Սահմանադրական դատարանի՝ հին կարգով ընտրված 7 դատավորին ազատել աշխատանքից՝ փոփոխություն կատարելով Սահմանադրության մեջ։ Ազգային ժողովի կողմից 2020թ․ փետրվարի 6-ին ընդունվեց համապատասխան որոշում՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվեն չեղարկվեց, և որոշվեց խնդրին տալ ավելի սահմանափակ լուծում՝ Ազգային ժողովի կողմից լրացում կատարել Սահմանադրության անցումային դրույթներում (213-րդ հոդված) և դադարեցնել Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, ովքեր նախորդիվ պաշտոնավարել են փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված ժամկետի՝ 12 տարվա կամ ավելի չափով, ինչպես նաև դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները՝ վերջինիս ընտրությունը ևս համապատասխանեցնելով սահմանադրական նոր կարգավորումներին։ Սահմանադրական դատարանի մյուս դատավորները, ովքեր պաշտոնավարել էին 12 տարվանից նվազ ժամկետով, իրենց լիազորություններն իրականացնելու էին մինչև նշյալ ժամկետի լրանալը։
Ըստ այդմ, դադարեցվեց Սահմանադրական դատարանի 3 դատավորի և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։
Սահմանադրական դատարանի նոր դատավորների թեկնածուներն առաջադրվեցին նոր կարգով, և այդպիսով Սահմանադրական դատարանի կազմում ձևավորվեց որոշակի հավասարակշռություն այն իմաստով, որ 9 դատավորից 5-ը և Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել էին նոր ընթացակարգով, իսկ մնացյալ դատավորների լիազորությունների ժամկետը համապատասխանեցվել էր սահմանադրական նոր պահանջներին։
Նշյալ փոփոխությունը որոշ չափով փակեց Սահմանադրական դատարանի լեգիտիմության թեման, քանի որ չեզոքացրեց վերջինիս կազմավորման իրավաչափությունը կասկածի տակ դնող սահմանադրական հակասությունը։
Անշուշտ, Սահմանադրական դատարանի լեգտիմությունը լիարժեք կլիներ, եթե վերջինիս կազմի փոփոխության հիմքում դրվեր զանգվածային ընտրական հանցագործություններով ուղեկցված համապետական ընտրություններն անվավեր չճանաչելը և այդպիսով պետական իշխանության յուրացմանն օժանդակելը։ Սակայն նման համալիր մոտեցման կիրառման համար հարկավոր էր Ազգային ժողովի մակարդակով նախորդ քաղաքական ռեժիմին տալ համապարփակ իրավաքաղաքական գնահատական, որը կընդգրկեր նաև սահմանադրական արդարադատության խոտանված լինելու հանգամանքը։ Հասկանալի է, որ նման համապարփակ լուծման չգնալու պարագայում իշխող վարչակազմը ստիպված էր բավարարվել հատվածական լուծումներով։
2․ Պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգումը
Ազգային ժողովի կողմից հետհեղափոխական շրջանում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հանրային ծառայության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին» օրենքներում, «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, ինչպես նաև հարակից այլ օրենքներում, որոնցով ընդլայնվել են ինչպես հայտարարատու պաշտոնատար անձանց, այնպես էլ նրանց մերձավորների շրջանակը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի ուսումնասիրման ընթացքում գույքի ծագումը ստուգելու նպատակով առկա լիազորությունները՝ ներառյալ այլ պետությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից հայտարարատուի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող տվյալներ ստանալը: Հայտարարագրված գույքի (եկամուտների) և ծախսերի իրավաչափ հարաբերակցության, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ նշելու, տվյալներ թաքցնելու կամ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կասկածի առաջացման պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նյութերն ուղարկվում են Գլխավոր դատախազություն՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով գործ հարուցելու հարցը քննարկելու համար։
Համապատասխան պաշտոնատար անձի կողմից հայտարարագրման կարգի խախտման պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նրա նկատմամբ հարուցվում է վարչական իրավախախտման վարույթ, և կարող է նշանակվել վարչական տույժ, իսկ դատավորների պարագայում հարուցվում է կարգապահական վարույթ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորները կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև պաշտոնից ազատման տեսքով։ Սահմանադրական դատարանի դատավորի պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նյութերն ուղարկում է Ազգային ժողովի խմբակցություններին՝ խնդրելով դիմել Սահմանադրական դատարան համապատասխան դատավորի լիազորությունների դադարեցման հարցով, եթե առկա է հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանի դատավորը թույլ է տվել էական կարգապահական խախտում։ Տվյալ պարագայում էական կարգապահական խախտում է համարվում հայտարարագրման կարգի բազմակի, դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ խախտումը։
Սահմանադրական դատարանը, քննելով Ազգային ժողովի դիմումը, կարող է որոշում կայացնել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
Պետական պաշտոնատար այլ անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը լուծվում են պետական այն մարմինների կողմից, որտեղ նրանք աշխատում են՝ հիմք ընդունելով նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրություններն ու վերլուծությունները:
Հատկանշական է, որ պաշտոնաթողությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքային դրության էական փոփոխության պարագայում Հանձնաժողովը նրանից կարող է կրկին պահանջել ներկայացնել հայտարարագիր՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով՝ այդ թվում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու ձևով, եթե առկա է կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու հիմնավոր կասկած։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշակի լիազորություններ ունի նաև անձանց պաշտոնի նշանակելիս նրանց բարեվարքության ստուգման հարցում՝ ներկայացնելով խորհրդատվական եզրակացություններ թեկնածուների և նրանց հարազատների գույքային դրության, քրեական ենթամշակույթին հարելու, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Արժե առանձին կանգ առնել նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված այն լրացումներին, որոնք վերաբերում են կուսակցություններին և նրանց ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց գույքային դրության, ֆինանսավորման աղբյուրների և ֆինանսավորման օրենսդրական չափերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը, որը դրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա: Այդ նպատակով վերջինս ստուգում է կուսակցությունների հաշվետվությունները և կուսակցության ղեկավար պաշտոնատար անձանց հայտարարագրերը և դրանցում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն, իսկ վարչական զանցանքի առերևույթ հատկանիշների առկայության դեպքում ինքն է հարուցում և իրականացնում վարչական վարույթ՝ մեղավոր անձանց ենթարկելով վարչական տույժերի: Քննարկվող փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2022թ. հունվարի 1-ից:
Հարկ է հավելել նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է հետադարձ կարգով ուսումնասիրել պաշտոնատար անձանց այն հայտարարագրերը, որոնք ներկայացվել են՝ սկսած 2017թ. հուլիսի 1-ից:
Այս համատեքստում կարևոր է նաև 2020թ. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, որի համաձայն՝ քրեական վարույթին զուգահեռ կամ անգամ քրեական գործի բացակայության պայմաններում ՀՀ դատախազության մոտ անձին պատկանող գույքի ծագման հիմքերի օրինականության վերաբերյալ բավարար կասկածի առկայության դեպքում ՀՀ դատախազությունը կարող է քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ այդ գույքը հօգուտ պետության բռնագանձելու պահանջով:
Կառուցակարգային իմաստով նշյալ օրենքի կարգավորումները փոխկապված են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի կարգավորումների հետ, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է նախաձեռնվել հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա:
Ներկայումս Ազգային ժողովում է գտնվում օրինագծերի փաթեթ, որի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե և հակակոռուպցիոն դատարան, որոնք պետք է քննեն բացառապես կոռուպցիոն հանցագործությունները, իսկ հակակոռուպցիոն դատարանը՝ նաև առերևույթ ապօրինի գույքի բռնագանձման քաղաքացիական գործերը:
Կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում պետական պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգման ընթացակարգերը որոշարկվել են, իսկ պետական վերահսկողությունը նրանց ակտիվների օրինականության նկատմամբ՝ խստացվել։
ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վեթինգի կառուցակարգերի ներդրման գործընթացը, ինչպես երևում է նաև վերոնշյալ համառոտ տեղեկույթից, աչքի է ընկնում կիսատությամբ և համակարգային ապակենտրոնացվածությամբ։ Դա մեծապես վնասում է զտման մեխանիզմի արդյունավետությանը։ Ստորև կներկայացվեն կատարված բարեփոխումների մի շարք թերություններ և խոցելի կողմեր։
Հստակորեն կարելի է պնդել, որ նախորդ հակաժողովրդավարական քաղաքական ռեժիմին խորհրդարանի մակարդակում գնահատական չտալու հետևանքով դժվար է որոշարկել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի գնալ ռեժիմափոխությամբ պայմանավորված արտակարգ միջոցառումների։ Փոխարենը, նախորդ ռեժիմի բնույթի բացահայտումն ու անգամ օրենքի մակարդակով վերջինիս դատապարտումը, ինչպես որ արվել է Մերձբալթյան երկրներում, Չեխիայում, Վրաստանում և այլուր, սահմանադրաիրավական հիմքեր կստեղծեր կենսունակ ժողովրդավարական համակարգի արմատավորման՝ ներառյալ ինստիտուցիոնալ վեթինգի լիարժեք կիրարկման համար։
Միով բանիվ, անգամ վերոնշյալ իրավաքաղաքական գնահատականի բացակայության պայմաններում գործող իշխանությունը լիարժեքորեն չի օգտվել առկա իրավական հնարավորություններից և կատարել է քայլեր, որոնք ավելի շատ միտված են նախորդ կոռումպացված քաղաքական և բյուրոկրատական էլիտայի համակարգային ինտեգրմանն ու համակեցությանը, քան զտմանը։
Այսպես, ընդլայնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները՝ համանուն օրենքով թույլատրվում է հետադարձ կարգով ուսումնասիրել պետական պաշտոնատար անձանց այն հայտարարագրերը, որոնք ներկայացվել են 2017թ․ հուլիսի 1-ի կամ ավելի ուշ ժամկետի դրությամբ։ Այս իրավակարգավորումը կարող է հնարավորություն տալ կոռուպցիոն գործարքներում ներգրավված պաշտոնատար անձանց հաջողությամբ թաքցնել ապօրինի ձեռքբերված գույքը կամ զանազան սխեմաների օգնությամբ լեգալացնել այն, ինչպես նաև սահմանափակում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավորությունը համալիր կերպով ուսումնասիրել պաշտոնատար անձանց գույքի շարժն ու գործարքները։ Արդյունքում 2017թ․ հուլիսի 1-ից սկսած հայտարարագրերի ուսումնասիրությունը կարող է առանձնակի արդյունք չտալ՝ հաշվի առնելով նաև, որ 2018թ․ մայիսից իշխանության է եկել ժողովրդավարական վարչակազմ, և համատարած նկատվել են կոռուպցիայի նվազման միտումներ։
Գործող իրավանորմերով պաշտոնի նշանակվող անձինք ավելի խորը և բազմաբաղադրիչ ստուգման են ենթարկվում, քան գործող պաշտոնյաները, որոնց մեծ մասը նախահեղափոխական ժամանակաշրջանի կադրեր են։ Այսպիսի իրավական լուծումը չի բխում վեթինգի գաղափարից, քանի որ ոչ այնքան ուղղված է պետաիշխանական համակարգը կոռումպացված, ոչ բարեխիղճ և մասնագիտական ցածր կարողություններ ունեցող անձանցից զտելուն, որքան համակարգ համեմատաբար բարեխիղճ և կարողունակ կադրեր ընդունելով՝ ներհամակարգային հավասարակշռության ձևավորմանն ու համակարգի արդյունավետության ինչ-որ չափով բարձրացմանը։ Այս միտումը ցցուն երևակվում է հետևյալ օրինակով․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստուգվում են դատավորի և մի շարք այլ պաշտոնների հավակնորդների՝ քրեական ենթամշակույթի հետ հնարավոր առնչությունները, սակայն նման ստուգում չի անցկացվում գործող պաշտոնատար անձանց դեպքում։
Հատկանշական է նաև, որ հայտարարագրման ինստիտուտը կենտրոնացած է գերազանցապես պաշտոնյաների գույքային դրության վրա՝ անտեսելով դատավորների և մյուս պաշտոնատար անձանց քաղաքական և քրեական կապերը, նշանակման կամ ընտրության ընթացակարգերը, մասնագիտական կարողությունները։ Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ գույքային դրությամբ աչքի չընկնող պաշտոնատար անձը կարող է իր քաղաքական կամ քրեական աֆիլացվածության բերմամբ՝ խախտել մասնագիտական բարեխղճությունն ու անգամ ներգրավված լինել կոռուպցիոն սխեմաներում։ Այս և այլ ասպեկտները հաշվի չառնելը պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգումը դարձնում է թերի և այն չի ծառայեցնում բարեխիղճ ու արհեստավարժ պետական պաշտոնյաներ ունենալու նպատակին։
Նշված պնդումը հաստատվում է նաև սույն թվականի հունվարին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված լրացմամբ և փոփոխությամբ՝ ըստ որոնց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրելու է պաշտոնի հավակնորդների և նրանց ընտանիքի անդամների հնարավոր կապերը քրեական ենթամշակույթի հետ։ Պետք է նշել, որ այս փոփոխությունն անհրաժեշտ, սակայն թերի և ոչ բավարար է, քանի որ չի տարածվում գործող պաշտոնատար անձանց վրա և առնչվում է ոչ իրավաչափ կապերի միայն մեկ տեսակի՝ չընդգրկելով քրեական և քաղաքական կարևոր առնչություններ։
Գործող օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համապատասխան իրավական կառուցակարգերը գործի են դրվում, երբ առկա է տեղեկատվություն առերևույթ հանցագործության կամ բարեվարքության խախտման մասին, մինչդեռ վեթինգը ենթադրում է նախորդ ռեժիմի առնվազն բարձրաստիճան պաշտոնատար անձանց թիրախային և լայնածավալ ստուգում։ Այսինքն, պետության կողմից նախաձեռնողական և ակտիվ գործողություններ են իրականացվում նախորդ ռեժիմի օրոք պաշտոնավարած կամ պաշտոնավարող որոշակի կատեգորիայի անձանց գույքային դրության, կապերի և այլ վերաբերելի հանգամանքների պարզման վերաբերյալ՝ առանց որևէ հատուկ առիթի։
Նույն կերպ կուսակցությունների և դրանց ղեկավարների ֆինանսական միջոցների ստուգումը չի տարածվում նախորդիվ եկամուտների և ծախսերի վրա, այլ գործելու է միայն 2022թ․ հունվարի 1-ից սկսած՝ նրանց ֆինանսական հաշվետվությունների և հայտարարագրերի նկատմամբ։ Սրա հետևանքը կլինի քաղաքական դաշտում հավասար պայմանների շարունակվող բացակայությունը, երբ նախկինում ոչ թափանցիկ ֆինանսական գործառնություններով հսկայական նյութական միջոցների կուտակման շնորհիվ գերիշխող դիրք ունեցող կուսակցությունները մեկնարկային լավագույն պայմաններն են ունենալու՝ այժմ էլ ընդդիմության կարգավիճակով քաղաքական պայքար մղելու և իշխանափոխության հասնելու համար։
Այս կերպ Թավշյա հեղափոխության երկարաժամկետ քաղաքական կապիտալիզացիայի հնարավորությունը կդառնա մշուշոտ, քանզի նոր ժողովրդավարական կուսակցությունների համար խիստ դժվար կլինի ձեռք բերել սոցիալական կայուն կապիտալ և հանրային աջակցություն՝ հաշվի առնելով նաև մեդիադաշտում օլիգարխիկ կապիտալի վրա հիմնված կուսակցությունների ուժեղ դիրքերը։ Իսկ ամուր ժողովրդավարություն կարող է գոյություն ունենալ գաղափարախոսական բազմակարծության և բոլոր կուսակցությունների համար իրավամբ հավասար մեկնարկային պայմանների ստեղծմամբ, ինչի շնորհիվ ժողովրդավարական երկարաժամկետ փոփոխությունների ջատագով քաղաքական ուժերը կձևավորեն սահուն ընտրական ռոտացիայի համար անհրաժեշտ ժողովրդավական կոնսենսուս և ժողովրդավարական համակարգի կենսունակության կայուն միջավայր։
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև իրավաբանական հանրույթի որոշ ներկայացուցիչների կողմից հնչեցվող այն կարծիքին, որ վեթինգի բոլոր կառուցակարգերի ներմուծումը, այդ թվում դատավորների բարեվարքության համատարած և լայնածավալ ստուգումը՝ նրանց հաջորդիվ պաշտոնանկությամբ, հակասում է գործող Սահմանադրությանը։
Գործող Սահմանադրությունը չի պարունակում որևէ նորմ, որը թույլ կտար հանգել նման եզրակացության։ Ըստ այդմ, լիովին սահմանադրական է, առանց գործող պաշտոնատար անձանց պաշտոնավարումը դադարեցնելու նրանց բարեվարքության համալիր ստուգումը, երբ անձը պաշտոնավարելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրա՝ իր պաշտոնին անհամապատասխանության մասին որոշումը չի մտել ուժի մեջ։
Ընդ որում, այստեղ պետք է նկատի առնել, որ սահմանադրական որոշակի ընդգծված երաշխիքներից են օգտվում դատավորները, իսկ իրավապահ մարմինների կարգավիճակը կախված է օրենսդրական կարգավորումներից։ Ուստի իրավապահ մարմինների վեթինգի պարագայում a priori սահմանադրականության խնդիր չի կարող ծագել, եթե պահպանվեն և պաշտպանվեն վեթինգի ենթարկվող պաշտոնատար անձի՝ սահմանադրորեն ճանաչված ընթացակարգային երաշխիքները։
Սրանից բխում է նաև, որ եթե դատավորների պարագայում նրանց պաշտոնավարումը դադարեցնելու և նոր ընդունելություն կազմակերպելու մասով առերևույթ կխախտվի դատավորների անփոփոխելիության սահմանադրական սկզբունքը, ապա իրավապահ մարմինների պարագայում զուտ Սահմանադրության տեսանկյունից անգամ նման կտրուկ միջոցի դիմելն անիրավաչափ չի կարող համարվել։
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև վեթինգի ընթացքում անմեղության կանխավարկածի ինստիտուտի կիրառելիությանը, որը ևս սահմանադրական տարընկալումների տեղիք է տալիս։ Վեթինգի ընթացքում, հաշվի առնելով գործընթացի առանձնահատուկ կարևորությունն ու պետաիշխանական համակարգի առողջացման հանրային շահը, անմեղության կանխավարկածի սկզբունքը կարող է սահմանափակ կիրառում ստանալ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է, օրինակ, պաշտոնատար անձին իրավաբանորեն կամ փաստացի պատկանող գույքի ձեռքբերման իրավաչափությանը կամ քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ կապերին և այլն, երբ իրավասու մարմնի կողմից ստացված տեղեկատվությունը հերքելու համար պաշտոնատար անձի փաստարկների և փաստական հանգամանքների ապացուցողական շեմը կարող է լինել ողջամիտ կասկածից անդին (beyond reasonable doubt), այդ թվում լինել ավելի բարձր, քան գործում է իրավասու մարմնի համար, ով ներկայացրել է անձի համար ոչ բարենպաստ տեղեկատվությունը։ Այդպիսի կարգավորումների համար ևս ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ չի ստեղծում, քանի որ Սահմանադրության 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածը, ըստ այդ նույն հոդվածի, գործում է հանցագործության համար մեղադրվող անձի համար։ Վեթինգն իր էությամբ չունի պատժիչ բնույթ, իսկ վեթինգի գործընթացն ու դրա շրջանակում կիրառվող սանկցիաները տեղավորվում են կարգապահական վարույթի և կարգապահական-իրավական պատասխանատվության տիրույթում և քրեական վարույթի հետ կապ չունեն։
Հարկ է նշել նաև, որ անմեղության կանխավարկածի հստակ սահմանափակումներ հայրենական իրավական համակարգում արդեն իսկ գործում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, որի 22-րդ հոդվածի մասի համաձայն՝
1․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:
2. Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։
Քանի որ նշյալ օրենքը հանդիսանում է վեթինգի ընթացակարգի հետ շաղկապված նորմատիվ իրավական ակտ և անգամ անկախ այդ հանգամանքից՝ ըստ էության, սեփականության հետ կապված հասարակական հարաբերություն է կարգավորում՝ հիմք ընդունելով մեղավորության կանխավարկածը, կարող ենք պնդել, որ այս հիմքով վեթինգի հակասահմանադրականության մասին պնդումներ և փաստարկներ բերող անձինք նաև պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչով է տարբերվում վեթինգի ընթացքում անմեղության կանխավարկածի սկզբունքի սահմանափակ կիրառելիությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում կիրառվող համանման կառուցակարգից։
Վերոնշյալ լույսի ներքո վերահաստատում ենք մեր կարծիքն առ այն, որ վեթինգի ամբողջական կիրառմանը ներկայումս ոչ մի բան չի խանգարում, և անգամ հարկավոր չէ Սահմանադրության փոփոխություն։
Բացի այդ գործող բարեվարքության ստուգման ընթացակարգերը համակարգված չեն, առկա են փոխլրացման և ներդաշնակ կիրառման խնդիրներ, որոնք հետևանք են նրա, որ չի ընդունվել վեթինգի վերաբերյալ միասնական օրենք, և չկա ընթացակարգերի կիրառման նկատմամբ ընդհանուր վերահսկողություն իրականացնող մարմին։ Արդյունքում անգամ սահմանափակ տեսքով գործի դրված բարեվարքության ստուգման մեխանիզմներն աչքի չեն ընկնում բավարար արդյունավետությամբ։
Գործող իրավակարգավորումների էական թերություն կարելի է համարել նաև այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները, հանցագործության մասին հաղորդումները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնող, դրանք քննարկող և որոշում կայացնող պետական պաշտոնատար անձինք նախապես բարեվարքության թիրախային և լայնածավալ ստուգման չեն ենթարկվել։ Ըստ այդմ, առկա չեն բավարար երաշխիքներ, որ, օրինակ, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Սահմանադրական դատարանի դատավորները, համապատասխան դատախազները և այլք իրապես տիրապետում են մասնագիտական բարեխղճության և արհեստավարժության՝ բարեվարքության գործերով օրինական և հիմնավորված որոշումներ կայացնելու համար։
Որպես բացասական երևույթ՝ հարկ է մատնանշել նաև այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները պաշտոնի հավակնորդների վերաբերյալ ունեն խորհրդատվական բնույթ։ Ստացվում է, որ օրինակ, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գալիս է այն եզրահանգման, որ պաշտոնի հավակնորդը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն կապեր քրեական հեղինակությունների հետ կամ ունեն օրինական եկամուտներով չհիմնավորված գույք, նրանք, միևնույն է, կարող են նշանակվել կամ ընտրվել համապատասխան պաշտոնի։ Նման իրավակարգավորումը բացասաբար է ազդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նշյալ լիազորության իրացման արդյունավետության վրա և, կարելի է ասել՝ արժեզրկում է այն։
Պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգման պատշաճ ընթացակարգ գործող օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչը ստվերում է այս մարմնի գործունեության օբյեկտիվությունն ու հանրային լեգիտիմությունը։
Հաշվի առնելով նաև, որ խորհրդատվական եզրակացությունները գաղտնի են, հնարավոր չէ անգամ պարզել, թե քանի անգամ է նշանակող կամ ընտրող պետական մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակել կամ ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած անձի։
Նշված և որոշ այլ խնդրահարույց կարգավորումներ ստեղծում են վտանգ, որ նախորդ ռեժիմի պետական պաշտոնեության զտման գործընթացը «միս ու արյուն» չի ստանա, ինչը մեծապես անարդյունավետ կդարձնի կատարված և կատարվելիք բարեփոխումները, քանի որ առանց բարեխիղճ և որակյալ կադրերի էական տեսակարար կշռի հնարավոր չէ հաջողել պետականաշինության գործում։
ՎԵԹԻՆԳԻ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՔԱՅԼԵՐԸ
Նախորդիվ ներկայացվածի խորապատկերին ակնհայտ է դառնում, որ վեթինգի մեկուսի կառուցակարգերի ներդրումը, առանց համակարգային փոխկապվածության, պատշաճորեն չի ծառայում պետաիշխանական համակարգի և, նախևառաջ, դատաիրավական համակարգի առողջացմանը: Վեթինգն ինստիտուցիոնալացված գործընթաց է, որի յուրաքանչյուր փուլ և տարր սերտորեն կապված է մյուսների հետ: Այն կարող է իր նպատակին ծառայել, եթե կիրառվում է որպես համակարգային ամբողջություն, մինչդեռ վեթինգի միայն որոշակի տարրերի ներդրումը չի կարող ունենալ ցանկալի վերջնարդյունք և կհանգեցնի լոկ կոսմետիկ փոփոխությունների՝ անփոփոխ թողնելով պետական համակարգի նախորդ ռեժիմին բնորոշ էությունը:
Ավելին, իշխանության եկած ժողովրդավարական ուժերի և նախորդ քաղաքական ռեժիմի ինստիտուցիոնալ տրամաբանությամբ ձևավորված բյուրոկրատիայի և դատաիրավական համակարգի միջև համակեցությունը կոնֆլիկտագեն է և միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի կառավարման ճգնաժամի, որի հանգուցալուծումը կարող է լինել ժողովրդավարական համակարգի տապալումը կամ անգամ պետական ինստիտուտների փլուզումը: Նման տխուր հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում գործարկել վեթինգի լիարժեք համակարգ, որը կընդգրկի առնվազն դատական իշխանությունը, իսկ ցանկալի է, որ վերաբերի նաև իրավապահ մարմիններին: Այս նպատակն իրականացնելու համար, ի թիվս այլոց, առաջարկվում է կատարել հետևյալ քայլերը՝
1. Ազգային ժողովի կողմից հայտարարության կամ օրենքի տեսքով իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ քաղաքական ռեժիմին՝ հստակ մատնանշելով դրա հիմնադրման ժամկետը, բովանդակությունը, համակարգային հատկանիշները, մարդու այն իրավունքները, որոնք զանգվածաբար խախտվել են նախորդ ռեժիմի օրոք, խախտման առանցքային դեպքերը և այլն,
2. Ազգային ժողովի կողմից վեթինգի կամ զտման մասին օրենքի ընդունում, որով վեթինգի ամբողջ գործընթացը կկանոնակարգվի մեկ նորմատիվ իրավական ակտով, կսահմանվեն վեթինգի չափորոշիչները, այն պաշտոնատար անձինք, որոնք կենթարկվեն բարեվարքության ստուգման, այն մարմինը կամ մարմինների համակարգը, որին կվերապահվի վեթինգի իրականացումը, վեթինգի ընթացակարգը՝ ներառյալ բողոքարկման հնարավորությունը, վեթինգի քաղաքականության իրականացման համար պատասխանատու մարմինը և այլ վերաբերելի կարգավորումներ,
3. վեթինգի օրինագծի մշակմանը փորձագիտական հանրության, պրոֆիլային հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների ներգրավում՝ ապահովելու համար օրինագծի պատշաճ որակը և ժողովրդավարական ու իրավական պետությանը հարիր երաշխիքները,
4. վեթինգի ենթարկել նախևառաջ դատավորներին և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց՝ հաշվի առնելով նաև քրեական դատավարության ոլորտում այս մարմինների համատեղ ներգրավվածությունն ու փոխառնչությունները: Միայն դատական վեթինգը չի կարող ապահովել նախորդ քաղաքական ռեժիմի ոչ ժողովրդավարական պրակտիկայի հաղթահարումը և որպես հետևանք մարդու իրավունքների պաշտպանությունն ու հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, եթե նախնական քննության մարմիններում ևս տեղի չի ունեցել բարեվարքության ստուգում,
5. վեթինգի ընթացակարգի համար վերացնել վաղեմության բոլոր ժամկետները՝ ներառյալ ստուգման ենթակա հասանելի փաստաթղթերի ստեղծման վաղեմության ժամկետները,
6. վեթինգի կառուցակարգերը փոխկապակցել ապօրինի գույքի բռնագանձման գործող մեխանիզմների հետ՝ ապահովելով միասնական պետական քաղաքականություն՝ ոչ բարեխիղճ և օրինախախտ պաշտոնատար անձանցից պետաիշխանական համակարգի զտման և նրանց կողմից ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքի ազգայնացման ուղղությամբ,
7. վեթինգ իրականացնող մարմիններից մեկը կազմավորել գործող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հենքի վրա՝ ընդլայնելով վերջինիս կազմը և դրանում ներառելով մարդու իրավունքների պաշտպանությամբ և հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գիտական-փորձագիտական համայնքի և միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին,
8. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացություններին և որոշումներին օժտել հավաստիության կանխավարկածով, այսինքն պաշտոնատար անձի հակափաստարկների և Հանձնաժողովի իրավական դիրքորոշումը հերքող ապացույցների համար սահմանել ողջամիտ կասկածից անդին (beyond reasonable doubt) ապացուցման բարձր շեմ,
9. բոլոր դատավորների վեթինգի գործերով վերջնական որոշում կայացնող մարմին սահմանել Բարձրագույն դատական խորհրդին, որի համար պաշտոնատար անձի բարեվարքության վերաբերյալ առաջնային հիմքը պետք է լինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, եթե վեթինգի ենթարկվող պաշտոնատար անձի կողմից չեն ներկայացվել իր բարեվարքությունը հիմնավորող ողջամիտ կասկածից անդին հավաստիություն ունեցող ապացույցներ,
10. իրավապահ մարմինների վեթինգի ընթացակարգ ներդնելու պարագայում վերջինիս իրականացումը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին,
11. վեթինգի չափանիշների շարքում ընդգրկել անձի գույքային դրությունից բացի նաև քաղաքական և հանցավոր կապերի, կոռուպցիոն սխեմաներում ներգրավման հնարավորության ստուգումը, մասնագիտական ձեռնհասության (պաշտոնի նշանակման չափանիշների և ընթացակարգերի պահպանվածության) ստուգումը, իսկ դատավորների դեպքում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից համապատասխան դատավորների դատական ակտերում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի խախտումների հայտնաբերումը, որը կարող է անգամ առանձնացվել որպես դատավորների պաշտոնանկության ինքնուրույն հիմք,
12. ստուգման միևնույն չափանիշները սահմանել թե՛ գործող պաշտոնյաների, թե՛ պաշտոնի հավակնորդների համար՝ ապահովելու համար բարեփոխումների անշրջելիությունը և նոր որակի պետական համակարգի շարունակական զարգացումը,
13. ապահովել վեթինգ իրականացնող բոլոր մարմինների անդամների թեկնածուների բարեվարքության համալիր ստուգումն այն նույն չափանիշներով, որոնք կկիրառվեն վեթինգի ընթացքում՝ այդ ստուգման իրականացումը վերապահելով Ազգային ժողովի կողմից ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին, որը պետք է նախագահի Ազգային ժողովի խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը,
14. վեթինգի ուղղությամբ պետական քաղաքականության իրականացման համակարգման համար ստեղծել 3-րդ Փոխվարչապետի հաստիքը, ով ոչ միայն կզբաղվի նշյալ հիմնարար հարցերի համակարգմամբ, այլև կհանդիսանա Վարչապետին հուսալի և իրապես անաչառ տեղեկատվության փոխանցման կարևոր աղբյուր՝ նպաստելով Վարչապետի կողմից հնարավորին տեղեկացված և հիմնավորված որոշումների կայացմանը: Փոխվարչապետի պաշտոնում նշանակել իրավապաշտպան, փաստաբանական կամ հանրային իրավունքի ոլորտում իրավաբանական գործունեության առնվազն 10 տարվա փորձ ունեցող և հանրային հեղինակություն ունեցող անձի, ով նախքան պաշտոնի նշանակվելը պետք է ենթարկվի բարեվարքության ստուգման: Վեթինգի գործընթացն ավարտվելուց հետո վերանայել Փոխվարչապետի գործառույթները կամ նրա հաստիքը կրճատել, որպեսզի բացառվի գործադիր իշխանության հնարավոր ինստիտուցիոնալ վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ:
15. սահմանել վեթինգի գործընթացի ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև ապահովել պաշտոնից ազատված անձանց փոխարեն նոր կադրերի օպերատիվ ներգրավումը՝ պետական համակարգը կոլապսային վիճակներից զերծ պահելու համար: Այդ նպատակով պետք է վերանայել թե՛ դատավորի և թե՛ այլ պետական պաշտոնների թեկնածուների ուսումնառության գործընթացի թե՛ տևողությունը և թե՛ բովանդակությունը, ինչպես նաև պաշտոնի նշանակման չափանիշները, որպեսզի վեթինգին զուգահեռ ձևավորվի համապատասխան կադրային բանկ՝ թափուր հաստիքները լրացնելու համար,
16. սահմանել պաշտոնից ազատված անձանց պետական կամ համայնքային ծառայությունում, ինչպես նաև պետական և համայնքային կազմակերպություններում աշխատանքի անցնելու արգելք՝ կախված նախկինում կատարված իրավավախտումների բնույթից: Ըստ այդմ, արգելքը կարող է լինել ցմահ կամ որոշակի ժամկետով (Արգելքի ժամկետների տարբերակման հիմքերը և կոնկրետ ժամկետները պետք է նշված լինեն օրենքում։),
17. պետաիշխանական համակարգի անշրջելի որակական թռիչքն ապահովելու համար կատարել սահմանադրական փոփոխություններ և ստեղծել կառուցակարգեր Սփյուռքի հայության մասնագիտական ներուժը պետական համակարգում օգտագործելու համար:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ներկայացված ուսումնասիրությունը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Հայաստանում ինստիտուցիոնալ վեթինգը շարունակվում է պահանջված մնալ, և դրա հապաղումն էական բացասական ազդեցություն կունենա կոռուպցիայից զերծ ժողովրդավարական պետաիշխանական համակարգ ունենալու՝ Հայաստանի հեռանկարների վրա: Ավելին, պետական համակարգում գտնվող և նախորդ քաղաքական ռեժիմի հետ աֆիլացված սեգմենտների և ժողովրդավարական քաղաքական վարչակազմի միջև անխուսափելի հակասությունները միջնաժամկետ կտրվածքով անխուսափելիորեն կթուլացնեն պետական ինստիտուտները, կնվազեցնեն նրանց հանրային լեգիտիմությունը և որպես արդյունք կարող են դառնալ պետական ինստիտուտների համակարգային փլուզման պատճառ: Իսկ առաջացած հասարակական-քաղաքական վակուումը կարող են լրացնել ինչպես քաղաքական իշխանությունից հեռացված օլիգարխիան, այնպես էլ զինված ուժերը և ժողովրդավարական քաղաքական ռեժիմին հակոտնյա այլ ուժեր:
Գործող քաղաքական իշխանությունն առայժմ ապավինում է ժողովրդի հետ ուղղակի կապին՝ դա համարելով իր լեգիտիմության և կենսունակության պահպանման հիմնական գրավականը: Մարտավարական տեսանկյունից անմիջական ժողովրդաիշխանության գործիքներն օգտագործելը, անշուշտ, արդյունավետ է, սակայն ռազմավարական իմաստով դա կարող է հանգեցնել պետության դիսֆունկցիայի, քանի որ պետության կենսունակությունը ժողովրդի իշխանության և պետական ինստիտուտների միջև ողջամիտ հավասարակշռությունն է և գործառույթների հստակ տարանջատումը: Ժողովուրդը չի կարող լուծել ընթացիկ քաղաքական և կառավարման բոլոր խնդիրները, դա հակասում է սահմանադրական ժողովրդավարության և հանրապետության գաղափարներին:
Ժողովուրդը ձևավորում է պետական ինստիտուտներ, որոնք պարտավոր են գործել իր անունից և ի շահ իրեն: Եվ որպեսզի պետական ինստիտուտներն իրենց գործառույթներն իրականացնեն արդյունավետորեն և հանրօգուտ կերպով, պետք է կադրային այնպիսի վերատեսության ենթարկվեն, որպեսզի բացառվեն կամ նվազագույնի հասցվեն կոռուպցիան և ոչ ժողովրդավարական միտումներն ու գործընթացները:
Հատկապես քաղաքական ռեժիմի տրանզիտի փուլում գտնվող Հայաստանում դատական, իրավապահ և այլ ինստիտուտներ ունեն ոչ միայն ընթացիկ արդյունավետության բարձրացման, այլև անցյալի ավտորիտար ինստիտուցիոնալ հիշողությունը հաղթահարելու և հակաժողովրդավարական սեգմենտից ձերբազատվելու խնդիր: Ուստի վեթինգի գործընթաց չիրականացնելը հավասարազոր կլինի Թավշյա հեղափոխությունը կիսատ թողնելուն:
Հուսանք, որ գործող իշխանությունը կդրսևորի անհրաժեշտ քաղաքական կամք և ձեռնամուխ կլինի պետական համակարգի իրական առողջացման գերկարևոր գործին:
Արտաշես ԽԱԼԱԹՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)